Վարդան Մինասեան Կրկին Պիտի Չգլխաւորէ Ազգային Հաւաքականը

By Asbarez | Monday, 21 October 2013

 

ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».– Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի պաշտօնական կայքին յայտնած է, որ ընտրական նոր հանգրուանին պիտի չգլխաւորէ Հայաստանի ազգային հաւաքականը:

«Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբէն Հայրապետեանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հաւաքականի հետ կապուած մի շարք խնդիրներ:

ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխաւորել Հայաստանի ազգային հաւաքականը, բայց ես հրաժարուել եմ առաջարկից, ի հարկէ, իմ խորին շնորհակալութիւնը յայտնելով ՀՖՖ նախագահին վստահութեան համար: Ինձ համար մեծ պատիւ կը լինէր կրկին ստանձնել ազգային հաւաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակութիւն: Կան մի շարք առաջարկներ, մասնաւորապէս արտերկրից, եւ ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները», նշած է Վարդան Մինասեան:

Նշենք, որ իբրեւ ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչի Մինասեանի հետ կնքուած համաձայնագիրը կ՛աւարտի 31 Հոկտեմբերին։

comments