Հայաստան Կը Պատրաստուի Սուրիական Ճգնաժամի Վատագոյն Բեմագրութեան

By Asbarez | Tuesday, 03 September 2013

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– «Սիրիական ճգնաժամի հարցում մենք պէտք է պատրաստ լինենք վատագոյն սցենարներին, եւ Հայաստանի կառավարութիւնը, բնականաբար, հաշուի է առնում նաեւ այդ սցենարները»։ Ստեփանակերտի մէջ այս յայտարարութիւնը կատարած է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը:

«Արդեն իսկ տարիների ընթացքում տեսնում ենք, որ միջազգային սանկցիաներն Իրանի դէմ իրենց բացասական ազդեցութիւնն են թողնում Հայաստանի տնտեսութեան վրայ: Դա երեւում է ապրանքաշրջանառութեան ծաւալներով, զբօսաշրջիկների հոսքով: Հասկանալի է, որ եթէ Հայաստանն իր չորս հարեւանների երկուսի հետ ունի յարաբերութիւններ, դա չի կարող չանդրադառնալ մեզ վրայ», յայտնած է կառավարութեան ղեկավարը:

Տարածաշրջանին մէջ իրավիճակին ա՛լ աւելի լարուածութիւնը եւս իր բացասական ազդեցութիւնը պիտի ունենայ Հայաստանի վրայ: «Երէկ Սիւնիքի մարզպետի հետ քննարկում էինք անասնապահութեան խնդիրները. վերջին տարիներին լուրջ ներդրում էին կատարուել այս ոլորտում, մեր առջեւ բացուել էր Իրանի շուկան, հիմա արտահանման առումով մեր գիւղատնտեսութիւնում ակնյայտօրէն խնդիրներ են առաջացել: Մենք որոնում ենք նոր շուկաներ, արտահանման ծաւալներն աւելացնելու համար», տարածաշրջանային խնդիրներու ունեցած տնտեսական ազդեցութեան մասին խօսելով յայտնած է վարչապետը:

Տիգրան Սարգսեան համոզուած է, որ ներկայ դրութեամբ առաջնային խնդիրը մեր հայրենակիցներուն անվտանգութեան ապահովման հարցն է: «Ի հարկէ, պատրաստուել ենք վատագոյն սցենարի: Իրադարաձութիւնների տարբեր զարգացումների դէպքում էլ առաջին հերթին տեսնում ենք, որ Հալէպից մեծ արտագաղթ է տեղի ունենալու: Այսօրուայ խնդիրն այն է, որ Սիրիայի տարածքով տեղաշարժերն անվտանգ չեն կարող լինենլ: Հասկանալի է, որ մենք պէտք է պատրաստ լինենք նաեւ իրադարձութիւնների այնպիսի զարգացման, որպէսզի կարողանանք ընդունել սիրիահայերին, որոնք պէտք է կարողանան այդ շրջափակումից ինչ որ կերպ դուրս գալ: Բոլոր սցենարները քննարկում ենք», շեշտած է վարչապետը:

comments