By Asbarez | Monday, 16 August 2010
ԵՐԵՒԱՆ.- Պատասխանելով «Առաւօտ» թերթի այն հարցումին, թէ Արցախի հարցին լուծումը ամբողջութեամբ Ուաշինկթընէ՞ն կախեալ է, ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեան ըսած է. «Չէ, ամբողջութեամբ այդ տեսակէտը կիսել չի կարելի, որովհետեւ, նախ՝ ԱՄՆի ուշքն ու միտքը միշտ էլ աշխարհի տարբեր անկիւններում զբաղուած է լինելու մեզանից աւելի հրատապ խնդիրներով, լինի՝ Իրաք, Աֆղանստան, Վենեզուելլայի նախագահի արտառոց ելոյթներ, Եւրոպայում ինչ-որ հարցեր, Հիւսիսային Կորէա, Կուբա. ուզում եմ ասել, միշտ կը լինեն հարցեր, որոնք Ղարաբաղից կարեւոր են, հրատապ են, առաջնահերթ են:
Ուրեմն, այդ մօտեցումը՝ սպասենք մեր հերթին, ճիշդ չէ: Մենք կարող է եւ սպասենք մեր հերթին, Ադրբեջանը չի սպասի: Սա է պէտք հաշուի առնել: Միւս կողմից, ես, ի հարկէ, համաձայն եմ, որ միւս տեսակէտը կրողները, իսկ այդպիսիք կան, վերջերս լսեցինք նախկին կարկառուններից մէկի տեսակէտը, որ ամէն ինչ կախուած է Ռուսաստանից, որ ի վերջոյ, այս հարցը ՌԴ որոշումների շրջանակում է լինելու: Սա էլ ճիշդ չէ: Ես կարծում եմ, ղարաբաղեան հարցը ուրիշների քմահաճոյքին յանձնելը պայմանաւորուած է մեր ներքին իրավիճակով: Մենք դադարել ենք ինքներս մեզ հաւատալ, եւ սա գուցէ հետեւանք է ազգային մտածելակերպի վատագոյն դրսեւորումների, իշխանութեան կողմից ժողովրդի նկատմամբ դաստիարակչական աշխատանքի բացակայութեան:
Իսկ դաստիարակչական աշխատանքն ընդհանրապէս սեփական օրինակով է, չէ՞, կատարւում: Սեփական օրինակը տուեալ դէպքում ամենաբացասական դերն է խաղում: Եւ ուրեմն, ժողովրդի հիասթափութիւնը, յուսալքութիւնը կարող է տնտեսական հարցերից առաջացած լինել, բայց յուսալքութեան մթնոլորտը, քաղաքացու, ընտանիքի, գերդաստանի կամ մի ամբողջ ժողովրդի յուսալքութեան իրավիճակը չի կարող տարածուել նրա կենսապահովման միայն մէկ ոլորտի վրայ: Չի կարող մարդը մտածել՝ այ, ես տնտեսապէս վատ եմ, այ, դատարաններում անարդարութիւն է, ես այս մասով յուսալքուած եմ, բայց՝ հայրենիքը մենք կը պաշտպանենք, մենք կը ջարդենք ցանկացած թշնամու, այս հարցով ես յոյսերով լի եմ եւ ոգեւորուած»:
Պատասխանելով ՀԱՊԿի գերաստիճանին մասին հարցումի մը, Յովհաննիսեան ըսած է. «Ես շատ կ՛ուզէի այս ամէնից լաւագոյնն ակնկալելու հնարաւորութիւն ունենալ, կ՛ուզէի շատ ցանկալի զարգացումներ նկատել Հայաստանի համար ՀԱՊԿի ուժեղացմամբ, կայացմամբ: Բայց ես դրա նախադրեալները չեմ տեսնում: Որովհետեւ այդ նախադրեալները կարող էին առաջանալ միայն մէկ դէպքում, երբ ամէն ինչ կը ստեղծուի մէկ առանցքի շուրջ: Սակայն այդ առանցքը պէտք է շատ լաւ գիտակցի իր հզօրութեան սահմաններն ու հնարաւորութիւնները:
Ռուսաստանը մինչեւ հիմա փորձում է սովետական ժառանգութիւնը երկու ձեռքով հաւաքել իր տակ, չհասկանալով, որ երկու ձեռքով վեց պոչ չես բռնի: Չես կարող միաժամանակ ունենալ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը: Չի ստացուի: Դա իրենք չեն կարող հասկանալ ոչ հեռատես լինելուց: Նրանք յաճախ, ոտնահարելով մեր ազգային եւ պետական շահերը, փորձ են անում մեր հաշուին սիրաշահել նրան, ում հետ մենք լուրջ խնդիր ունենք եւ ում հետ իրենք՝ եթէ ոչ այսօր, ապա վաղը, շատ լուրջ խնդիր են ունենալու: Ռուսների քաղաքական եւ տնտեսական աչքածակութեան պատճառով էլ ՀԱՊԿը չի կայանում»:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ