By Asbarez | Monday, 30 May 2011
ՏՈՎԻԼ.- Ֆրանսայի Տովիլ քաղաքին մէջ, Մեծ ութեակի ժողովին համար հաւաքուած ԱՄՆի, Ֆրանսայի ու Ռուսիոյ նախագահները, ԵԱՀԿի Մինսկի խումբի համանախագահներու իրենց հանգամանքով յայտարարութիւն մը հրապարակած են: Ստորեւ կը ներկայացնենք սոյն յայտարարութեան բնագիրը՝ «Փանորամա» լրատու գործակալութեան թարգմանութեամբ.
«Մենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնութիւն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ եւ Ֆրանսիայի Հանրապետութիւն, նախագահներս վստահ ենք, որ եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բոլոր կողմերը խաղաղ կարգաւորման ուղղութեամբ վճռական քայլ կատարեն:
«Մենք վերահաստատում ենք, որ միայն բանակցութիւնների միջոցով կարգաւորումը կարող է բերել խաղաղութեան, կայունութեան ու հաշտեցման՝ հնարաւորութիւններ ստեղծելով տարածաշրջանային զարգացման ու համագործակցութեան համար: Ուժի կիրառումը յանգեցրել է այսօր առկայ հակադրութեան ու անկայունութեան իրավիճակին: Դրա կրկնակի կիրառումը կը յանգեցնի միայն նոր տառապանքների ու աւերումների եւ կը դատապարտուի միջազգային հանրութեան կողմից: Կողմերի առաջնորդներին մենք թախանձագին կոչ ենք անում՝ բնակչութեանը նախապատրաստել խաղաղութեան, այլ ոչ պատերազմի:
«Կողմերի, ինչպէս նաեւ բոլոր մակարդակներում համանախագահ-երկրների ներդրած ջանքերի արդիւնքում նշանակալից առաջընթաց է գրանցուել: Սոյն թուականի մարտի 5ին Սոչիում քննարկուած Հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը արդար ու հաւասարակշիռ հիմք է ապահովում համապարփակ խաղաղ կարգաւորման մշակման համար: Այդ փաստաթուղթը, որ հիմնուած է Հելսինկեան Եզրափակիչ ակտի ու 2009 թուականի յուլիսին Աքուիլայում ու 2010 թուականի յունիսին Մուսկոկայում մեր համատեղ յայտարարութիւններում ներկայացուած տարրերի վրայ, հնարաւորութիւն է տալիս յաղթահարել իրերի ներկայիս անընդունելի դրութիւնը:
«Ուստի մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում ցուցաբերել քաղաքական կամք եւ սոյն թուականի յունիսին կայանալիք իրենց հանդիպման ընթացքում աւարտին հասցնել Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը: Յետագայ ձգձգումը միայն հարցականի տակ կը դնի համաձայնութեան հասնելու հարցում կողմերի հաւատարմութիւնը: Երբ համաձայնութիւնը լինի, մենք պատրաստ ենք վկայել այդ սկզբունքների ֆորմալ ընդունումը, աջակցել Խաղաղութեան համաձայնագրի մշակմանն ու այնուհետ՝ միջազգային մեր գործընկերների հետ նպաստել դրա կեանքի կոչմանը»:
«ՓանԱրմինիըն» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էտուարդ Նալբանդեան երէկ հրապարակած է իր գնահատականը երեք համանախագահներու յայտարարութեան:
«Դովիլում, Մեծ Ութնեակի գագաթաժողովի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած յայտարարութիւնը կարեւոր ուղերձներ է պարունակում եւ կարող է խթան հանդիսանալ հիմնախնդրի հանգուցալուծման համար:
«Հայաստանը միշտ կողմնակից է եղել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտութեան բացառապէս խաղաղ ճանապարհով կարգաւորմանը եւ բազմիցս դա ապացուցել է գործնականում, ուստի պարզ է, թէ ում է ուղղուած այս առնչութեամբ յայտարարութեան մէջ պարունակուող միանշանակ ուղերձը:
«Հայաստանը յստակ պատասխան է տուել եռանախագահների կողմից ներկայացուած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին՝ որպէս հիմնախնդրի կարգաւորման համար բանակցութիւնների հիմք: Եթէ Ադրբեջանը տայ իր միանշանակ համաձայնութիւնը, ապա հնարաւոր կը լինի առաջընթաց արձանագրել կարգաւորման գործընթացում: Ակնյայտ է, թէ ում է հասցէագրուած յայտարարութեան մէջ նաեւ այս կապակցութեամբ հնչեցուած ուղերձը», նշուած է Նալբանդեանի յայտարարութեան մէջ:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ