Հայաստանը Տեղափոխուել Է Միջինից Բարձր Եկամուտներ Ունեցող Երկրների Խումբ

By Asbarez | Sunday, 08 July 2018

0707grossincome

ՆԱՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ

Համաշխարհային բանկը բարելաւել է Հայաստանի դասակարգման խումբը՝ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների խմբից տեղափոխելով միջինից բարձր եկամտային խումբ, որտեղ Հայաստանից բացի եւս 5 տասնեակ երկրներ են, այդ թւում՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, ինչպէս նաեւ Չինաստանը, Բրազիլիան, Թուրքիան եւ Սերբիան:

<<Եթէ 2017ին՝ մէկ տարի առաջ, մեր մէկ շնչին ընկնող եկամուտը 1760 դոլար էր կազմում, ապա 2018ի Յուլիսի 1ին՝ այսինքն ներկայիս իրավիճակով, այն հասել է 4000 դոլարի>>, <<Ազատութեան>> հետ զրոյցում մանրամասնեց Համաշխարհային բանկի երեւանեան գրասենեակի արտաքին կապերի աւագ պատասխանատու Վիգէն Սարգսեանը:

Նրա խօսքով՝ Համաշխարհային բանկի այս դասակարգման հիմքում մէկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամուտն է (GNI), ընդ որում դասակարգման 4 խմբերից 3րդում յայտնուած Հայաստանը 4000 դոլարի ցուցանիշով այս խմբի եկամտային նուազագոյն շեմում է. որեւէ երկիր միջինից բարձր եկամտային խմբում է, երբ մէկ շնչին բաժին է ընկնում 3896ից 12,055 դոլար:

<<Որքան էլ որ ուրախալի է, որ նախորդ Յուլիսի համեմատ մէկ շնչին ընկնող եկամուտը 240 դոլարով աւելացել է, բայց դեռեւս հեռու ենք ցանկալի գումարային արտայայտութիւնից, որը հասնում 12,000 դոլարի>>, արձանագրեց Վիգէն Սարգսեանը:

Հայաստանի դասակարգման խումբը բարելաւուել է, որովհետեւ նախորդ տարուայ տնտեսական աճի շնորհիւ աւելացել է Հայաստանի համախառն ազգային եկամուտը, բացի այդ չի աճել բնակչութիւնը, հետեւաբար մէկ շնչի հաշուով նկատուել է բարելաւում, մեկնաբանում են մասնագէտները:

Միեւնոյն ժամանակ, տնտեսագէտ Արտակ Մանուկեանը նկատում է, որ Հայաստանի միջին քաղաքացու բարեկեցութեան մասին վկայող մէկ այլ՝ գնողունակութեան ցուցանիշով Հայաստանը բարելաւում չի գրանցել:

<<Օրինակ՝ նոյն Վրաստանը այդ դասակարգման մէջ մէկ շնչի հաշուով համախառն ազգային եկամտով Հայաստանից յետ է, բայց եթէ մենք մէկ այլ ցուցանիշ ենք դնում, օրինակ՝ գնողունակութիւնը, տեսնում ենք, որ Վրաստանը մեզանից առաջ է եւ մենք յետ ենք նոյնիսկ այդ միջինից ցածր եկամուտ ունեցողներից>>, <<Ազատութեան>> հետ զրոյցում պարզաբանեց Մանուկեանը:

Տնտեսագէտը նաեւ ուշադրութիւն է հրաւիրում այն հանգամանքին, որ անցեալ տարի Կարէն Կարապետեանի կառավարութեան օրօք 7.5 տոկոս տնտեսական աճ գրանցած Հայաստանը եկամուտների առումով բեւեռացուած երկիր է, որտեղ մեծ է գործազուրկների, ինչպէս նաեւ աղքատների թիւը, հետեւաբար տնտեսական աճը հաւասարապէս չի անդրադարձել հասարակութեան բոլոր շերտերի կեանքի վրայ:

Այնուամենայնիւ, ըստ Մանուկեանի, ֆորմալ (պաշտօնական-Խմբ.) առումով Հայաստանի գրանցած տնտեսական աճը կամ Համաշխարհային բանկի դասակարգման աղիւսակում դիրքի բարելաւումը կարող է ունենալ դրական նշանակութիւն, օրինակ՝ Հայաստանը կարող է համարուել աւելի կանխատեսելի տնտեսութեամբ վարկունակ երկիր:

Բայց, ըստ տնտեսագէտի, աւելի վտանգաւոր է Հայաստանի գրանցած բարելաւման բացասական ազդեցութիւնը, օրինակ՝ չի բացառւում, որ միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր դառնալու պատճառով Հայաստանը կարող է զրկուել ԱՄՆ կառավարութեան <<Հազարամեակի մարտահրաւէրներ>> ծրագրին մասնակցելու եւ ֆինանսական աջակցութիւն ստանալու հնարաւորութիւնից:

Հայաստանում <<Հազարամեակի մարտահրաւէրներ>> կորպորացիայի (ընկերութեան-Խմբ.) ծրագիրը կասեցուել էր 2008ի նախագահական ընտրութիւններից եւ դրան յաջորդած Մարտի 1ի արիւնալի իրադարձութիւններից յետոյ, սակայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ՝ Մայիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփէօն Ամերիկայի Հայ Դատի յանձախմբին յղած նամակում խոստացել էր քննարկել <<Հազարամեակի մարտահրաւէրներ>> ծրագրով Հայաստանին ֆինանսական օժանդակութիւն տրամադրելու հնարաւորութիւնը:

<<Համաձայն <<Հազարամեակի մարտահրաւէրներ>>ի կանոնադրութեան կամ ցուցանիշների համախմբի, նրանք հիմնականում հետաքրքրուած են, որպէսզի ֆինանսական օժանդակութիւն ցուցաբերեն նուազ եկամուտներ ունեցող կամ միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրներին: Այսինքն, նրանց թիրախը այն երկրների խումբն է, որը Հայաստանը լքեց Յուլիսին եւ տեղափոխուեց այլ խումբ>>, մեկնաբանում է Արտակ Մանուկեանը:

 

comments