Ալիեւի իշխանութիւնը Հայաստանի Ձեռքում Է. Ինչ Է Վերցրել Հայկական Բանակը

By Asbarez | Thursday, 16 July 2020

ADRBEYJAN-0715

ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ

Տաւուշի սահմանագօտում տեղի ունեցողը գործնականում կարող է վճռել Ադրբեջանի իշխանութեան հարցը: Հայկական բանակի ստորաբաժանումները ադրբեջանական սադրանքին տուած պատասխան հարուածով վերցրել են ոչ միայն հայկական սահմանամերձ գիւղերի անվտանգութեան պարբերական սպառնալիքի աղբիւր եղած բարձրունքը: Հայկական ուժերը ազատագրել են բարձունքը, որը գործնականում ապահովում է հայկական գերակայութիւն Ադրբեջանի հիւսիսարեւմտեան տարածքի ահռելի հատուածի նկատմամբ, որտեղով անցնում են ճանապարհային եւ էներգետիկ (ոյժանիւթի- Խմբ.) կարեւոր ենթակառուցուածքներ:

Միաժամանակ, բարձունքն ու դրանից բխող գերակայութիւնը հայկական ուժերին ռազմավարական առաւելութիւն են տալիս հայ-ադրբեջանական սահման-ճակատի ամբողջ, այդ թւում՝ արցախեան ուղղութեան համատեքստում: Գործնականում, Արցախի հիւսիսային սահմանի յարաբերակցութեամբ ստեղծւում է Հայաստանի հիւսիսարեւելեան սահմանից թիկունքային ռազմավարական հարուածի խորութեան հնարաւորութիւն, որը կարող է հայկական ուժերին տալ Հայաստանի հիւսիսարեւելքից եւ Արցախի հիւսիսից ընդառաջ միանալու հնարաւորութիւն: Իսկ այդ ճանապարհին է ի դէպ նաեւ ադրբեջանական օկուպացիայի (գրաւման- Խմբ.) տակ գտնուող Գետաշենի եւ Շահումեանի շրջանը, կամ Զինաւոր դայու հայկական թագաւորութիւնը, ինչպէս կ’ասէր Վլադիմիր Յարութիւնեանը:

Այդպիսով, ադրբեջանական սադրանքին յաջորդած պատժիչ գործողութեամբ հայկական զինուժը իր ձեռքն է վերցրել Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ «պատերազմի իրաւունքի» վրայ կառուցուած իշխանութիւնը:

Բաքւում յաջորդած «բանակի աջակցութեան եւ հայրենասիրական կոչերի» վերաբերեալ բազմահազարանոց ցոյցը դրա պարզորոշ վկայութիւնն է: Դրանք Բաքուի իշխանութեան կազմակերպած լոկ խորհրդանշական ակտ (քայլ- Խմբ.) չեն, ընդ որում պարզ չէ, թէ իշխանութեան յատկապէս ո՞ր թեւի կազմակերպած:  Դրանք ինքնապաշտպանական քայլ են, ներքին ինքնապաշտպանական քայլ, որով Ալիեւը փորձել է կանխել իշխանութեան կորստի բերումով անբերանպաստ իրադարձութիւնների զարգացումը Բաքւում: Միաժամանակ, անգամ դա պահել հնարաւոր չի եղել եւ այդ «աջակցութեան» ակցիան (ցոյցը- Խմբ.) դուրս է եկել կառավարումից եւ Ադրբեջանի իշխանութիւնը ստիպուած է եղել ցրել իր իսկ կազմակերպած ակցիան: Կամ իշխանութեան մի թեւը ստիպուած է եղել ցրել միւսի կազմակերպած ակցիան:

 

Միաժամանակ, հանգամանքը, որ հայկական զինուժը դէ ֆակտոյ (իրողապէս- Խմբ.) իր ձեռքն է վերցրել Բաքուի իշխանութիւնը, խօսում է այն մասին, որ մինչ այդ հարցի հանգուցալուծումը Ադրբեջանը լինելու է բաւականին անկանխատեսելի, առաւել եւս այդ երկրի «պաշտպանական» վարքագծի արտաքին ներգործութեան տեսանկիւնից: Որովհետեւ Ադրբեջանի իշխանութեան հարցի անմիջական երեք չորս շահառուները դրան չեն վերաբերելու անտարբեր՝ Թուրքիայ, Ռուսաստան, Իրան, Իսրայէլ: Այստեղ Հայաստանն, ի դէպ, այդ հարցում ունի երկու բաւականին ակնառու գործընկեր եւ դաշնակից՝ Ռուսաստան եւ Իրան, որոնց հետ կարող է լինել արդիւնաւէտ աշխատանքի մեծ դաշտ: Երեւանը վերջին շրջանում սկսել էր սերտացնել աշխատանքը նաեւ Իսրայէլի հետ:

Այդ առումով ի դէպ յատկանշական է օրեր առաջ Հայաստանի փոխարտգործնախարարի եւ Շուեյցարիայի արտաքին գործերի դէպարտամենտի (բաժանմունքի- Խմբ.) ղեկավարի հեռախօսազրոյցը, հաշուի առնելով այն հանգամանքը, որ Շուեյրացիան տարբեր հարցերում Հայաստանի կարեւոր գործընկեր լինելուց բացի, նաեւ հայ-թուրքական յարաբերութեան բազմափորձ միջնորդ է: Արդեօ՞ք շօշափուել էր այդ թեման, փաստօրէն Տաւուշի իրադարձութիւնների զարգացումից մի քանի օր առաջ:

Բանն այն է, որ ինչքան էլ Անկարան ներկայումս կոշտ յայտարարութեամբ աջակցութիւն է յայտնում Ադրբեջանի իշխանութեանը, այդուհանդերձ, չի կարող հաշուի չնստել իրողութեան հետ, որ այդ իշխանութիւնն այժմ հայկական ձեռքում է: Իսկ վերցնել այն, Անկարայի համար մեղմ ասած միարժէք հարց չէ, հաշուի առնելով այն, որ այդ իշխանութեան հայկական ձեռքում լինելու հարցում էապէս շահագրգռուած են գործնականում բոլորը, այդ թւում գերակայ բեւեռները՝ ԱՄՆ ու Չինաստանը: Մի քանի օր առաջ դեսպանները Հայաստանի պաշտպանութեան նախարարի հիւրն էին:

 

«ԼՐԱԳԻՐ»

comments

Advertisement