Սերժ Սարգսեան. «Մենք Թաքցնելու Ոչ Մի Բան Չունենք»

By Asbarez | Friday, 28 March 2014

ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».– Ռուսիոյ հետ կազային համաձայնագիրին եւ Հայաստանի մէջ կազի գինի ճշդման անդրադարձած է նախագահ Սերժ Սարգսեան՝ 28 Մարտին ուժանիւթի եւ բնական պաշարներու նախարարութեան կեդրոնին մէջ կայացած խորհրդակցութեան ընթացքին:

«Ցանկացած լաւագոյն որոշում ընդամէնը աշխատանքի կէսն է: Ի հարկէ, շատ լաւ որոշում է ատոմակայանի նոր բլոկ կառուցելը, բայց լաւ որոշում ունենալը գործի կէսն է միայն: Մենք պէտք է կարողանանք ընդունուած այդ որոշման մասին գրագէտ եւ ժամանակին բացատրութիւններ տալ, որպէսզի մարդիկ հասկանան որոշման կարեւորութիւնը: Եթէ մենք այսքանը չենք ապահովում, ապա բարդութիւնների առաջ ենք կանգնում», նշած է Սերժ Սարգսեան:

«Բերեմ կոնկրէտ մէկ օրինակ. տեսէք՝ այսօր գազի գինը բոլորիս՝ ինձ էլ, մեր բոլոր քաղաքացիներին էլ, մտահոգում է, չէ՞: Եւ այսօր արդէն, փառք Աստծոյ, գոնէ որեւէ մէկը չի խօսում գազի գնի մասին, որ ամրագրուած է «Գազպրոմ»ի հետ պայմանագրում: Ինչո՞ւ չեն խօսում, որովհետեւ ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որեւէ երկրի, եւ երկրորդ՝ մի քանի անգամ մենք սրա մասին խօսեցինք, ասացինք, մարդիկ հասկացան, հասկացան նաեւ, որ այդ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, եւ այն կապակցուած է Ռուսաստանի Դաշնութեան ներքին գների հետ, որոնք առանձնապէս չեն աճելու կամ աճելու են առաւելագոյնը տարեկան մինչեւ հինգ տոկոս: Դա, ի հարկէ, ցանկալի չէ, բայց այնպիսին չէ, ինչ որ նախկինում էր», նշած է նախագահը։ «Աւելին՝ այս մասին գիտեն ոչ միայն մեր քաղաքացիները, այս մասին գիտեն նաեւ արտերկրեայ գործարարները, որոնք տեսնելով կանխատեսելիութիւնը եւ գինը, արդէն մտածում են իրենց էներգատար արտադրութիւնները Հայաստանում տեղակայելու մասին: Արդէն ունենք այդպիսի օրինակներ: Նրանք անգամ համարում են, որ կարող են այստեղից իրենց արտադրանքն առանց խոչընդոտների արտահանել նաեւ Մաքսային միութեան այլ երկրներ», դիտել տուած է ան:

«Սա, ի հարկէ, շատ լաւ է, բայց կայ նաեւ երկրորդ հանգամանքը. մարդիկ չեն կարողանում հասկանալ, թէ ինչպէ՞ս է ստացւում, որ մենք ստանում ենք ամենաէժան գազը սահմանի վրայ, բայց սահմանից մինչեւ իրենց բնակարան բաւականաչափ թանկանում է: Եւ սրա մասին մենք քիչ ենք խօսում: Մենք պէտք է խօսենք, հասկանո՞ւմ էք, սա մեր աշխատանքն է: Այս նախարարութեան աշխատանքն է նաեւ: Մենք պէտք է մարդկանց բացատրենք, թէ այդ գումարները որտեղի՞ց են առաջանում: Այդ ի՞նչ աւելացումներ են այդ էժան գազի վրայ, որ բերում հասցնում են դրան», ըսած է Սերժ Սարգսեանը եւ շարունակած. «Մարդկանց պէտք է բացատրել, որ մենք եթէ այդ միջոցառումները չանցկացնենք, եթէ խողովակ չփոխենք, եթէ ժամանակակից սարքաւորումներ չդնենք եւ այլն, վաղը, միւս օրը մենք կարող ենք շատ մեծ խնդիրների առջեւ կանգնել: Մեզնից իւրաքանչիւրն է պարտաւոր դա անել»:

«Ես ուրախ եմ, որ այս հարցով նաեւ Ազգային ժողովի յանձնաժողով է ստեղծուել: Սա շատ լաւ, լուրջ առիթ է, որպէսզի մէկ անգամ եւս այս հարցերն ուսումնասիրուեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրութեանը», յայտարարած է Սերժ Սարգսեան:

comments