Ըստ Սարգսեանի՝ Ամէն Ինչ Կախուած Է Քաղաքական Ուժերէն

By Asbarez | Wednesday, 09 September 2009

ԽՐՈՒԱԹԻԱ.- Նախագահ Սերժ Սարգսեան, որ պաշտօնական այցով Երկուշաբթի օր մեկնած է Խրուաթիա, հիւրընկալ երկրի նախագահ Ստեփան Մեսիչի հետ ունեցած է միացեալ մամլոյ ասուլիս մը: Սոյն ասուլիսին ընթացքին, նախագահը պատասխանած է <<Ռեգնում>> լրատուական գործակալութեան լրագրողի հարցումին:

<<Երկու արձանագրութիւնների նախաստորագրմամբ հայ-թուրքական քաղաքական երկխօսութիւնը, կարծէք, նոր փուլ է մտնում: Ո՞րն է Ձեր ակնկալիքն այս փուլում>>, հարց տուած է <<Ռեգնում>>ի լրագրողը, որուն նախագահը տուած է հետեւեալ պատասխանը. <<Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման իմ նախաձեռնութիւնը երկու հարեւան պետութիւնների միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած քայլ էր, յարաբերութիւններ, որոնք յարիր են 21րդ դարին: Այժմ մեր երկրներում սկսուել է այդ փաստաթղթերի ներքաղաքական քննարկումների փուլ: Մենք առաջին անգամ մեր հասարակութեան քննարկմանն ենք ներկայացնում միջազգային պայմանագիր՝ մինչ դրա ստորագրումը: Համոզուած եմ, որ հիմա ամէն ինչ կախուած է երկու երկրների քաղաքական ուժերի եւ առաջին հերթին ղեկավարների քաղաքական հեռատեսութիւնից ու քաղաքական կամքից: Մենք կամ ճանապարհ ենք բացում դէպի նոր Հարաւային Կովկաս կամ մեր տարածաշրջանում խորացնում ենք հակասութիւնները, անվստահութիւնը եւ թշնամանքը: Ես յոյս ունեմ, որ մենք կ՛ընտրենք առաջին ճանապարհը>>:

 

comments

Advertisement