facebook twitter links
April 22 2018 | 8:46am AET

Վերջին դէպքերը մարտահրաւէրներ են, որոնց պէտք է առիթի վերածել - Ռոհանի

Source: Asbarez | Wednesday, 03 January 2018
Email  |  Print 

0103rohani1

ԹԵՀՐԱՆ, <<Ալիք>> - Իրանի նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ընդգծել է, որ վերջին օերերի ընթացքում տեղի ունեցած դէպքերը մարտահրաւէրներ են, որոնց անհրաժեշտ է առիթի վերածել: Ինչպէս տեղեկացնում է իրանական <<ԻՌՆԱ>> լրատուական գործակալութիւնը, այս մասին Ռոհանին յայտարարել է Երկուշաբթի, Յունուարի 1ին, Իսլամական խորհրդարանի մասնագիտական յանձնաժողովների նախագահների հետ հանդիպման ընթացքում:

Նշելով, որ սոցիալ-տնտեսական պահանջներից բացի՝ ժողովուրդը պահանջում է նաեւ աւելի ազատականացնել երկրի մթնոլորտը՝ Հանրապետութեան նախագահը նշել է. <<Բողոքի արարքների բոլոր մասնակիցները չէ՛, որ ուղղորդւում են արտասահմանից: Նրանց մեծ մասն իրենց խնդիրների եւ դժուարութիւնների համար են փողոց դուրս եկել>>:

Անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին՝ դոկտ. Ռոհանին ասել է, որ աշխարհում քիչ են այն երկրները, որոնք կարող են մէկ տարում 700 հազար աշխատատեղ ստեղծել, նաեւ բանուորների, չինովնիկների ու թոշակառուների աշխատավարձն այնպէ՛ս սահմանել, որը գերազանցի տարուայ սղաճի միջին ցուցանիշը:

Այդուհանդերձ, նախագահը խոստովանել է նաեւ, որ կան որոշակի խնդիրներ, որոնց լուծումը վեր է կառավարութեան հնարաւորութիւններից եւ ժամանակ է պահանջում:

Խօսելով վերջին օրերի բողոքի զանգուածային արարքների մասին՝ Ռոհանին նշել է. <<Ժողովուրդը միայն տնտեսական խնդիրների պատճառով չէ, որ փողոց է դուրս եկել. նրանք միայն փող, հաց ու ջուր չէ՛, որ պահանջում են: Նրանց գլխաւոր պահանջներից մէկը մթնոլորտի աւելի ազատականացումն է>>: Նախագահը յաւելել է, որ ժողովուրդը պահանջում է առաւե՛լ թափանցիկութիւն եւ կաշառակերութեան վերացում։

Դոկտ. Ռոհանին ապա ասել է, որ կառավարութիւնը կը կրկնապատկի իր ջանքերը՝ երկրում տնտեսական խնդիրների, գործազրկութեան, օդի աղտոտման եւ գնաճի հարցերի լուծման համար:

 






More Headlines