«Ալիեւի Մօտ Տեսայ Խնդիր Լուծելու Ցանկութիւն, Բայց Սա Բաւարար Չէ». Սերժ Սարգսեան

By Asbarez | Friday, 22 November 2013

 

ԵՐԵՒԱՆ, «Թերթ».– Նախագահ Սերժ Սար-գսեան 22 Նոյեմբերին այցելած է մշակոյթի նախարարութիւն, շրջած է նախարարութեան աշխատակազմի ստորաբաժանումներուն մէջ, ծանօթացած կացութեան եւ զրուցած է աշխատակիցներուն հետ. ապա ան խորհրդակցութիւն ունեցած է նախարարութեան ղեկավար անձնակազմին հետ: Հանդիպումին ընթացքին նախագահին ներկայացուած են զեկոյցներ եւ քննարկուած են բարձրացուած խնդիրները:

Սերժ Սարգսեան նաեւ պատասխանած է մասնակիցներուն ուղղած հարցումներուն. խօսելով Ատրպէյճանի նախագահին հետ Վիեննայի մէջ կայացած հանդիպումին մասին՝ ան նշած է, որ տակաւին կարելի չէ յառաջընթացի մասին խօսիլ:

«Տեղաշարժի մասին դժուարանում եմ խօսել, բայց հանդիպման աւարտից յետոյ, երբ հարց է եղել՝ ինչպէ՞ս եմ գնահատում այն, ես հակիրճ ասել եմ՝ նորմալ: Իրօ՛ք, նորմալ եմ գնահատում: Նորմալ այն առումով, որ փաստօրէն այս հանդիպումը նշանակում է, ամենայն հաւանականութեամբ, բանակցութիւնների նոր փուլ եւ նոր սկիզբ. մենք գրեթէ երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցութիւնները բարձր մակարդակով դադարեցուած էին: Ես Ադրբեջանի նախագահի մօտ տեսայ խնդիր լուծելու ցանկութիւն, բայց սա բաւարար չէ: Նոյն ցանկութիւնն առկայ է նաեւ մեզ մօտ: Ես անձամբ ցանկանում եմ, որպէսզի խնդիրը լուծուի հնարաւորինս սեղմ ժամկէտներում, բայց թէ ի՞նչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի նախագահը խնդիրը լուծել, եւ ես ի՞նչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հէնց այստեղ է: Բայց նորից եմ ասում, հանդիպումը դրական եմ գնահատում. մենք արդէն յանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին, որպէսզի նրանք Դեկտեմբեր ամսուայ սկզբներին մեր նոր ցուցումների հիման վրայ մի բանակցային փուլ սկսեն:

Դեկտեմբերին տարածաշրջան կ՛այցելեն համանախագահները եւ, երեւի թէ, մօտակայ ժամանակներում հանդիպելու այն պայմանաւորուածութիւնը, որ մենք ձեռք բերեցինք Ադրբեջանի նախագահի հետ, իրականութիւն կը դառնայ նաեւ այս հանդիպումների արդիւնքների հիման վրայ»:

comments