ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան երէկ, մամլոյ ասուլիսի մը ընթացքին ամփոփեց իր ղեկավարած գերատեսչութեան անցած տարուան գործունէութիւնը:
Հարաւային Սուտանի մէջ կայացած ինքնորոշման հանրաքուէին անդրադառնալով՝ Նալբանդեան յայտարարեց, թէ «Որպէս նախադէպ Լեռնային Ղարաբաղի համար կարծեմ պակաս չկայ: Դա ուղղակի վերջին օրինակներից մէկն է, որովհետեւ եթէ վերցնենք ՄԱԿի անդամ 192 երկրներին, դրանց մեծամասնութիւնը կարող են օրինակ ծառայել եւ նախադէպ համարուել հէնց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար: Այն ինչ կատարւում է Հարաւային Սուդանում եւս մէկ անգամ ցոյց տուեց, որ ժողովրդի կամքին դէմ գնալով, բռնութեան կամ ժողովրդի ոչնչացման գնով խոչընդոտել ինքնորոշման իրաւունքի իրականացմանը՝ անհնար է: Եւս մէկ ապացոյց է եւ ակնյայտ է, թէ միջազգային հանրութիւնը ինչ ճանապարհով է ընթանում»:
Իր խօսքի նախաբանին մէջ, Նալբանդեան յայտնեց, որ «Հայաստանի դիւանագիտութեան կողմից ձեռնարկուած ջանքերի շնորհիւ, արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում առաւել ակնյայտ դարձաւ, որ ՀՀ մօտեցումները համահունչ են միջազգային հանրութեան դիրքորոշումներին»:
Մանրամասնելով Արցախի հարցին գծով ցարդ որդեգրուած միջազգային սկզբունքներուն՝ Նալբանդեան նշեց. «Այսօր բանակցութիւնների սեղանին գտնւում է երեք սկզբունք եւ վեց դրոյթ: Այդ վեց դրոյթները այն հիմնական դրոյթներն են, որ եռանախագահները առաջարկել են Մադրիդեան փաստաթղթի մէջ: Ի՞նչ է ասում միջազգային հանրութիւնը, ի՞նչ են ասում միջնորդները, ի՞նչ է ասում Հայաստանը: Միջազգային հանրութիւնը եւ ինչպէս դուք նշեցիք Լ՛Աքուիլայի եւ նաեւ Մոսկուայի յայտարարութիւնների մէջ՝ եռանախագահող երկրների նախագահները՝ Մեդվեդեւը, Օբաման, Սարկոզին, ասում են, որ այս սկզբունքները, այս «էլեմենտ»ները մշակուած են որպէս ամբողջութիւն եւ ներկայացուած են որպէս այդպիսին. անջատել մէկ սկզբունքը կամ մէկ դրոյթը միւսներից՝ անընդունելի է եւ կը խոչընդոտի կարգաւորմանը: Ի՞նչ է ասում Հայաստանը: Հայաստանն ասում է այս սկզբունքները, այս դրոյթները, մենք ընդունում ենք որպէս հիմք բանակցութիւնների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման, ընդունում ենք որպէս ամբողջութիւն եւ նոյն կարծիքին ենք, որ չի կարելի առաւելութիւն տալ մէկ սկզբունքը միւսին կամ մէկ դրոյթը միւսին: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Եթէ կարող էք ասել ի՞նչ է ասում Ադրբեջանը:
Կարծում եմ, ադրբեջանցիները իրենք չեն հասկանում թէ ի՛նչ են ցանկանում ասել: Ասում են՝ «այո՛, բայց», «այո՛, սակայն ո»չ…: Այսինքն պարզ պէտք է պատասխան տալ՝ «այո՛, թէ ո»չ: Այս է՝ միջազգային հանրութիւնը եւ Հայաստանն ասում են նոյնը: Եթէ ցանկանում էք, ես կարող եմ յիշատակել այդ երեք սկզբունքները եւ վեց դրոյթները. երեք սկզբունքները՝ դա ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրաւունք եւ տարածքային ամբողջականութիւն:
Վեցը դրոյթներն են՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պէտք է որոշի Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը, իր կամարտայայտութեամբ, որը պէտք է ունենայ միջազգային իրաւական ուժ: Երկրորդը՝ մինչեւ այս կամարտայայտութեան կազմակերպումը Լեռնային Ղարաբաղը պէտք է ունենայ միջանկեալ կարգավիճակ. ի՞նչ է նշանակում միջանկեալ, այսինքն՝ միջանկեալից յետոյ լինելու է վերջնական կարգավիճակ: Այս միջանկեալ կարգավիճակը պէտք է նախատեսի այն, ինչ որ ունի այսօր Լեռնային Ղարաբաղը, բայց այդ միջանկեալ կարգավիճակը պէտք է ճանաչուի նաեւ միջազգային հանրութեան կողմից:
Երրորդը՝ անխափան կապ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Չորրորդը՝ վերադարձ բոլոր փախստականների եւ տեղահանուած անձանց, երբ լինեն համապատասխան միջազգային անվտանգութեան երաշխիքներ: Հինգերորդը՝ անվտանգութեան միջազգային երաշխիքներ, ներառեալ նաեւ այսպէս կոչուած խաղաղապահ գործողութիւնները Ղարաբաղի շուրջ: Վեցերորդը՝ վերադարձ տարածքների: Խօսքը գնում է տարածքների վերադարձի մասին: Այո, Հայաստանը այս բոլոր դրոյթները եւ բոլոր սկզբունքները ընդունում է որպէս հիմք բանակցութիւնների, որպէս ամբողջութիւն այս գործընթացի առաջ շարժման եւ կարգաւորման համար: Ադրբեջանցիները, փաստօրէն, երեք սկզբունքից միայն մէկն են ընդունում, այն էլ, իրենց մեկնաբանութեամբ՝ դա տարածքային ամբողջականութիւնն է, իսկ վեց դրոյթից միայն մէկն են ընդունում՝ տարածքների վերադարձ, այն էլ՝ նորից իրենց տեսանկիւնից մեկնաբանելով, եւ ասում են, որ տարածքների վերադարձից յետոյ պատրաստ կը լինեն քննարկել միւս դրոյթները:
«Հէնց դրա պատճառով էր, որ Ալմաթիում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատուիրակութիւնների ղեկավարները յայտարարութեամբ հանդէս եկան, որ ոչ՝ անթոյլատրելի է բաժանել մէկ սկզբունքը միւսից կամ մէկ դրոյթը միւսից: Աստանայում դրա մասին յիշեցրեց նաեւ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը իր ելոյթին մէջ, եռանախագահող երկրների անունից: Այո, այն ինչ ասում են եռանախագահները, իսկ եռանախագահները արտայայտում են միջազգային հանրութեան կարծիքը, որովհետեւ իրենք ունեն միջնորդի միջազգային մանդատ: Այդ կարծիքը համահունչ է Հայաստանի մօտեցմանը»:
Է. Նալբանդեան, անդրադառնալով Ատրպէյճանի կողմէ Արցախ այցելողները դատապարտելու վարքագիծին՝ յայտնեց, թէ ինք կ՛ողջունէ «բոլոր նրանց, ովքեր այցելում են Արցախ, չնայած նրան, որ ադրբեջանցիներն ասում են, որ մի գնացէք, մի տեսէք, հալած իւղի պէս ընդունէք ինչ որ մենք ենք ասում Ղարաբաղի մասին, եւ եթէ գնաք՝ «persona non grata» կը յայտարարենք ձեզ… Բաքուի այս մօտեցումը, միգուցէ այդքան էլ անհասկանալի էլ չէ: Ադրբեջանը փորձում է թաքցնել իրենց սուտը, իրենց կեղծիքը Ղարաբաղի մասին, Ղարաբաղում կատարուած իրենց յանցագործութիւնները: Իսկ ինչո՞ւ չեն թողնում Նախիջեւան գնալ. Նախիջեւանն էլ իրենց հսկողութեան տակ է գտնւում: Միգուցէ, որ չտեսնեն ջախջախուած, քանդուած խաչքարերը, ոչնչացուած հայկական մշակութային ժառանգութիւնը, այն մեծ, շատ կարեւոր ներկայութիւնը հայկական մշակութային ժառանգութեան, որը գոյութիւն ունի Նախիջեւանում: Միգուցէ նրանք, ովքեր այցելեն, հարց տան՝ բա ո՞ւր է այս ժողովուրդը եւ ի՞նչ պատճառով այստեղ չէ: Այս քաղաքականութիւնը չեմ կարծում, որ հեռատես քաղաքականութիւն է եւ կարող է տալ Բաքուի կողմից սպասուած արդիւնքներ»:
Կարսի բարեկամութեան յուշարձանը քանդելու Էրտողանի որոշումին եւ ընդհանրապէս հայ-թրքական յարաբերութիւններու մասին հարցումներուն պատասխանելով՝ Նալբանդեան յայտնեց, թէ «Երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման շինութեանը նոր քար աւելացնելու փոխարէն, այդ կարգի յայտարարութիւնները եւ գործողութիւնները կարող են միայն վնաս հասցնել: Միջազգային հանրութիւնը չի մոռացել այդ կարգի վերջին յայտարարութիւնները, եւ սրանց աւելանում է նորը: Միայն կարելի է ափսոսանք յայտնել»:
Դիրքորոշումներու վերանայման անհրաժեշտութեան վերաբերեալ հարցումի մը պատասխանելով՝ Նալբանդեան ընդգծեց. «Հայաստանը փոփոխութեան կարիք չունի: Հայաստանը միշտ ասել է այն, ինչ որ արել է, եւ արել է այն, ինչ որ ասել է: Եթէ փոփոխութեան կարիք ունի, դա Թուրքիայի դիրքորոշումն է, որը որ մինչեւ գործընթացի սկիզբ՝ Սեպտեմբեր 2008թ., վարում էր այն քաղաքականութիւնը, ինչը որ Թուրքիան վարում է համապատասխան արձանագրութիւնների ստորագրումից յետոյ, այսինքն՝ վերադարձել է նախապայմանների լեզուին, որոնք Թուրքիան օգտագործել էր այս գործընթացից առաջ: Ուրեմն, Թուրքիան է, եւ ամբողջ միջազգային հանրութիւնը սպասում է, որ Թուրքիան պէտք է փոխի իր քաղաքականութիւնը, առանց նախապայմանների վաւերացնի ու յարգի պայմանաւորուածութիւնները, որպէսզի հնարաւոր լինի ընթանալ առաջ եւ կարգաւորել յարաբերութիւնները: Սա ամբողջ աշխարհի, ամբողջ միջազգային հանրութեան սպասելիքն է Թուրքիայից: Իսկ Հայաստանի վերաբերեալ ասւում է հետեւեալը, որ Հայաստանը անցել է իր ճանապարհը, Հայաստանը արել է հնարաւորը. այսօր Թուրքիան պէտք է անի համարժէք քայլեր»: