Շուշիի Իսկական Եւ Կարծեցեալ Տէրերի Մասին

By Asbarez | Tuesday, 08 May 2012

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Մայիսի 9ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը լայնօրէն կը նշի Յաղթանակի, ԼՂՀ պաշտպանութեան բանակի օրը եւ Շուշիի ազատագրման 20րդ տարեդարձը: Այդ նպատակով, ինչպէս յայտնի է, ստեղծուած է տօնական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման կառավարական յանձնաժողով, որը հետեւողականօրէն իրականացնում է մշակուած ծրագիրը:

Հայկական հինաւուրց քաղաքի՝ Շուշիի ազատագրման օրն արդէն վաղուց եւ հաստատապէս մտել է ԼՂՀ յիշարժան տարեթուերի օրացոյցի մէջ եւ դարձել մեր ժողովրդի սիրած տօներից մէկը:

Եւ դա լիովին օրինաչափ է, քանզի Շուշիի երկար սպասուած ազատագրութիւնը, որը հանդիսացաւ ՊԲ հրամանատարութեան մարտական վարպետութեան եւ շարքային զինուորների հերոսութեան շնորհիւ յաջողութեամբ պսակուած փայլուն ռազմագործողութեան արդիւնքը, յատուկ տեղ է գրաւում հայոց զէնքի յաղթանակների շարքում: Պատահական չէ, որ մեր ժողովրդի մէջ յատուկ յարգանք ու պատիւ են վայելում Շուշիի ազատարարները, քանի որ այն յստակ ըմբռնումը կայ, որ առանց Շուշիի ռազմագործողութեան յաջողութեան, որը թոյլ տուեց բացել Արցախը Հայաստանի հետ կապող Կեանքի ճանապարհը, հնարաւոր չէր վանել ԼՂՀ բնակչութեան ցեղասպանութեան իրական սպառնալիքը: Մենք ըստ բարի աւանդոյթի՝ Մայիսի 9ին համայն ժողովրդով կը տօնենք մեզ համար թանկ այդ յաղթանակի օրը:

Պէտք է ասել՝ իր մայիսեան, բայց կատարելապէս այլ կարգի, աւանդոյթներն ունի նաեւ մեր թշնամին, որը մինչ օրս էլ չի հրաժարուել Արցախը ոչնչացնելու զառանցական գաղափարից: Ամէն տարի՝ ղարաբաղեան ուժերի կողմից Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի առնչութեամբ, Ադրբեջանում այդ քաղաքի «կորստի» առթիւ լացուկոծի ալիք է բարձրանում, որն, իր հերթին, կեղծիքի եւ ամենաբարձր մակարդակով տարուող հակահայկական քարոզչութեան պղտոր հեղեղ է ծնում: Բացառութիւն չդարձաւ նաեւ այս՝ յոբելեանական տարին:

Մէկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրութիւն է ստորագրել, իր բնորոշմամբ՝ «Շուշիի օկուպացման» 20րդ տարուայ կապակցութեամբ, որին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքում եւ նրա սահմաններից դուրս համապատասխան հոգեհանգստի արարողութիւններ են անցկացուելու: Տուեալ կարգադրութիւնն ամբողջութեամբ ներգծւում է Ադրբեջանի տեղեկատուական, աւելի ճիշդ՝ ապատեղեկատուական ռազմավարութեան մէջ, որը հանդիսանում է արդէն երկար տարիներ ի վեր հայ ժողովրդի դէմ տարուող քարոզչական պատերազմի բաղադրիչ մասը, ինչի ընթացքում ադրբեջանական իշխանութիւնները քամահրանքի են մատնում ինչպէս պատմական փաստերը, այնպէս էլ մարդկային բարոյականութեան նորմերը: Այդ, թոյլ տրուի ասել՝ փաստաթուղթը, որի ամէն մի բառը բացայայտ սուտ է, ուղղուած է այն բանին, որ ապացուցի Շուշի քաղաքն ադրբեջանցիներին պատկանելը, մի քաղաք, որը կառուցել է հայ ժողովուրդը եւ որն Արցախի քաղաքական, տնտեսական, մշակութային ու գիտակրթական կենտրոնն է հանդիսացել ընդհուպ մինչեւ 20րդ դարի սկիզբը: Այսպէս, կարգադրութեան մէջ նշւում է, որ «Շուշին Ադրբեջանի եզակի մշակութային կենտրոններից մէկն է», որ այդ քաղաքը, «հանդիսանալով Ղարաբաղի խանութեան կենտրոնը, իր դերն է խաղացել մեր ժողովրդի կեանքում»:

Այս ձեւակերպումների մէջ փաստերի բացայայտ խարդախում կայ: Ալիեւի կողմից Ղարաբաղի խանութեան յիշեցումն անտեղեակ լսարանի, ամէնից առաջ՝ սեփական ժողովրդի համար է նախատեսուած՝ նրա հայրենաբաղձական զգացմունքները տաք պահելու հաշուարկով: Հանրայայտ է, որ ղարաբաղեան խանութիւնը, որի մէջ պաշտօնապէս միաւորուած են եղել Արցախի բոլոր հինգ մելիքութիւնները, մտնում էր Պարսկաստանի կազմի մէջ եւ, ի հարկէ, հակառակ ադրբեջանական պետական քարոզչութեան պնդման, Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունէր այն պարզ պատճառով, որ այն ժամանակ Ադրբեջան պետութիւն պարզապէս գոյութիւն չի ունեցել: Յետագայում 1813 թուականին Ռուսաստանի եւ Պարսկաստանի մինջեւ կնքուած պայմանագրով Ղարաբաղի խանութիւնը մտել է Ռուսաստանեան կայսրութեան կազմը: Սոսկ բոլշեւիկեան կուսակցական ղեկավարութեան հանիրաւի որոշումից յետոյ է Լեռնային Ղարաբաղը 20ական թուականների սկզբին յայտնուել խորհրդային Ադրբեջանի կազմում, ինչն, ըստ էութեան, օրինականացրել է հինաւուրց հայկական տարածքների բռնակցումը: Ալիեւին, իհարկէ, ձեռնտու չէ իր կարգադրութեան մէջ այս փաստերը յիշատակելը, ինչպէս եւ այն, որ 1920 թուականի Մարտին Շուշիի հայ բնակչութիւնը կոտորածի եւ վտարման է ենթարկուել, իսկ 1988 թուականին քաղաքից դուրս են վտարուել վերջին հայ բնակիչները:

Կարծում ենք՝ Ի. Ալիեւը շատ լաւ գիտէ, որ, երբ 1921 թուականին բոլշեւիկները որոշում էին ընդունում Ղարաբաղում հայկական ինքնավարութիւն ստեղծելու մասին, դրան համապատասխան նախատեսւում էր ինքնավարութեան կենտրոն դարձնել հէնց Շուշին: Ամենատարրական տրամաբանութեամբ օժտուած ամէն ոք պէտք է հասկանայ, որ ոչ մի կերպ հայկական պետական կազմաւորման, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաք չի կարող «նշանակուել» ադրբեջանական քաղաքը: Եւ ընդհանրապէս էլ, ոչ մի քննադատութեան չի դիմանում պնդումը Շուշիի՝ որպէս «Ադրբեջանի եզակի մշակութային կենտրոնի» մասին: Դէ, այդ ի՞նչ ադրբեջանական մշակութային կենտրոն է, եթէ 20րդ դարի սկզբին այնտեղ լոյս էր տեսնում 19 հայկական եւ 2 ռուսական թերթ, բայց՝ ոչ մի ադրբեջանական հրատարակութիւն:

Վերը շարադրուածի հաշուառումով խորհուրդ կը տայինք ադրբեջանական նախագահին՝ քաղաքական արտայայտութիւնները գործածել պատշաճ պատասխանատուութեամբ, մի քիչ կանոնաւոր կերպով: Եթէ որեւէ մէկը օկուպացրել (բռնագրաւած-Խմբ.) է Շուշին, ապա՝ միայն ու միայն Ադրբեջանը, որն իր պատմութիւնը գրել է ուրիշ ժողովուրդների եւ, ամէնից առաջ, հայ ժողովրդի արիւնով, ում տարածքները զաւթել եւ զաւթել է ուզում նաեւ հիմա: Ինչ վերաբերում է «հայերի կողմից Շուշիի օկուպացման» մասին արտայայտութեանը, ապա հարկ է նրան յիշեցնել, որ քաղաքի իսկական տէրն է հանդիսանում այն կերտող հայ ժողովուրդը, իսկ, ինչպէս յայտնի է, հինաւուրց իրենը չեն օկուպացնում, այլ վերադարձնում են, ազատագրում են՝ սեփական արեան գնով, ինչպէս դա տեղի է ունեցել Շուշիի դէպքում: Իր ազատարարների արիութեան շնորհիւ Շուշին ազատուել է եօթանասունամեայ գերութիւնից՝ իրաւամբ դառնալով արցախցիների աներեր կամքի եւ արիութեան խորհրդանիշ, եւ վերստին ձեռք բերել իր իսկական տէրերին: Ի խրատ կարծեցեալների:

comments