Վարդան Օսկանեան Կը Պատասխանէ Զինք Վարկաբեկել Փորձող Զրոյցներուն

By Asbarez | Tuesday, 19 June 2012

ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ պատգամաւոր Վարդան Օսկանեանը Facebook-ի իր պաշտօնական էջին վրայ գրած է.

«Որոշ լրատուամիջոցներ արդէն սկսել են ինձ վարկաբեկելու գործը: Նրանցից մէկը, տեղադրելով Կալիֆոռնիայում իմ սեփականութիւնը հանդիսացող տան նկարը, գրել է, թէ ես այն գնել եմ 1996թ. (երբ արտաքին գործերի փոխնախարար էի), 350 հազ. դոլարով, եւ հարց է տուել, թէ ինչ փողերով է Օսկանեանը գնել այդ տունը:

«Նախ ասեմ, որ այդ տունը ես գնել եմ 1988թ., երբ դեռ գոյութիւն ունէր Խորհրդային Միութիւնը, եւ Հայաստանը դեռ անկախ պետութիւն չէր: Գնել եմ ոչ թէ 350 հազար դոլարով, այլ 500 հազարով: Իմ փոքր տղան՝ Արմանը, 1988թ. հէնց այդ տանն է ծնուել:

«Երկրորդ, ինձ չճանաչողների համար ասեմ, որ Օսկանեանների ընտանիքը Մարաշից սկսած երեք սերունդ զբաղուել է ոսկերչութեամբ եւ ադամանդագործութեամբ: Հիմնական գործունէութիւնը ծաւալուել է Հալէպում, որտեղից եւ յետագայում ճիւղաւորուել է Լիբանան, Բելգիա եւ Միացեալ Նահանգներ: Պէտք է ասեմ, որ բոլոր ժամանակներում էլ մեր ընտանիքը առաջատար է եղել այս ոլորտում: Իւրաքանչիւր բանական մարդու համար երեւի թէ հեշտ պիտի լինի եզրակացնել, որ 150 տարի ոսկերչութեամբ ու ադամանդագործութեամբ զբաղուող ու այդ ոլորտներում միշտ առաջատար դիրքերում եղող ընտանիքը պիտի որ այդ տարիների ընթացքում ինչ-որ բան կուտակած լինէր՝ յատկապէս հաշուի առնելով ոսկու այսօրուայ աննախադէպ բարձր գները:

«Բայց վերեւում ասուածը էականը չէր, իմիջիայլոց էր:

«Իսկ էականն այն է, որ 1991ից ես հէնց այսպիսի կեանք եմ թողել բարեկեցիկ Ամերիկայում ու ընտանիքով տեղափոխուել եմ Հայաստան, որովհետեւ հաւատացել եմ գաղափարի, ունեցել եմ նպատակ եւ երազ: Այսօր, հակառակ այս ամէնին, ինձ մօտ ոչ մի բան չի փոխուել: Ես շարունակում եմ հաւատալ, որ հնարաւոր է կառուցել մեր երազած երկիրը: Ու եթէ որեւէ բան այս ընթացքում փոխուել է, ապա միայն աւելի է ամրապնդել այս երազանքը»:

comments