Արմէն Ռուստամեան Անդրադարձած Է Հայաստանի Նախագահին Հետ Ունեցած Հանդիպումին

By Asbarez | Monday, 22 April 2013

ԵՐԵՒԱՆ, «Առաւօտ».– ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցած է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ եւ ՀՅԴին  դժգոհութիւնը յայտնած է Տիգրան Սարգսեանի վարչապետ վերանշանակուելուն առիթով։

«Առաւօտ»ի թղթակից Արփինէ Սիմոնեան կը գրէ, թէ Ա. Ռուստամեան ըսած է. «Այսօր գնացել եմ նախագահի հետ հանդիպել եւ մեր ուղերձն եմ փոխանցել, որ դէմ ենք այդ նշանակմանը եւ բացատրել ենք, թէ ինչու ենք դէմ: Փոխանցել եմ երկիրը այս վիճակից դուրս բերելու մեր մօտեցումները, որոնք մեր պատկերացմամբ լաւագոյն քայլերը կը լինեն: Նախագահը այդ մօտեցումների մի մասն ընդունեց, մի մասը՝ չէ, մի մասն էլ՝ քննարկելու խնդիր դարձրեց: Մենք խնդիր չունենք՝ կարող ենք քննարկել», նշած է Ռուստամեան:

Անոր համաձայն, վարչապետին եւ կարգ մը նախարարներուն վերանշանակումը «արդէն բաւարար է՝ ասելու համար, որ նոյն կուրսը, ուղեգիծը կը շարունակուի, որը մեզ համար անընդունելի է: Այս ամէն ինչի հետեւանք՝ արտագաղթը, աղքատութիւնը եւ բոլոր այն մարտահրաւէրները, որոնք Սերժ Սարգսեանը նշեց իր ելոյթում, այս  կառավարութիւնը ունակ չէ վերացնելու: Որովհետեւ եթէ վերացնէր՝ մինչեւ հիմա կը վերացնէր կամ կը մեղմէր այդ խնդիրը: Որեւէ լաւ բան ակնկալել հնարաւոր չէ նրանցից, որոնք չեն էլ գնահատում, որ այդ խնդիրներն իրենց պատճառով են եղել: Պարոն Սարգսեանն իր ելոյթում յայտարարում էր, որ ընդդիմախօսների ուղերձը տեղ է հասել, բայց ես արդիւնքը չեմ տեսնում: Ուղերձը տեղ հասած լինէր, առաջին հերթին կը փոխուէին նրանք, որոնք այդ բացասական երեւոյթների համար պատասխանատու են: Բայց կայ նաեւ մի վտանգաւոր  ձեւակերպում, որ արեց նախագահը՝ մարդիկ դժգոհում են ոչ թէ անձանցից, այլ խնդիրներից: Բայց այդ խնդիրները, լուծողներն են մեղաւոր: Նրանց բերում, դնում են այդտեղ, որ խնդիրները լուծուեն: Այլ ոչ թէ խնդիրները եթէ կան, ուրեմն ոչ մէկը դրա համար պատասխանատու չէ»: Ա. Ռուստամեան կառավարութեան անդամներու վերանշանակումները նկատած է իրավիճակը ճիշդ չգնահատելու եւ ինքնագոհ պահուածքի հետեւանք:

comments