Նախագահ Սերժ Սարգսեանի Ուղերձը Ցեղասպանութեան Զոհերի Յիշատակի Օրուայ Կապակցութեամբ

By Asbarez | Wednesday, 25 April 2012

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք, ինչպէս եւ շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի յիշատակի առջեւ: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետեւ անպատմելի բան է կատարուել: Եւ յուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետեւ ոչ մի բառ չի կարող արտայայտել այն, ինչ մենք զգում ենք:

Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Մեր պատմութեան հազարամեակների մատեանում ոսկեհատիկ ցորենի պէս հաւաքել ու ամբարել ես էջեր, առանց որոնց հնարաւոր չէ պատկերացնել այսօրուայ ու վաղուայ մեր կեանքը, մեր ազգային դիմագծի ամբողջականութիւնն ու առանձնայատկութիւնը: Ցաւօք, այդ էջերը միայն յաղթանակների ու վերելքների մասին չեն:

Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը՝ սեւահանդերձ Ապրիլի 24ը, ոչ միայն մեր համազգային սգի, այլեւ մեր ապրելու յամառութեան եւ բարոյական նկարագրի օրն է: Չլինէր մեր յիշողութեան յամառութիւնը, մենք ո՛չ Սարդարապատ կ՛ունենայինք 1918ին, ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստան ու Արցախ եւ մեր կողքին՝ Հայոց Սփիւռք:

Քոյրե՛ր ու եղբայրնե՛ր,

Այս օրը կ՛անցնի, եւ մենք կը շարունակենք ապրել առօրեայ մեր կեանքը, սակայն ակնթարթներ կան ժամանակի հոլովոյթում, երբ մենք առանձնայատուկ կերպով միասնական ենք, հաւաքական, անբաժանելի ու անբեկանելի: Այս օրը հէնց այդ ակնթարթներից է՝ ազգահաւաքի ու հայրենահաւաքի:

Երեք տարի յետոյ ոչ միայն Հայոց Մեծ Եղեռնի 100ամեակն է, այլեւ յիշողութեամբ ու կամքով ապրելու՝ «մի քանի հազար գումարած 100»ամեակը: Ինչ ստեղծել ենք, այսուհետեւ էլ տէր ենք, ինչ կորցրել ենք՝ չենք մոռացել եւ չենք մոռանայ, որովհետեւ դարձեալ դրա տէրն ենք: Մենք մանկուրտ չենք, մենք Հայոց Աշխարհն ենք:

Որպէս առհաւատչեայ մեր չմարող յիշողութեան եւ կենաց երդման՝ մենք քաղաքամայր Երեւանում ի յիշատակ բոլոր ժամանակների մեր նահատակների ու անմեղ զոհերի՝ Սուրբ Նահատակաց եկեղեցի կերտելու իղձն ունենք: Միասին ենք անելու՝ մեր հայեացքն ուղղած ապագային: Միայն ազգովին:

Միասին էլ ամրացնելու ենք մեր պետութիւնը՝ Հայոց հայրենիքը ու միասին էլ գալիք սերունդներին ենք փոխանցելու նոր յաղթանակների յիշողութիւնը: Իսկ միասին նշանակում է մեծով ու փոքրով, հողի մշակով ու մտաւորականով, սփիւռքահայով ու հայրենաբնակով եւ մանաւանդ այն պետութեամբ, որն այլեւս թոյլ չի տալու ցեղասպանական որեւէ արարք կամ գործողութիւն հայ մարդու դէմ: Որեւէ մարդու դէմ:

comments