Հայաստանցի Գիտնականները Չեն Մասնակցել Հակահայկան Կազմակերպութիւնների Կողմից Հովանաւորուած Գիտաժողովին

By Asbarez | Friday, 07 June 2013

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանցի գիտնականները նպատակայարմար չեն գտել մասնակցել թուրքական եւ ադրբեջանական հակահայկական կազմակերպութիւնների կողմից հովանաւորուած գիտաժողովին: Պատճառն աւելի վաղ ուղարկուած հրաւէրի ու գիտաժողովի ձեւաչափի անհամապատասխանութիւնն է:

Թուրքիայի «Իւտա» համալսարանի թուրքագիտութեան ծրագրի չորրորդ գիտաժողովը բացուել է Յունիսի 5ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Դրան հրաւիրուած են եղել 10-15 հայ գիտանականներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ Սփիւռքից: Ինչպէս «Արմէնփրէս»ի հետ զրոյցում նշեց հրաւիրուած, սակայն գիտաժողովին չմասնակցող ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Տիգրան Սարուխանեանը, հայաստանցի գիտնականները հրաժարուել են մասնակցել ակնյայտօրէն հակահայկական, քաղաքականացուած եւ գիտական-ակադեմիական չափանիշներին չհամապատասխանող գիտաժողովին՝ նախընտրելով աւելի արդիւնաւէտ օգտագործել ժամանակը: Այժմեան տուեալների համաձայն՝ գիտաժողովին Հայաստանից մասնակցում է միայն «Մոդուս Վիւենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը: Սարուխանեանի կարծիքով՝ գիտաժողովն ակնյայտօրէն քաղաքական ուղղորդուածութիւն ունի, աւելին՝ ներակայացուելիք մի շարք աշխատանքներ չեն համապատասխանում գիտական քննարկումների չափանիշներին: «Աշխատանքներ են ներկայացուել 1918 թուականին հայերի կողմից իբր ադրբեջանցիների նկատմամբ իրականացուած ցեղասպանութեան մասին, այնինչ՝ մարդկութեան պատմութեան մէջ արձանագրուած չէ նման փաստ», նշել է գիտնականը:

Նրա մեկնաբանմամբ՝ 2004 թուականից ի վեր, Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած որոշ գիտական շրջանակներ հանդէս են եկել ցեղասպանութեան գիտական եւ նոր լոյսի ներքոյ ուսումնասիրութեան առաջարկութեամբ: Նման առաջարկութիւն է արել նաեւ գիտաժողովի կազմակերպիչներից պրոֆեսոր Հաքան Եաւուզը՝ 2012 թուականի Նոյեմբերին: «Այսինքն, ի սկզբանէ, նախատեսուած էր, որ քննարկումները քաղաքական կամ պրոպագանդիստական նպատակներ չեն հետապնդի, այլ զուտ գիտական քննարկումներ են լինելու, սակայն, ըստ էութեան, այս օրերին հրաւիրուած գիտաժողովը շեղուել է ի սկզբանէ դրուած նպատակից», պարզաբանել է Սարուխանեանը:

Եթէ քննարկումները գնային գիտական հարթութեան վրայ ու հաւատարիմ լինէին նախաձեռնութեան հիմքում ընկած նպատակին, ապա, Սարուխանեանի դիտարկմամբ, որեւէ խօսք անգամ լինել չէր կարող ոչ միայն թուրքական, այլեւ ադրբեջանական կողմից ֆինանսաւորման վերաբերեալ: Առաջարկութիւնից երկու-երեք ամիս անց, դեռեւս Սարուխանեանը որեւէ տեղեկութիւն չի ստացել գիտաժողովի մասնակիցների ու ներկայացուող ծրագրի վերաբերեալ՝ չնայած մի քանի անգամ պահանջել է կազմակերպիչներից իրեն ուղարկել գիտաժողովի ծրագիրը: Թուրքական կողմի խուսանաւումներից պարզ է դարձել, որ կազմակերպուածն ունենալու է հակահայկական ուղղուածութիւն, ուստի գիտնականը վճռել է չմասնակցել թուրքական «հերթական խաղերին»:

Սարուխանեանը նաեւ նշեց նման գիտաժողովների վտանգաւորութեան մասին՝ ընդգծելով, որ դրանց հրաւիրւում են հիմնականում երիտասարդ գիտնականները: Նա դա պայմանաւորեց երեք հանգամանքներով. առաջին՝ տարեց գիտնականները շատ աւելի պահպանողական մօտեցում ունեն պատմութեան նկատմամբ, եւ դժուար է նրանց ներգրաւել նման քննարկումների: Երկրորդ գործօնը օտար լեզուի տիրապետելու խնդիրն է, որի հետեւանքով աւագ սերնդի հայ գիտնականները հնարաւորութիւն չեն ունենում մասնակցել միջազգային գիտաժողովներին: Եւ երրորդ՝ դա արւում է միտումնաւոր, քանզի երիտասարդ գիտնականները բաւական փորձ չեն ունենում պատշաճօրէն հակափաստարկներ ներկայացնելու եւ գիտական հիմնաւորումներ ներկայացնելով՝ պաշտպանելու իրենց փաստարկները:

Սարուխանեանը նշեց միջազգային մակարդակի գիտաժողովների, քննարկումների անհրաժեշտութունը՝ ընդգծելով սակայն, որ դրանք պէտք է իրականանան հայկական կողմի նախաձեռնութեամբ:

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանի գնահատմամբ՝ 19րդ դարի երկրորդ կէսի եւ 20րդ դարի առաջին կէսի պատմական իրադարձութիւններին վերաբերող կոնֆերանսները, որոնք կազմակերպւում են թուրք եւ ադրբեջանցի  գիտնականների կողմից, Հայաստանի եւ հայ պատմաբանների համար մի անընդունելի բանի հետ են կապւում: «Բանն այն է, որ յաճախ փորձ է արւում ներքաշել այնպիսի քննարկումների մէջ, որոնք կապւում են հարցի հետ՝ արդեօք եղել է, թէ չի եղել Հայոց Ցեղասպանութիւնը, իսկ դա, փաստօրէն, ջուր է լցնում Հայոց Ցեղասպանութիւնը ժխտողների ջրաղացին: Ես դա անընդունելի եմ համարում», ասաց Սաֆրաստեանը՝ շեշտելով, որ ինքն անձամբ չի մասնակցում նման կոնֆերանսների:

«Կովկասը կայսրութեան մայրամուտին. ազգայնականութիւն եւ ազգային պետութեան կառուցում (1870-1920 թուականներ)» խորագիրը կրող գիտաժողովը ֆինանսաւորւում է ԱՄՆում գործող Հայոց Ցեղասպանութեան ժխտումը խթանող ամենաակտիւ կազմակերպութիւններից՝ Ամերիկայի թուրքական կոալիցիայի (TCA), Թուրքիայի համագործակցութեան եւ զարգացման գործակալութեան (TIKA), Ադրբեջանի գիտութիւնների ազգային ակադեմիայի, Ադրբեջանի ակադեմիայի ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտի, «Հասան Կալէօնչու» համալսարանի եւ Մեհմեթ Արիսանի կողմից:

Հակակահայկական կազմակերպութիւնների կողմից հովանաւորուող գիտաժողովին հայաստանցի գիտնականների չմասնակցելու վերաբերեալ տեղեկատւութեան թերի լինելը հիմք է հանդիսացել, որ Սփիւռքի հայկական լրատուամիջոցները զարմանք եւ մտահոգութիւն յայտնեն: «Ասպարէզ» պարբերականը նկատում է, որ, ցաւալիօրէն, նման գիտաժողովների ակտիւ մասնակցութիւն են ունենում երիտասարդ գիտնականները, որոնք կարծում են, թէ իրենց մասնակցութեամբ կարող են ներկայացնել եւ ամրապնդել Հայաստանի դիրքորոշումը, այնինչ իրականում, նպաստում են Թուրքիայի տասնամեակներ տեւող ժխտողական քաղաքականութեանը:

Գործակալութիւնը տեղեկութիւններ ունի, որ գիտաժողովի կազմակերպիչ թուրք պրոֆեսոր Հաքան Եաւուզը 2012 թուականի աշնանը Հայաստան կատարած այցի շրջանակներում որոշ հանդիպումներ է ունեցել գիտնականների ու տարբեր բուհերի դասախօսների ու ուսանողների հետ: «Արմէնփրէս»ը շարունակելու է հարցի ուսումնասիրութիւնը եւ մասնակցութեան վերաբերեալ խնդրելու է Արա Պապեանի մեկնաբանութիւնը:

comments