Սերժ Թանգեանի Կոչը Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան

By Asbarez | Tuesday, 18 September 2012

 

Հանրայայտ երգիչ Սերժ Թանգեան հանդէս եկած է ուղերձով մը, ուր ան կը դիմէ Հայաստանի իշխանութիւններուն՝ յորդորելով անոնց պաշտպանել երկիրի միջավայրի մաքրութիւնը.
Ստորեւ Թանգեանի կոչը «Իլուր»ի թարգմանութեամբ.

Հունգարիայի կողմից դատապարտուած մարդասպանի յանձնումն ու արդիւնքում նրան Ադրբեջանում որպէս հերոսի դիմաւորելն ու ներում շնորհելը եւս մէկ անգամ ի ցոյց դրեցին Ադրբեջանի միջազգային կերպարը՝ որպէս բռնապետական ղեկավարութեամբ մի ժողովուրդ, որը խրախուսում է անիմաստ բռնութիւնը: Ադրբեջանի միակ դաշնակիցը, բացի Թուրքիայից, նաւթն է:

Հայաստանը նման դաշնակից չունի: Այն իրականում նման հակաէկոլոգիական եւ ածխածնային դաշնակիցների կարիքն ընդհանրապէս չունի: Հայաստանը կարիք ունի ածխածնաչէզոք, էկոլոգիապէս (միջավայր-Խմբ.) մշտակայուն, գիւղատնտեսական բազմազանութեամբ հարուստ ապագայի, որպէս իր դաշնակից:
Ահա թէ ինչու եմ ես անկեղծօրէն խօսում այսօր հանքարդիւնաբերութեանը տրուող դերի մասին, որը լինելով աղտոտող ու ոչ մշտակայուն, ներկայացւում է որպէս Հայաստանի այսպէս կոչուած տնտեսական զարգացման նախապայման:

Հայաստանի իրական առաջընթացը եւ երկրի տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական խնդիրների լուծումը կախուած է բնութեանը չվնասող գիւղատնտեսութեան զարգացմանն ուղղուած մեր փոխհամաձայնեցուած ջանքերից:

Այս կերպ երկիրը կ՛արտադրի ինչպէս ներքին սպառման, այնպէս էլ արտահանման համար անհրաժեշտ սննդամթերք: Սա ռազմավարական նշանակութիւն ունեցող խմդիր է՝ հաշուի առնելով երկրի ծովի ելք չունենալու հանգամանքը, ինչպէս նաեւ թշնամական երկրների հարեւանութեամբ պայմանաւորուած աշխարհաքաղաքական մեկուսացումը:

Հարկային արտօնութիւնների եւ սուբսիդիաների (պետական ա-ջակցութիւն-Խմբ.) միջոցով կառավարութիւնը կարող է խթանել այնպիսի ծրագրեր, որոնք կ՛ապահովեն Հայաստանի մշտակայուն զարգացումը՝ խթանելով աշխատատեղերի ստեղծումը եւ կանխելով երիտասարդների արտագաղթը:

Իմ այս մօտեցումները ես արտայայտել եմ նաեւ 2011թ. Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում, Սիվիլնեթ լրատուամիջոցի հետ հարցազրոյցում, ինչպէս նաեւ վերջերս տարածած տեսագրութիւնում, որտեղ բարձրաձայնել եմ մտահոգութիւնս Թեղուտի անտառների հաշուին իրականացուող ոչ մշտակայուն հանքարդիւնաբերական ծրագրի կապակցութեամբ:

Հանքարդիւնաբերութեան յետագայ զարգացումը մեր փոքրիկ երկրում տնտեսական մարտահրաւէրների՝ վտանգաւոր եւ չափազանց կարճաժամկէտ լուծում է: Իսկ դրա երկարաժամկէտ հետեւանքների մասին շատ աւելի լաւ կարող են խօսել Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի գիտնականները:

Ըստ ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազօտութիւնների կենտրոնի ղեկավարի՝ հանքարդիւնաբերութիւնն աղէտալի ազդեցութիւն է ունեցել երկրի բնակչութեան առողջութեան եւ շրջակայ միջավայրի վրայ: Հանք շահագործողները չեն չէզոքացրել թունաւոր թափօնները, որոնք ներծծուել են հողի մէջ, այնուհետեւ գիւղատնտեսական մթերքների միջոցով ներթափանցել են մարդկային օրգանիզմ, ինչը յատկապէս վտանգաւոր է երեխաների համար:

Նոյն կենտրոնի գէոքիմիայի լաբորատորիայի ղեկավարը յայտարարել է, որ հաւանական է, որ Երեւանի բնակչութեան 57 տոկոսն ապրում է թունաւոր միջավայրում՝ հողի թունաւորման պատճառով: Նշւում է նաեւ, որ Հայաստանի գիւղատնտեսական հողերը ոռոգւում են աղբիւրներից, որոնց ջրերը թունաւորւում են հանքարդիւնաբերութեան տոքսիկ (թունաւոր-Խմբ.) արգասիքներով:

Էկոլոգանոոսֆերային հետազօտութիւնների կենտրոնի հետազօտութիւնները բացայայտել են, որ հանքարդիւնաբերական խոշոր կենտրոններին՝ օրինակ Կապանին, Քաջարանին, Ալաւերդուն եւ Ախթալային յարող տարածքներում մշակուող գիւղատնտեսական արտադրանքը պարունակում է ծանր մետաղներ, ինչպիսիք են մերկուրին, մկնդեղը, կադմիումը:

Այս վտանգների ապացոյցն էր անցեալ ամսում պղինձ եւ մոլիբդեն արդիւնահանող խոշորագոյն ընկերութիւններից մէկում հանքարդիւնաբերական թափօնատարի վթարի արդիւնքում առաջացած աղէտը, երբ հսկայական քանակութեամբ տոքսիկ նիւթերը մի քանի ժամ շարունակ լցուել էին Հայաստանի հարաւային գետերից մէկը, որի ջրերով մշակովի հողատարածքներ են ոռոգւում:

Հաշուի առնելով վերը նշուած փաստերը՝ կոչ եմ անում Հայաստանի կառավարութեանը վերանայել կենսաբազմազանութեամբ հարուստ Թեղուտի անտառներում եւ յարակից շրջաններում բացահանք շահագործելու լիցենզիան եւ զերծ մնալ հանքարդիւնահանման յետագայ լիցենզիաների տրամադրումից, որոնք վտանգում են մեր շրջակայ միջավայրը եւ Հայաստանի մշտակայուն զարգացումը:

comments