Չմիջամտե՛լ Իրանի ներքին գործերին - Ալի Շախանին զգուշացրել է Սաուդական Արաբիային

By Asbarez | Wednesday, 03 January 2018

0103alishakhani

ԹԵՀՐԱՆ, <<Ալիք>> -  Լիբանանական <<Մայատին>> հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցի ընթացքում, Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Իրանում տեղի ունեցող իրադարձութիւններին՝ փորձելով ներկայացնել կազմակերպուած զանգուածային բողոքների արարքների հետ կապուած իր վերլուծութիւնը:

Նշելով, որ մտահոգութեան որեւէ առիթ չկայ, եւ յառաջիկայ օրերի ընթացքում ամէն ինչ կը կարգաւորուի ու կը վերադառնայ բնականոն ընթացքի՝ Ալի Շամխանին միաժամանակ Սաուդական Արաբիային մեղադրել է համացանցում Իրանի եւ Իրանի ժողովրդի դէմ միջնորդաւորուած պատերազմ հրահրելու մէջ: Նա պաշտօնական Ռիադին զգուշացրել է. <<Չմիջամտե՛լ Իրանի ներքին գործերին>>:

<<Իրանի իրավիճակի հետ կապուած <<հեշթեկ>>ները հիմնականում ստեղծուել են ԱՄՆում, Անգլիայում եւ Սաուդական Արաբիայում>>, նշել է Շախմանին՝ յաւելելով, որ դրանց 27 տոկոսը պատկանում են սաուդացիներին, որոնք ստեղծուել են այդ երկրի իշխանութեան կողմից, իսկ դրանց գործարկողներն Արեւմուտքից ու Իսրայէլից են:

<<Սաուդացիները ստեղծել են մի կառոյց ու դրա ղեկավարման եւ գործարկման համար ներգրաւել են արտասահմանցի մասնագէտների, քանի որ իրենք չունեն նման կարողութիւն>>, ասել է Շամխանին՝ պաշտօնական Ռիադին զգուշացնելով, որ պատասխան հարուածը կը ստանայ այնտեղի՛ց, որտեղից չէին էլ կարող պատկերացնել: Նա նշել է նաեւ, որ Սաուդական Արաբիան Իրանի ներքին գործերին միջամտելու միջոցով չի՛ կարող ծածկել Եմէնում իր ձախողումը:

Շամխանին ասել է, որ վերջին օրերի զանգուածային բողոքի արարքների հիմնական պատճառը երկրի տնտեսական վիճակից դժգոհութիւնն է. <<Դրանք հիմնականում պատերազմի, պատժամիջոցների եւ մեր վարչարարական որոշակի բացթողումների արդիւնքն են: Մենք տիրապետում ենք իրավիճակին եւ գիտէինք, որ դրանք կարող են ժողովրդի մօտ որոշակի դժգոհութիւններ առաջացնել>>, նշել է նա՝ յաւելելով, որ դժգոհութիւնների պատճառներից մէկն էլ իրանական լրատուական միջոցների՝ իրավիճակին ո՛չ համաչափ գործունէութիւնն է:

 



comments