Վարդան Բախշեանի եւ մեր միւս հերոսների յիշատակին

By Asbarez | Thursday, 08 May 2014

ԱՐՄԷՆ ԴԱՒԹԵԱՆ

«Ամենաազատ Մարդը Ռազմիկն է…». Ֆ.Նիցշէ

Վերցնում ենք թէյի ափսէ, մէջը լցնում ձէթ: Յետոյ վերցնում ենք օգտագործուած վիրակապ (չօգտագործուածն ափսոս է), կտրում ենք մի ափաչափ կտոր եւ փռում ափսէի մէջ՝ ափսէից դուրս թողնելով կտորի մի անկիւնը, որ ոլորելով ու «պատրոյգ» սարքելով, թողնում ենք օդում: Արիւնով ներծծուած վիրակապը ներծծւում է արդէն ձէթով, եւ վառում ենք «պատրոյգը»: Ճրագ է:


Այսպէս մոլորակի վրայ գոյութիւն ունեցող ամենաֆանտաստիկ պետութեան մէջ լուսաւորւում է նկուղ-ապաստարան-զօրանոցը: Այսպէս կենցաղային մանրուքները վերաճում են մասունքների, եւ կենցաղային առարկաները, թեւաւորուելով, «աղաւնակերպ իջմամբ» թառում են խորհրդանիշների պատուանդանին: Այսպէս իրերը (ձէթ, արիւն, վիրակապ), այս աշխարհիկ պայմանականութիւնների վարագոյրը պատռելով, ներկայացնում են ճրագի արարողութիւնը, եւ զօրանոցում քնած կամաւորների դէմքերին տարածւում է միստերիալ (առեղծուածային-Խմբ.) ճշմարտութիւնների լոյսը: Այսպէս բացւում են իրերի «անդրկուլիսեան» զուգիմաստները, որտեղ ձէթը հաւատն է, որ պիտի չսպառուի, եւ արիւնը պայքարն է, որ պիտի չորանայ: Պիտի չորանայ, որովհետեւ յաղթանակն է վիրակապ: Ճրագ է:
Ընդամէնը հերթապահի վառած ճրագ՝ գիշերուայ 3 անց 20 րոպէին: Բոլորը քնած են, եւ բացառապէս բոլոր քնածները երազի մէջ խօսում են բարձրաձայն, եւ բացառապէս բոլորի երազներում կռիւ է: Հերթապահը ենթադրեց, որ ինքն էլ քնի մէջ խօսում է, որովհետեւ այսքան տարբեր մարդկանց մէջ ինքը չէր կարող բացառութիւն լինել: Եւ այդ միակ հանդիսականի առաջ այսպէս խօսեց քնած զօրանոցը՝ «կրա՜կ», «աջի՜ց մտէք, աջի՜ց», «սպասէ՜ք, չկրակէ՜ք. թող մօտիկանան», «էդ ո՞ւր, հե՜տ արի, հե՜տ արի, անասուն», «գլխիս Յունան Աւետիսեան են դառել», «պրիկռիւատ արէք (ծածկէք-Խմբ.), ես մտայ», «ի՞նչ ադբոյ (դադարեցնել-Խմբ.), ո՞նց թէ ադբոյ, բարձունքների կէսը վերցրել ենք նո՞ր են ադբոյ տալիս… շտաբի կռիսներ (առնէտներ-Խմբ.)… էլ ո՛նց կըլներ, Եւրոպայից մարդ ա էկել, վրե՜ն թէ չի էկել», «շալակէք, իջացրէք», «չէ, բան չկայ. կապի ստուգում», «էդ պուլիմէօտչիկին (հրաձիգին-Խմբ.) ասէք, թող ռեմբոյութիւն չանի»…



 


Հերթապահն առաջ էլ լսել էր իր քնած ընկերների «մենախօսութիւններից» հատուածներ, բայց այսպիսի բազմաձայն «երգչախումբ» առաջին անգամ էր լսում: Նա չէր ուզենայ ընդհատել այս «համերգը», թէեւ արդէն ծիծաղից թուլացել էր, բայց կար հրաման: Վերջապէս սկսւում էր այնքան սպասուած գործողութիւնը.

Ձրիակերնե՛ր, պադէօ՛մ (արթնացէ՛ք-Խմբ.):

Նախանձէ՛ք:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր աշխարհիս հզօրներին խանգարում են վերասերել ու վերստեղծել աշխարհը «ըստ իրենց պատկերի»:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր միջազգային դահլիճներում պարբերաբար բեմադրուող քաղաքական պոռնօ-շօուներից հեռու, բերդերն ու ամրոցներն իրենց գլխին որպէս
թագ կրող լեռներում, բորենիներ կերակրող գիշերների միջով աշխարհի քարտէս են փոխում ըստ մեր պատկերի:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր ազատասէրներ չեն, այլ ազատաբերներ, ում մէջքի եւ պարանոցի շուրջ աղջիկների փոխարէն բաղեղւում են գնդացիրների լիցքաւորուած ժապաւէններ:

Նախանձէ՛ք նրանց, հայրենասէրներ, որովհետեւ Հայրենիքը սիրելու համար չէ, այլ կրելու:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ոտքերի տակ՝ որպէս պայթիւնից ցնցուող հող, որպէս ձիւն, որպէս ջրափոս, որպէս զառիթափ, որպէս զառիվեր, որպէս ողբերգական պատահականութեամբ տրորուած ական:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ոտքերի մէջ՝ որպէս տնքացող մկան, որպէս փամփուշտի բացած անցք, որպէս ուռած երակ, ովքեր կրում են Հայրենիքն իրենց մաշկի տակ ու մսերի մէջ՝ որպէս արկերի ու նռնակների բեկորներ:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց կրծքի վրայ՝ որպէս քրքրուած փամփշտակալ, որպէս մեռած ընկերների եւ անմեռ դրօշների առաջ պատուի առնողի ինքնաձիգ:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ափերի մէջ՝ որպէս հրասայլերի ու զրահամեքենաների լծակներ, որպէս պատգարակների բռնակներ, որպէս պատանդ վերցուող գաղութարարների եւ մարտի դաշտում անձնատուր լինող թշնամիների վզակոթեր:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց աչքերի մէջ՝ որպէս «գրադ»ի հարուածից հալուող «ՈՒԱԶ» (բեռնատար մեքենայի տեսակ-Խմբ.), որպէս հարուածային ալիքի ուժով խանութի հսկայական ցուցափեղկից պոկուած սաւառնող ապակի, որպէս թունաւոր գազերի ու ծխերի առաջացրած ծակոցներ ու մրմուռ:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց քունքի վրայ՝ որպէս տրոփ, որպէս CVD-ի խոշորացոյց, որպէս ժամապահի հեռադիտակ:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց շուրթերի վրայ՝ որպէս անվարժ փաթաթուած «մախորկայի թութուն», որպէս կախուած սառցաշիթեր, որպէս երդման պահին մօտեցուող դրօշ, որպէս հայոց լեզու, լեզու եւ երգ. «Թրքաց մայրեր թող լան, եւ դուն ուրախ լուրեր տար ի Զեյթուն»:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ականջներում՝ որպէս հրետակոծութեան դղրդիւն, որպէս վիրաւորի հառաչ, որպէս ռացիայի (օրաբաժինի-Խմբ.) մէջ մտած թուրքերէն հայհոյանք, որպէս գլխարկը տանող փամփուշտների վըստվըստոց, որպէս պատուոյ համազարկը բազմապատկող արձագանգ՝ ձորերում:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց դէմքերի վրայ՝ որպէս մուր, որպէս ուժեղ ցաւից առաջացած ծամածռութիւն, որպէս առաւօտեան լուացուելու ձիւն, որպէս լեռներ մտրակող քամիներից պաշտպանուելու դիմակ, որպէս գիշերային մարտի գնացող գրոհայինների (այս բառը ՏԱՍՍի գրած եւ «Արմէնպրէս»ի սխալ թարգմանած «բոյեւիկ»ի հետ կապ չունի. «գրոհային»ի ռուսերէնը «շտուրմովիկ»ն է) սեւ գրիմ (յիշէք թուրքերի յայտարարութիւնը. «Հայերի կողմից նեգրեր են կռւում»):

 


Նախանձէ՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ճակատներին՝ որպէս քրտինք, որպէս սպի, որպէս գլխարկին ամրացուած զինանշան, որպէս ահաւոր աղմուկի մէջ գլխացաւը մեղմող ձիգ գլխակապ:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց արմունկների վրայ՝ որպէս ցեխ՝ սողալու պահին, ովքեր կրում են Հայրենիքը նոյնիսկ իրենց շորերի ու մազերի մէջ, որպէս վառօդի հոտ:

Նրանք ոտից գլուխ քայլող հայրենիքներ են՝ փոքրիկ եւ փոքրիկ Հայրենիք քայլեցնողներ:

Նախանձէ՛ք նրանց, ովքեր դրան աննշան ճռռոցից վեր են թռչում, որովհետեւ Հայրենիքը կրում են քրքրուած ջղերի մէջ եւ կոնտուզիա (ջարդուածք-Խմբ.) ստացած ուղեղներում, որպէս չընդհատուող դը՛ժժժժժժժ…

Նախանձէ՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ուսերի վրայ՝ որպէս ալիւրի պարկ, որպէս խղճի լուծ, որպէս RPG, որպէս «ստինգեր», որպէս ընկերոջ դագաղ, ովքեր կրում ենք Հայրենիքն իրենց ուսերի վրայ՝ որպէս թեւեր «Կամաւոր բանակ, տորմիղ հրաթեւ»:

Թշնամու ատելութեամբ չափէք ձեր գործերի լրջութիւնը, եւ քաղաքական դէմքերի ու կազմակերպութիւնների մի հսկայ քանակութիւն ծիծաղելի կը դառնայ: Ուրեմն՝ նախանձէ՛ք նրանց, ովքեր արժանի եղան ամենամեծ ատելութեանը:

 


Նախանձէ՛ք նրանց, քրիստոնեանե՛ր, որովհետեւ նրանք վկաների ու մարտիրոսների պէս յօժար գնում են ինքնազոհաբերման՝ կատակը շուրթերին եւ ծիծաղն աչքերի մէջ («եւ զոհաբերումն այսպէս խնդագին»), թէեւ ոչ մի կապ չունեն մէկ նախադասութեան մէջ վեց անգամ Աստծոյ անունը հոլովողների հետ: Նրա՛նք են այսօրուայ ամենահաւատաւոր քրիստոնեաները:

Նախանձէ՛ք նրանց, հեթանոսնե՛ր, որովհետեւ ամենահեթանոս կեցուածքը երգելով արեան հանդէս մտնելն է, յաղթանակով, ռազմավարով ու գերիներով վերադառնալը: Նաեւ այդ առթիւ գինարբուք սարքելը: Բոլոր ժամանակների ամենաթանկ աւարը եղել է թշնամու դրօշը, զէնքն ու զինամթերքը: Նրանք ոչ թէ ձեր սուտ քրմերի նման յօրինում-սարքում-բեմադրում են իբր հայկական հեթանոսական ծէսեր, այլ իբրեւ ապրելու կերպ, պարբերաբար (հերթական գործողութիւնից յետոյ) կատարում են աշխահի հնագոյն ու հեթանոս ծէսերից մէկը՝ թշնամուց առգրաւուած դրօշը ոտքերի տակ նետելով: Նրա՛նք են այսօրուայ ամենակեանքոտ հեթանոսները:

Նախանձէ՛ք նրանց, ժողովրդավարնե՛ր, որովհետեւ նրանց շնորհիւ է գալիս քաղաքական ազատութիւնը, իսկ «քաղաքական ազատութիւնը հիմքն է եւ անհրաժեշտ նախապայմանը բոլոր միւս ազատութիւնների» (Յ.Քաջազնունի): Ուստի նրա՛նք են այսօրուայ ամենասկզբունքային ժողովրդավարները:

 


Նախանձէ՛ք նրանց, իրաւապաշտպաննե՛ր, որովհետեւ իրաւունք պաշտպանելու համար նրանք երկաթէ երաշխիքներ ունեն եւ դրանով արդէն իրե՛նք են այսօրուայ ամենայուսալի իրաւապաշտպանները:

Նախանձէ՛ք նրանց, այլախոհնե՛ր, որովհետեւ որեւէ իշխանութիւն ձեզանից վախեցել է լոկ այնքանով, որքանով դուք կարող էիք ոտքի հանել ռազմիկների: Այնպէս, որ նոյնիսկ ձեր սեփական արժէքի եւ նշանակութեան համար դուք պարտական էք նրանց գոյութեանը: Ուրեմն՝ նրա՛նք են այսօրուայ ամենավտանգաւոր այլախոհները:

Նախանձէ՛ք նրանց նաեւ դուք՝ անգրագէտնե՛ր, եւ մի՛ փառաբանէք: Եթէ դուք իմանայիք մեր այբուբենի բոլոր տառերը, ապա կը կարողանայիք կարդալ այն մասին, որ փառքը չի պատկանում մարդկանց եւ այս աշխարհին: Փառքն Աստծունն է, անգրագէտնե՛ր: Երբ չէք օգնում եւ փառաբանում էք, դառնում է սեփական ժողովրդին ուղղուած շողոքորթութիւն, իսկ դրա կարիքը ոչ ոք չունի. առաւել եւս՝ նրանք, ում անունները ենթակայ են հրապարակման միայն «գոյժ» բառի տակ:

 


Նախանձէ՛ք նրանց, ստրուկնե՛ր, որովհետեւ ձեզ այլեւս ոչինչ չի մնում անել: Ռուսական, թուրքական ու կոմունիստական կայսրութիւնները, նրանց բռնապետական վարչակարգերը ընդամէնը արդարացումներ են եղել ձեզ համար, եւ այսօր դուք անդուլ որոնումների մէջ էք, որովհետեւ կորցրել էք ձեր վերջին թաքստոցները: Եթէ Հայաստանը լինէր ազատ, անկախ, միացեալ ու ծաղկուն, մէկ է, դուք նոյն ստրուկներ էիք լինելու, որովհետեւ ձերը ներսից է, ի ծնէ եւ ցմահ: Ուրեմն սեւ նախանձով նախանձէ՛ք նրանց, եւ թող նուաստացման ծծումբը քրքրի ձեր ներսը, որովհետեւ նրանց գոյութեամբ դուք հարիւրապատիկ ու հազարապատիկ աւելի անտանելի էք դառնում, եւ նրանց ազնուական խորապատկերի վրայ հարիւրապատիկ ու հազարապատիկ աւելի է ընդգծւում ձեր՝ ծախուելու պատրաստ եւ օրուայ իշխանութիւնների մէջ գնորդներ փնտռող կերպարների թշուառութիւնը:

Լիբերալներին կ՛ուզէի հանգիստ թողնել, բայց, այնուամենայնիւ, յիշեցնեմ, որ քաղաքի որեւէ թաղամաս ռմբակոծելուց առաջ թշնամին հարցաթերթիկներ չի բաժանում նրանց բնակարանների տեղը ճշդելու եւ պատուհանները չվնասելու մտահոգութեամբ:

Նախանձէ՛ք ազատամարտիկներին նաեւ դուք՝ ազնիւ մարդիկ, ինչպէս հերթապահ մնացողն է նախանձում մարտի գնացող ընկերներին: Ես գիտեմ, որ ձեզ համար գնալ, կռուելն աւելի հեշտ է, քան մնալ եւ գործ անելը: Դիմացէ՛ք, երեւի դա էլ ձեր կռիւն է:

Աշխարհը կառավարողները շատ կ՛ուզենային Ղարաբաղը դարձնել յաւէրժական մսաղաց եւ այնտեղ ոչնչացնել հայ գենոտիպի (ժառանգական նախատիպի-Խմբ.) ամենավառ դրսեւորումները, բայց դա չի լինելու ոչ միայն այն պատճառով, որ մեր գենոտիպից դեռ ոչ ոք գլուխ չի հանել, այլ որովհետեւ Ղարաբաղում լինելու է յաղթանակ եւ խաղաղութիւն՝ շնորհիւ աշխարհի ամենաազատ մարդու, որը է ռազմիկը: Գերմարդու որեւէ յաւակնութիւն չունենալով հանդերձ՝ նա ինքն է օրէնքը եւ իրաւունքը, ինքն է դատաւորը եւ դատավճիռ իրականացնողը, ինքն է պաշտպանը, ծառան ու տէրը միաժամանակ: Ազատամարտիկի վազած 100 մետրով ազատագրւում է ամբողջ 100 մետր պատմական Հայրենիք, նրա սողացած 10 մետրով (երանի նրան, ով առանց տեսնելու կը հաւատայ) ե՛ւս 10 մետրով ամբողջանում է նախկին եւ ապագայ Երկիր դրախտավայրը, որովհետեւ հէնց ինքն է, իր մարմինն է ԼՂՀ պետական սահմանի քայլող նշանախեցը:

 

Յ.Գ.- Ես չեմ հաւատում, որ պարտուողականութեան միտող այս մթնոլորտում (Երեւանում) որեւէ յօդուած կարող է օգնել գործին: Սա աւելի շուտ զեղում է, քան յօդուած, իսկ զեղումներն այդպէս են կոչւում հէնց այն պատճառով, որ ինքնաբերաբար են գալիս: Ես պարզապէս ուզում էի ասել, որ աշխարհը յարատեւ է, բայց եւ չի պատրաստւում աւելի լաւը դառնալու: Ուրեմն՝ յարատեւ կռիւը Դաշնակցութեան քմահաճոյքը չէ, եւ ոչ էլ նրա «յեղափոխականութեան» աւելորդ ապացոյցը: Դա ապրելու՝ մեզ պարտադրուած միակ ու վերջին տարբերակն է, եւ մեզ մնում է, որ Հայ Դատը միմեանց փոխանցեն իրաւատէր ծեր ու մանուկ, ինչպէս Արցախում Վարդան Բախշեանի ինքնաձիգն է փոխանցւում նորեկին՝ որպէս վրէժի պարտամուրհակ:… Եւ գրանցւում է մատեանի մէջ թիւ 119935 AKM: Մնացեալը դերասանութիւն է:

Ազատամարտը՝ լուսանկարներում:


comments