Վահան Յովհաննէսեան. Լիտուայի Սէյմի Ընդունած Հռչակագիրը Եւս Մէկ Քայլ Է, Դէպի ԼՂՀ Միջազգային Ճանաչում

By Asbarez | Wednesday, 27 February 2013

 

«ԵՐԿԻՐ».- Լիտուայի Սէյմի 9 պատգամաւորներ  հռչակագիր են ընդունել (26 Փետրուար)՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան հետ բարեկամական խումբ ստեղծելու մասին: Այդ փաստաթղթի հռչակման հետ կապուած միջոցառմանը մասնակցելու համար, ԼՂՀ արտգործնախարար Կարէն Միրզոյեանի հետ միասին,  հրաւիրուած է եղել նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Վահան Յովհաննէսեանը, ով նոյնպէս այս հռչակագրի ընդունման ուղղութեամբ ջանք ու եռանդ է թափել: Ներկայացնում ենք «Երկիր»ի թղթակից Գէորգ Աւչեանի հեռախօսազրոյցը դեռեւս Լիտուայում գտուող Վահան Յովհաննէսեանի հետ:

ԳԷՈՐԳ ԱՒՉԵԱՆ.- Պարո’ն Յովհաննէսեան, Լիտուայի Սէյմում ԼՂՀի հետ բարեկամական խումբ կազմաւորելու հռչակագրի ընդունման ժամանակ դուք գտուել էք այնտեղ, եւ, ինչպէս տեղեկացանք, բաւականին լուրջ աշխատանք էք իրականացրել, որ այդ հռչակագրի ընդունումն իրականութիւն դառնայ, խնդրում ենք պատմել, թէ ինչպէ՞ս դա յաջողուեց, եւ ի՞նչ տպաւորութիւններ ունէք:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ.- Շատ երկարատեւ աշխատանքի հետեւանք էր այս քայլը: Ինչպէս գիտէք, մեր քաղաքական կուրսն  (վարքագիծը-Խմբ.) է նաեւ եւ մենք արդէն սկսել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային ճանաչմանն ուղղուած բոլոր միջոցառումները համակարգել, եւ սա կարծում եմ, մի շարք պետական, ոչ պետական, հասարակական, քաղաքական կառոյցներ համագործակցութեան շատ կարեւոր արդիւնք է: Հրաշալի է աշխատել Լիտուայում ՀՀ նորաստեղծ դեսպանութիւնը, որն ընդամէնը մէկ տարի է, ինչ հիմնադրուել է, շատ լաւ է աշխատել անցեալ տարի ստեղծուած Հայաստան-Լիտուա քաղաքացիական ֆորումը, որը հասարակական կազմակերպութիւն է՝ Լիտուայում բնակուող մի շարք հայ ակտիւիստների (գործիչներու-Խմբ.) կողմից հիմնադրուած, եւ, ի հարկէ, մենք էլ՝ ՀՅԴն, մեր լուման ունենք: Եւ փաստօրէն ես, ԼՂՀ արտգործնախարար Կարէն Միրզոյեանի հետ միասին, հրաւիրուած էի այստեղ, այս միջոցառմանը: Միջոցառումն իրենից ներկայացնում էր հետեւեալը՝ մենք պլնաւորում (կը ծրագրէինք-Խմբ.) էինք, որ 5-6 պատգամաւորներ այսօր կը հռչակեն Լիտուա-ԼՂՀ խորհրդարանական բարեկամութեան խումբ ստեղծելու մասին: Այսպիսի բարեկամութեան խմբեր բոլոր երկրներն էլ ունեն իրար մէջ, բայց ԼՂՀի պրոբլեմն (շնդիրը-Խմբ.) այն է, որ այն դեռեւս ամբողջութեամբ ճանաչուած չէ: Եւրամիութեան անդամ հանդիսացող երկրի պառլամենտում դա դժուար էր անել, բայց, ինչպէս տեսնում ենք, յաջողուեց: Ընդ որում ոչ թէ 6, ինչպէս նախապէս պլանաւորուած էր, այլ 9 պատգամաւորներ միացան այս նախաձեռնութեանը՝ Լիտուայի պառլամենտի տարբեր ֆրակցիաներից: Հռչակագիրն ինքը շատ ուժեղ է եւ ասում է, որ ունենալու է ծրագրեր, միջոցառումներ եւ այլն:

ԳԷՈՐԳ ԱՒՉԵԱՆ.- Մեծ միջոցառում է կազմակերպուած եղել Լիտուայում, որի ժամանակ էլ հռչակագիրն ընդունուեց, ի՞նչ բնոյթ էր այն կրում, ի՞նչ հարցերի էր ուղղուած եւ ի՞նչ արդիւնք տուեց:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ.- Կոնֆերանսին, որտեղ այդ խմբի հռչակումը տեղի ունեցաւ, ելոյթ ունեցայ նաեւ ես: Կոնֆերանսը Հասարակական ֆորումի կազմակերպած միջոցառումն էր, որ կայացաւ պառլամենտի շէնքում՝ շատ պատկառելի ներկայացուցչութեամբ՝ Լիլտուայի քաղաքական, հասարակական, արուեստի, մշակոյթի գործիչներ, հայկական համայնքների ներկայացուցիչներ, անգամ տարբեր քաղաքներից էին եկել Լիտուայում բնակուող հայերը: Ես ունեցայ ելոյթ, որտեղ ներկայացրեցի մեր վերջին 25 տարուայ պատմութիւնը, որովհետեւ Լիտուան ու Հայաստանը առաջիններն էին, որ պայքար սկսեցին Սովետական միութեան ժողովրդավարացման, իսկ այնուհետեւ նաեւ Սովետական միութիւնից անջատուելու համար՝ 25 տարի առաջ: Եւ սրան էր նուիրուած այս միջոցառումը: Այնտեղ ցուցադրուեցին Լիտուայի հասարակութեան վրայ ուղղակի ցնցող տպաւորութիւն թողած ֆիլմեր Ռամիլ Սաֆարովի մասին, թէ ինչպէս նրան հերոսացրեցին Ադրբեջանում եւ շարունակում են դա անել, եւ նաեւ Սումգայիթի մասին: Այս ֆիլմերը պատրաստել էին տեղի օպերատորները եւ իսկապէս բաւական տպաւորիչ էին: Ես իմ ելոյթի մէջ ներկայացրեցի Լիտուա-Հայաստան յարաբերութիւնների որոշ դրուագներ, բայց աւելի շատ կենտրոնացայ, ի հարկէ, Հայաստանի եւրաինտեգրացիայի պրոբլեմենրի (Եւրոպային միաւորուելուն առնչուող դժուարութիւններուն-Խմբ.), ԼՂՀի հարցի կարգաւորման ուղիների վրայ եւ նաեւ մի շարք այլ պատմական հարցերի: Իմ եւ Կարէն Միրզոյեանի ելոյթներն ընդունուեցին շատ ջերմ՝ ծափահարութիւններով: Պէտք է ասեմ, որ շատ լաւ ելոյթ ունեցաւ Լիտուայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը, եւ շատ տպաւորիչ ելոյթներ ունեցան նաեւ Լիտուայի մի շարք ներկայացուցիչներ:

ԳԷՈՐԳ ԱՒՉԵԱՆ.- Որպէսզի աւելի պարզ լինի, կը պարզաբանէ՞ք, թէ ինչ կը տայ այս քայլը՝ ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղուած քայլերի համատեքստում:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ.- Նախ՝ ճանաչուած, Եւրամիութեան անդամ երկրի խորհրդարանում ստեղծւում է բարեկամութեան խումբ՝ ԼՂՀի հետ՝ մի երկրի, որը, փաստօրէն, ճանաչուած չէ: Բայց քայլերը, որ մենք իրականացնում ենք, կը յիշէք, թէ ինչպէս ես ԼՂՀ ուղեկցեցի Ուրուգուայի պատուիրակութեանը՝ պառլամենտի նախագահի գլխաւորութեամբ, որն օֆիցիալ  (պաշտօնական-Խմբ.) պատուիրակութիւն էր, բայց միասին գնացինք ԼՂՀ, այնտեղ ունեցանք մի շարք հանդիպումներ, այդ թւում նաեւ ԼՂՀ պառլամենտում: Այժմ‘ այս միջոցառումը… Այսինքն՝ ԼՂՀ ճանաչումը չի կարող տեղի ունենալ յանկարծակի եւ ամենաբարձր մակարդակով: Դրա համար քրտնաջան աշխտանք է պահանջւում՝ քայլ առ քայլ: Սա այդ քայլերից մէկն է, եւ ես կարծում եմ, որ այն հնարաւորութիւն կը տայ նախ՝ Լիտուայի պատգամաւորներին հրաւիրել Արցախ. Նրանք այնտեղ իրենց աչքերով կը տեսնեն, որ ամբողջ Հարաւային Կովկասում ԼՂՀն այսօր ամենադեմոկրատական պետութիւնն է: Մեր տարածաշրջանի բոլոր երկրներն ունեն ինչ-որ թերացումներ՝ դեմոկրատիայի զարգացման մակարդակում՝ տեսնում ենք այսօր ինչ է կատարւում Վրաստանում՝ մէկ օրինակ, տեսնում ենք՝ ինչ է կատարւում Հայաստանում՝ սա մէկ այլ օրինակ, տեսնում ենք, որ Ադրբեջանն, ընդհանրապէս, միջնադարեան էմիրութիւն է դարձել՝ ժառանգական իշխանութեամբ, ուր շնչելն անգամ արգելուած է, եթէ Ալիեւների ցեղը դա թոյլ չի տուել: Եւ այս ֆոնի վրայ շատ ծանր տնտեսական, քաղաքական պայմաններում, շրջափակման մէջ գտնուող Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնն իր ժողովրդավարական չափանիշներով բաւական բարձր մակարդակ է զբաղեցնում: Եւ երրորդ հիմնական առանցքն էլ այն էր, որ եթէ մենք փորձում ենք չափել, ու չափանիշներ ստեղծել ժողովրդավարութիւնը ճանաչելու, չափելու համար, այդ չափանիշները պէտք է հաւասար լինեն բոլորի համար: Այսինքն՝ չի կարելի տարբեր երկրների նուաճումներ չափել՝ մէկը սանտիմետրանոց քանոնով, միւսը՝ դիւմանոց քանոնով՝ դա ճիշտ չէ: Ու եթէ համեմատում ենք Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի այսօրուայ ժողովրդավարութեան, մարդկային զարգացման չափնիշներով, պարզ է դառնում, որ ամէն ինչ փողով չի չափւում՝ ԼՂՀն տասը գլուխ բարձր է: Եւ Սումգայիթ ֆիլմի ցուցադրումից յետոյ բոլորին պարզ դարձաւ, որ ԼՂՀն Ադրբեջանի պէս երկրում ուղղակի չի կարող գոյատեւել: Եւ այս առումով կոնֆերանսը շատ մեծ նշանակութիւն ունէր, բայց առջեւում դեռ երկար աշխատանք կայ:

ԳԷՈՐԳ ԱՒՉԵԱՆ.- Իսկ ինչպիսի՞ն, եւ յատկապէս ո՞րը կը լինի ձեր յաջորդ քայլը՝ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղութեամբ, պարո’ն Յովհաննիսեան:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ.-  Եթէ նկատել էք, այն, ինչ արեցինք այսօր, մենք դրա մասին նախապէս ոչինչ չէինք հրապարակում‘ ո’չ դեսպանութիւնը, ո’չ մենք: Որովհետեւ երբ ինչ-որ բաների մասին նախապէս ենք խօսում, Ադրբեջանն իր «խաւիարային դիւանագիտութեան» ջանքերը միացնում է, որպէսզի դրանք խանգարի: Ուրեմն աւելի լաւ է՝ յետագայ ծրագրերի մասին այժմ չխօսենք. Մենք կ՛անենք, եւ դուք կը տեսնէք յետագայ քայլերը:

———————————————————————————-

ՀՌՉԱԿԱԳԻՐ
Հաշուի առնելով այն, որ այս տարի լրացել է Արցախեան շարժման 25ամեակը, երբ հայ ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրաւունքը, իսկ Լիտուան այդ ժամանակ ողջունեց այդ ձգտումը եւ հանդէս եկաւ խնդրի խաղաղ լուծման օգտին.
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լիտուայի ու Արցախի ժողովուրդներն իրենց անկախութեան համար մղուող պայքարում առաջնորդուել են միջազգային իրաւունքի նորմերով, ժողովրդավարական արժէքներով ու համընդհանուր գաղափարներով, որոնց շարունակում են հաւատարիմ մնալ մինչ օրս.
Կիսելով համաեւրոպական  տարածքի  դիրքորոշումը, ըստ որի՝ դրա իւրաքանչիւր բնակիչ իրաւունք ունի առանց խոչընդոտի օգտուելու  հիմնական իրաւունքներից ու հիմնարար ազատութիւններից.

comments

Advertisement