Շուշիի ազատագրումը. Ռազմական գործողութիւն 1992ի Մայիսի 8-9ին, որի արդիւնքում ազատագրուել է Շուշին

By Asbarez | Thursday, 08 May 2014

Մ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Մշակման եւ իրականացման առումով գրեթէ անթերի, հայ ռազմարուեստի մէջ եզակի ռազմական գործողութիւն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղեան ազատագրական պատերազմում: Շուշիի ազատագրումը իրականացուել է 4 ուղղութիւններով, միաժամանակեայ յարձակումներով՝ Մայիսի լոյս 8ի գիշերը ժամը 11ին, Քիրսի ռազմական դիրքերը գրաւելուց եւ Լաչին-Շուշի ճանապարհը հսկողութեան տակ վերցնելուց յետոյ՝ ՄՄ-21 ռէակտիւ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողութիւնը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Ա. Տէր Թադէոսեանը (Կոմանդոս): Հրամանատարական կէտերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթայեանը, Սերժ Սարգսեանը, Ռ. Գզողեանը, Զ. Բալայեանը, կապը, բուժօգնութիւնը, հրետանային նախապատրաստութիւնը, ինժեներական ծառայութիւնը: Աշխատանքները համակարգել են համապատասխանաբար Ա. Փափազեանը, Վ. Մարութեանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանեանը, ինչպէս նաեւ ԼՂՀ իշխանութիւնների ներկայացուցիչներ Օ. Եսայեանը, Գ. Պետրոսեանը, Ա. Ղուկասեանը, Ռ. Քոչարեանը եւ ուրիշներ: Շուշիի ազատագրման պլանը օրհնել եւ ԻՊՈՒ շտաբի անդամներին յաջողութիւն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանը:

 


Շուշիի ազատագրման օպերատիւ պլանը մշակուել է Ա. Տէր Թադէոսեանի գլխաւորութեամբ, ինչին զինուորականները ձեռնամուխ են եղել Խօջալուն ազատագրելուց անմիջապէս յետոյ: Պլանը կազմուել է Մարտ-Ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տուեալները ճշգրտելուց յետոյ: Յարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ. էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով եւ սպառազինութեամբ: Օպերատիւ իրավիճակը վերահսկւում էր, փոփոխութիւնների մասին անմիջապէս տեղեկացւում էին Վ. Սարգսեանն ու Ս. Սարգսեանը: Պլանը կազմուել է գաղտնիութեան պայմաններում՝ Ա. Տէր-Թադէոսեանի, Ռ. Գզողեանի, Ս. Սարգսեանի, Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարեանի, ինչպէս նաեւ հիմնական ուղղութիւնների հրամանատարների (Ս. Բաբայեան, Ա. Կարապետեան, Ս. Օհանեան, Վ. Չիթչեան եւ ուրիշներ) գործուն մասնակցութեամբ: Ապրիլի 28ին արդէն վերջնականապէս որոշուել, ճշգրտուել էին յարձակման գլխաւոր ուղղութիւնները, հրամանատարները, առկայ զէնք ու զինամթերքի քանակը: Լ. Մարտիրոսովի յանձնարարութեամբ պատրաստուել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրայ հրամանատարները ճշգրտել են իրենց գործողութիւններն ու ընթացիկ ուղղութիւնները: Ռազմագործողութիւնը ղեկավարել են Շօշից հիւսիս գտնուող թիւ բարձունքի վրայ տեղակայուած եւ 4 այլ հրամանատարական դիտակէտերից: Յարձակումը նախատեսուած էր սկսել դեռեւս Մայիսի 4ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինութեան պակաս, վատ եղանակ եւ այլն) յետաձգուել էր: ԻՊՈՒի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 յարձակողական եւ մէկ պահեստազօրային խմբերը Մայիսի 8ի գիշերը միաժամանակ անցել են յարձակման:

 


Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրուել է Մայիսի 4ին, հետեւեալ մանրամասներով.
1. Հակառակորդը շրջանաձեւ դիրքեր է գրաւում Շուշիի բարձունքներում՝ մօտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գիւղում՝ մօտ 100 մարդ, Լիսագորում՝ մօտ 300-350 մարդ, Քեօսալարի ուղղութեամբ՝ մօտ 300 մարդ:
2. Մեր խնդիրը՝
ա. Ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագեաւ բնակավայրերում.
բ. Ջախջախել հակառակորդին Շուշիի մատոյցներում, գրաւել Շուշին եւ այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անուանումը).
գ. Յետագայում յարձակուել Բերդաձորի ուղղութեամբ եւ Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից:
3. Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քեօսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատոյցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով:
Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրաւել թիւ բարձունքը եւ դիրքաւորուել այնտեղ: Ուժերի վերախմբաւորումից յետոյ նոյն ժամանակում սկսել յարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրայ եւ յարձակման անցնել 4 ուղղութիւններով.
ա. Շօշի (արեւելեան) ուղղութիւն, հրամանատար՝ Ա. Կարապետեան,
բ. «26»ի (հիւսիսային) ուղղութիւն, հրամանատար՝ Վ. Չիթչեան,
գ. Լաչինի (հարաւային) ուղղութիւն, հրամանատար՝ Ս. Բաբայեան,
դ. Քեօսալարի (հիւսիս-արեւմտեան) ուղղութիւն, հրամանատար՝ Ս. Օհանեան:
Պահեստազօրի հրամանատար՝ Իւ. Յովհաննիսեան:
Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել թիւ բարձունքներում, դիրքաւորուել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն եւ ազատագրել Շուշին:
4. Մարտակարգը.
ա. Հարաւային ուղղութիւնում գործում են 2րդ եւ 3րդ վաշտերը, Բերդաձորի, Չանախչիի, Սղնախի, Կարաբուլաղի, Տումիի, Քարինտակի, աֆղանցիների, դաշնակցականների, Քիրսի ջոկատները, ինժեներ-սակրաւորների, կապաւորների խումբը, դաշտային հոսպիտալը, ՀՕՊը:
բ. Հիւսիսային ուղղութիւնում՝ 4րդ, 5րդ, 6րդ, 7րդ, 8րդ, 9րդ եւ հետախուզական վաշտերը, «ՄՄ-21» եւ «Դ-30» մարտկոցները, յատուկ «Ֆ» հետախուզական խումբը, Կոռնիձորի, Հրազդանի, Սեւանի, Ստեփանաւանի ջոկատները, «ԱԲ» խումբը, 1ին գրոհային ջոկատը, սակրաւորների, կապաւորների, բժիշկների խմբերը:
գ. Արեւելեան ուղղութիւնում՝ 1ին վաշտը, Շօշի, Դաշուշէնի, Քռասնիի, Արարատի, «Կամուրջ», «Ա» ջոկատները, հետախուզական խումբը, դաշնակցական ջոկատը, Վ. Ստեփանեանի, Արարատի, Փոքր Յարութի դասակները, ականանետային գումարտակը, սակրաւորների, կապաւորների, բժիշկների խմբերը, հրամկետը, ՀՕՊը:
դ. Քեօսալարի ուղղութիւնում՝ Բադարայի, «Կումայրի», Բալլուջայի, Դաշբուլաղի, Մեհտիշէնի, Խնածախի, Դահրազի, «Գ» եւ «Դ» ջոկատները, դիւերսիոն հետախուզական խումբը, նիւթական մատակարարման վաշտը, սակրաւորների, կապաւորների, բժիշկների խմբերը, ՀՕՊը:
5. Հրամայում եմ՝
ա. Շօշի ուղղութիւնում՝ յարձակումը զարգացնել ելման սահմանագծից՝ Մխիթարիշէն գիւղի մօտից՝ քաղաքի ծայրամասում կանաչներին ոչնչացնելու եւ այնտեղ (բանտ եւ հիւանդանոց) ամրանալու նպատակով:
բ. «26»ի ուղղութիւնում՝ գրաւել թիւ բարձունքները եւ ամրանալ խաչմերուկի սահմանագծում, ապա պահեստազօրի ներգրաւումով՝ գրաւել Շուշիի ծայրամասը:
գ. Լաչինի ուղղութիւնում՝ զարգացնելով յարձակումը Զառսլուի եւ Լիսագորի վրայ՝ միաժամանակ հարուածել ուղեկալին եւ գրաւել Շուշիի հարաւ-արեւմտեան ծայրամասը:
դ. Քեօսալարի ուղղութիւնում՝ յարձակումը զարգացնել երկու ուղղութեամբ՝ նախ հակառակորդին շեղելու նպատակով, իսկ յարձակման յաջող զարգացման դէպքում, գրաւել Կարգեաւը եւ æանհասանը:
ե. Բոլոր ուղղութիւններում՝ պահեստային ուժեր ընդգրկել միայն առաջնահերթ խնդիրը լուծելուց յետոյ, իսկ անհրաժեշտաբար՝ իրադրութեան բարդացման դէպքում:
6. Մարտական մեքենաները գործում են հիմնական կրակային դիրքերում՝ անհրաժեշտութեան դէպքում փոխելով կրակային դիրքերը, հիմնականում հրետանային պատրաստութիւնից յետոյ, հարկ եղած դէպքում՝ հակառակորդի յենակէտերի խորքերում:
7. Կրակային դարաններ սարքել. Ղայբալու-Բաշքենդ, Քեօսալար-æանհասան, æանհասան-Կարագեաւ, Շուշի-Լաչին ճանապարհներին»:
Այնուհետեւ շարադրուած են հրետանային եւ այլ ստորաբաժանումների առաջադրանքները, սահմանուած է ռազմամթերքի ծախսը:
Հրամանը վաւերացուած է հրամանատար, գնդապետ Ա. Տէր-Թադէոսեանի եւ հրամանատարի տեղակալ Ռ. Գզողեանի ստորագրութիւններով:
Ռազմական գործողութիւնը զարգացել է նշուած 4 ուղղութիւններով.
«26»ի (հիւսիսային) ուղղութիւն
Ստեփանակերտ-Շուշի մայրուղիով, նրա աջ ու ձախ եզրերով գրոհել են 4րդ վաշտի (հրամանատար՝ Իւ. Պօղոսեան) 4 դասակները՝ Գ. Սարգսեանի, Ս. Կարապետեանի, Կ. Մարտիրոսեանի եւ Վ. Ղարիբեանի հրամանատարութեամբ: «Երեք աշտարակներ»ի բլրի գրոհը 20 րոպէ անց պսակուել է յաջողութեամբ: Սակայն, աւելի ուշ ԻՊՈՒի զրահատեխնիկան խփուել կամ տեխնիկական պատճառներով շարքից դուրս է եկել: Առաւօտեան ժամը 10ի մօտ անակնկալ խփուել է տանկերից մէկը, որոշ ժամանակ ընդհատուել են ռազմական գործողութիւնները, ԻՊՈՒ ստորաբաժանումները նահանջել են դէպի յարմարաւէտ դիրքեր: Մարտերը վերսկսուել են Մայիսի 8ի ամբողջ ցերեկը եւ գիշերը, մինչեւ ադրբեջանցի զինեալները հարկադրուած լքել են դիրքերը: Ս. Թովմասեանի գլխաւորութեամբ Շուշիի շրջարդմիաւորման պահեստների վրայ շարժուել են 6րդ վաշտի (հրամանատար՝ Կ. Ներսիսեան), իսկ աջ թեւով՝ հետախուզական վաշտի (հրամանատար՝ Ս. Աբրահամեան) զինուորները: Համատեղ ուժերով յաջողուել է տիրել նպաստաւոր դիրքերի, ճանապարհի վրայ իշխող բլուրներին, ինչի շնորհիւ յետ են մղուել պարբերաբար օգնութեան շտապող հակառակորդի ուժերը, շարքից հանուել է հակառակորդի մի քանի փոխադրամիջոց, փախուստի մատնուել մայրուղու վրայ մանեւրող 2 տանկ: Այնուհետեւ հայ ազատամարտիկներն առաջացել են քաղաքի մատոյցներում գտնուող բենզալցակայանի ուղղութեամբ: Երաժշտական գործիքների գործարանի մօտ առգրաւուել է 2 հակատանկային թնդանօթ: Ռազմավարական բարձունքներին տիրելով՝ 6րդ եւ հետախուզական վաշտերը նպաստել են ընդհանուր յաղթանակին:

 


Շօշի (արեւելեան) ուղղութիւն
Բերդաքաղաքի արեւելեան կողմից հակառակորդի դիմադրութիւնը յաղթահարելու եւ անառիկ բնագծերում նրա պաշտպանութիւնը ճեղքելու խնդիրը համեմատաբար դժուար լուծելի էր, պահանջում էր ուժերի գերագոյն լարում: Հակառակորդն այս ճակատից սպասելով յարձակման՝ նախօրօք մեծ քանակութեամբ կենդանի ուժ եւ սպառազինութիւն էր կենտրոնացրել այնտեղ: Մայիսի լոյս 8ի գիշերը 3 ուղղութիւններով սկսուել է հարուածային ուժերի առաջխաղացումը: Ձախում Շօշ գիւղի ինքնապաշտպանական ջոկատն էր՝ Ա. Յարութիւնեանի հրամանատարութեամբ, կենտրոնում՝ 1ին վաշտը՝ Ա. Ղուլեանի հրամանատարութեամբ, որը շարժւում էր ուղիղ բանտի վրայ, իսկ աջ թեւում Ռ. Իսրայէլեանի ընդհանուր հրամանատարութեամբ գործել են յատուկ հետախուզական խումբը (հրամանատարի պաշտօնակատար՝ Գ. Օսիպով), Քռասնիի (հրամանատար՝ Վ. Բաղրեան), Քարաշէնի (հրամանատար՝ Վ. Սաֆարեան) եւ կամաւորական այլ ջոկատներ: Կատաղի մարտեր են ծաւալուել ձախ թեւում, որտեղ հայ մարտիկներին յաջողուել է վերահսկել իրադրութիւնը: Այստեղ աչքի է ընկել յատկապէս Ա. Ղուլեանը, որն անձնական օրինակով քաջալերել է իր զինակիցներին: Ուժերը վերախմբաւորելուց եւ համալրելուց յետոյ, Մայիսի 9ին, ժամը 1ին, հայ մարտիկները վերսկսել են գրոհը, որն աւարտուել է յաջողութեամբ՝ բանտի տարածքի ազատագրումով: Շօշ գիւղից մեծ թուով բնակիչներ նոյնպէս մասնակցել են գրոհին՝ պատրաստ անմիջապէս փոխարինելու զոհուած կամ վիրաւորուած մարտիկներին: Նրանք օգնել են վիրաւորներին, փամփուշտներ հասցրել կռուողներին:
Աջ թեւի ստորաբաժանումները, յաղթահարելով հակառակորդի դիմադրութիւնը ֆիննական տնակների շրջանում, գրաւել են անասնապահական ֆերմաների առաջին շէնքը, սակայն երկրորդում, որտեղ հաւաքուել էին «Երեք աշտարակներ»ի բարձունքից փախած ադրբեջանցիներ, կատաղի դիմադրութեան են հանդիպել: Հայ մարտիկներից եղել են զոհեր ու վիրաւորներ: Բայց, ի վերջոյ, յաջողուել է ոչնչացնել հակառակորդի ուժերը: Այնուհետեւ, աւտոբազայից անցնելով, այդ ջոկատները յարձակումը շարունակել են 4րդ վաշտի ստորաբաժանումների հետ համատեղ:


Լաչինի (հարաւային) ուղղութիւն
2րդ եւ 3րդ վաշտերի (հրամանատարներ՝ Հ. Ծատրեան, Ա. Խաչատրեան), Աւետարանոց գիւղի ինքնապաշտպանական ջոկատի (հրամանատար՝ Հ. Ստեփանեան) մարտիկները, դաշնակցականների Էջմիածնի դասակի (հրամանատար՝ Հ. Աբրահամեան) աջակցութեամբ, յանկարծակի գրոհով տիրել են Քիրս լերան ստորոտում գտնուող հակառակորդի ռազմակայանին՝ առգրաւելով 1 ՄՄ-21 կայանք, 1 տանկ, 1 զրահամեքենայ, զէնք ու զինամթերք: Սզնեքի, «Քիրսի», Քարինտակի եւ Արտաշատի այլ կամաւորական ջոկատներ, յարձակման անցնելով Նաբիլարի, Կարմիր-քարի եւ Տիսկած-քերծի դիրքերի ուղղութեամբ, դուրս են եկել Շուշի-Լաչին մայրուղի: Այդ ճեղքումը հնարաւոր է եղել 2րդ վաշտի զրահատեխնիկայի հարուածային խմբի օգնութեամբ: Ակնաղբիւրի ու Սարուշէնի միացեալ (հրամանատար՝ Ա. Ղարամեան), աֆղանցիների (հրամանատար՝ Ն. Չախոյեան), «Մերգելեան» (հրամանատար՝ Ա. Յարութիւնեան) եւ Բիւրեղաւանի (հրամանատար՝ Վ. Ղարսոյեան) ջոկատները, լայն շրջանցումով, Զառսլու գիւղի ուղղութեամբ դուրս են եկել Շուշի-Լաչին ճանապարհի մատոյցները:
Դաշնակցականների ջոկատները՝ Ժ. Սեֆիլեանի եւ Վ. Բալայեանի հրամանատարութեամբ, խնդիր ունէին բերդաձորցի մարտիկների ուղեկցութեամբ շրջանցել Շուշին ու Զառսլուն եւ հասնել Լիսագորի ռազմավարական բարձունքին: Մարտերն արդէն ընթանում էին Շուշիի մատոյցներում, սակայն շրջանցող այդ խմբերին յաջողուել է հասնել ընդամէնը Զառսլուի բարձունքներին: Թէեւ նրանց չի յաջողուել իրագործել առաջադրուած խնդիրը, սակայն Լաչին-Շուշի ճանապարհի մերձակայ բարձունքներին նրանց յայտնուելը կատարեալ է դարձրել փախչող հակառակորդի խուճապը: Այդպիսով, հարաւային (Լաչինի) ուղղութեամբ ծաւալուած մարտերի արդիւնքում յաջողուել է շեղել հակառակորդի ուշադրութիւնը գլխաւոր՝ Շուշիի ճակատից, հակառակորդի նահանջի ճանապարհը փակելու սպառնալիքով բազմապատկել նրա խուճապը, զրկել ադրբեջանական հրամանատարութեանը Զառսլուում ուժերի վերախմբաւորում կատարելու եւ հակայարձակման անցնելու հնարաւորութիւնից:
æանհասան-Քեօսալարի (հիւսիս-արեւմտեան) ուղղութիւն
Այս ուղղութեամբ հայկական ուժերը հետապնդել են 2 նպատակ՝ կանխել եւ ստեղծել խուճապային դրութիւն, շեղել հակառակորդի ուշադրութիւնը, ապահովել Շուշիի վրայ հիւսիսից յարձակուող ուժերի թիկունքը: Եւ քանի որ այդ ուղղութեամբ կենտրոնացուած էին հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ ու սպառազինութիւն, իսկ տեղանքը բաւական բարդ էր, ուստի հարկ է եղել այնտեղ տեղաբաշխել մարտունակ ու շարժուն ստորաբաժանումներ: Նրանք նախատեսուած էին նաեւ, հարկ եղած դէպքում, արագ յետ քաշուելու եւ Շուշիի ուղղութեամբ օգնութեան հասնելու համար: Այգեստանի վաշտի 3 դասակներին, «Կումայրի» եւ «Արամօ» ջոկատներին, շտաբի դիւերսիոն-հետախուզական խմբին, Մեհտիշէնի ջոկատին (հրամանատար՝ Ս. Յակոբեան)՝ Ս. Օհանեանի ընդհանուր հրամանատարութեամբ, յաջողուել է մտնել թշնամու դասաւորութեան խորքերը, գրաւել 1 ականանետային, 1 ՀՄՄ-21 եւ 3 հրանօթային կրակադիրքեր, վերահսկողութեան տակ առնել æանհասան գիւղը, դէպի Քեօսալար ու Կարագեաւ տանող ճանապարհները: Հակառակորդը կանխազգալով պարտութեան վտանգը՝ Շուշիից զգալի քանակութեամբ ուժեր է հանել ու նետել æանհասանի ճակատ՝ թուլացնելով Շուշիի պաշտպանութիւնը: Միաժամանակ համալրելով ու վերախմբաւորելով ուժերը՝ զրահատեխնիկայի աջակցութեամբ անցել է հակայարձակման. զոհեր են եղել «Կումայրի» ջոկատից: «26ի դիրքեր»ում եւ շրջակայքում տեղակայուած 7րդ, 8րդ, 9րդ վաշտերը եւ այլ ստորաբաժանումներ (Իւ. Յովհաննիսեանի ընդհանուր հրամանատարութեամբ) այդ ընթացքում յուսալիօրէն փակել են ճանապարհը, որ æանհասանից Շուշի օգնական ուժեր չուղարկուեն: Երբ ԻՊՈՒ ստորաբաժանումները հասել են Շուշիի մատոյցներին, ստացուել է նահանջի հրաման: Կազմակերպուած նահանջի ու յամառ դիմադրութեան շնորհիւ հակառակորդի մեծաթիւ ուժերը գամուած են մնացել հիւսիս-արեւմտեան ճակատում, ինչը վճռորոշ նշանակութիւն է ունեցել Շուշիի ազատագրման համար: ԻՊՈՒ հրամանատարութեանն այդպիսով յաջողուել է մոլորեցնել ադրբեջանցիներին՝ ստիպելով գլխաւոր հարուածի ուղղութիւնից դուրս բերել զգալի թուով ուժեր ու միջոցներ: Ռազմական գործողութեան ելքը կանխորոշուել էր արդէն իսկ Մայիսի 8ին, երբ Լաչինի եւ միւս ուղղութիւնների ստորաբաժանումները նպաստաւոր բնագծեր էին գրաւել Շուշիի մատոյցներում: Երեկոյեան կողմ տրուած դադարը հակառակորդին հնարաւորութիւն է ընձեռել յատկացուած միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:
Մայիսի 8ին թշնամին ընդամէնը տարերային դիմադրութիւն է ցոյց տուել: Կէսօրին մօտ յարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպէս նաեւ Շուշին ու Ստեփանակերտը: Աւելի ուշ պարզուել է, որ այդ օդային յարձակման նպատակը Շուշիում թողնուած զինապահեստները պայթեցնելն էր. դրանով ադրբեջանցիները յոյս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի յաջողուել: Երեկոյեան կողմ հիմնականում աւարտուել է Շուշիի «մաքրման» գործողութիւնը եւ Մայիսի 9ին աւարտուել հինաւուրց հայկական բերդաքաղաքի ազատագրումը թշնամուց:
Շուշիի ազատագրման անհրաժեշտութիւնը եւ նախադրեալները
Շուշիի ազատագրման պատմական անհրաժեշտութիւն էր՝ կոչուած վերականգնելու հայկական հինաւուրց հողի վրայ հայերի ապրելու անկապտելի իրաւունքը, ինչպէս նաեւ ամրապնդելու մարտերում կոփուած հայոց յաղթական ոգին: Դրանով Արցախեան շարժումը թեւակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցուել պատերազմում, եւ ԼՂՀ անկախութիւնը դարձել է աւելի քան իրական: Շուշիի ազատագրումը նաեւ տնտեսական անհրաժեշտութիւն էր. ցամաքային եւ օդային ճանապարհների շրջափակման, ելեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի եւ Շուշիից անընդհատ հրթիռակոծութիւնների պատճառով Ստեփանակերտում ու յարակից բնակավայրերում, ինչպէս նաեւ ողջ հանրապետութիւնում կաթուածահար էր եղել տնտեսութիւնը: Շուշին այդ օրերին վերածուել էր Ստեփանակերտը հրետակոծող թիւ 1 կրակակէտի: 1991ի Նոյեմբերից մինչեւ 1992ի Մայիսի սկիզբը Շուշիից, æանհասանից, Քեօսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրայ արձակուել է շուրջ 4740 արկ, որից մօտ 3 հզ.՝ «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծութիւնների հետեւանքով զոհուել են 111 եւ վիրաւորուել 332 խաղաղ բնակիչներ, աւերուել է 370 բնակելի տուն եւ շինութիւն: 1991ի վերջի եւ 1992ի սկզբի ռազմական յաջողութիւնները Տողում, Մարտունիի Խօջաւենդ արուարձանում, Ասկերանի Լեսնոյ, Շահումեանի Էրքէջ, Մանաշիդ եւ Բուզլուխ, Հադրութի Սարինշէն, Սալաքեաթին եւ այլ բնակավայրերում, այնուհետեւ Ստեփանակերտի մերձակայքում գտնուող æամիլլուի (15.12.91), Կրկժանի (20.1.92), Մալիբեկլուի եւ Ղուշչուլարի (9-11.2.92) կրակակէտերի ճնշումը, Խօջալուի ազատագրումն (25-26.2.92) ու օդանաւակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական եւ բարոյահոգեբանական բոլոր նախադրեալները Շուշիի ազատագրմանը նախապատրաստելու համար: Այս առումով առանձնայատուկ նշանակութիւն է ունեցել Քափստակի ինքնապաշտպանութիւնը 1992ի Յունուարի 25-26ին, երբ փոքրաթիւ հայ մարտիկներին յաջողուել է յետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի յարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի աւելի քան 8 տասնեակ զինուորների:
Անյաջողութիւնների իրար յաջորդող շղթայում հաւասարակշռութիւնը կորցրած թշնամին անցել է անկազմակերպ յարձակումների՝ թոյլ տալով մարտավարական կոպիտ սխալներ: Շուշիից եւ æանհասանից, հրետանու եւ զրահատեխնիկայի աջակցութեամբ, Ապրիլի 29ին թշնամին գրոհել է Ստեփանակերտի հարաւ-արեւմտեան դիր-քերը, որոնք յայտնի էին «26ի դիրքեր» ընդհանուր անուամբ: Հայ մարտիկները յաջողութեամբ յետ են մղել այդ յարձակումները, որոնք, ըստ էութեան, Ստեփանակերտի վրայ թշնամու վերջին հետեւակային յարձակումներն էին: Շարունակուել են Ստեփանակերտի ու շրջակայ հայկական բնակավայրերի անխնայ հրթիռահրետակոծութիւնները: Մօտ 1 շաբաթուայ ընթացքում արձակուել է շուրջ 1000 արկ, որից 800ը՝ ռէակտիւ, ինչի հետեւանքով զոհուել են 20 խաղաղ բնակիչներ: Մանեւրելու նպատակով թշնամին ռազմական գործողութիւնները տեղափոխել է ԼՂՀ սահմանամերձ գօտի, Շուշիից դուրս է բերել ամբողջ խաղաղ բնակչութեանը, բայց շարունակել է համալրել սպառազինութիւնը: 1992ի Ապրիլի 27ի դրութեամբ՝ Շուշիում կենտրոնացուել էր 11 տանկ, 9 ՀՄՄ, 12 զրահամեքենայ, 100 մմ.անոց 3 թնդանօթ, ՄՄ-21 հրթիռա-հրետանային 2 կայանք, «ՈՒԱԶ»ների վրայ խարսխուած 3 ԿՊՎԴ խոշոր տրամաչափի գնդացիր, մօտ 1500 զինուոր: Իսկ Մայիսի 6ին Լաչինից Շուշի են բերուել լրացուցիչ 15 մեքենայ ռազմական նշանակութեան բեռ, 4 ՀՄՄ, 4 ԶՓ: Ադրբեջանական լրատուամիջոցները լուր են տարածել, թէ իբր, հայկական կողմն օգտագործել է քիմիական զէնք եւ իրենք ձեռնարկում են «պատասխան ստիպողական գործողութիւններ»: Շուշիի ազատագրման նախապատրաստման շրջանակներում հայկական կողմը ձեռնարկել է նաեւ միջազգային հանրութեանը դրան նախապատրաստելու դիւանագիտական աշխատանք: ՄԱԿի գլխաւոր քարտուղարին, ԵԱՀԽին եւ մի շարք երկրների ղեկավարներին հասցէագրուած ԼՂՀ ԳԽ Փետրուարի 19ի դիմումով նրանց ուշադրութիւնն է հրաւիրուել Ադրբեջանի կողմից իրականացուող ցեղասպանութեան վրայ՝ մասնաւորապէս յիշատակելով Մարաղայի եղեռնագործութիւնը: Մայիսի 1ին ԼՂՀ ԳԽ նախագահութիւնը կրկին դիմել է միջազգային հանրութեանը՝ յայտարարելով, որ Ղարաբաղի ժողովուրդը սովահար է, զրկուած ջրամատակարարումից, ելեկտրականութիւնից, դեղորայքից… Ուստի Շուշիի ազատագրումը Ստեփանակերտի եւ ԼՂՀ ողջ բնակչութեան անվտանգութեան շահերից բխող պարտադրուած անհրաժեշտութիւն էր: 1992ի Մարտ-Ապրիլին, ի պատասխան այդ դիմումի, մի շարք երկրների ներկայացուցիչներ, պետական ու քաղաքական գործիչներ, այդ թւում՝ ՄԱԿի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Ս. Վենսը եւ ԵԱՀԽ լիազօր պատասխանատու Եա. Կուբիչը, Իրանի ԱԳ փոխնախարար Մ. Վայեզին, ՌԴ ԱՕ-նախարար Ա. Կոզիրեւը, ժամանել են տարածաշրջան: Սկսուել է նաեւ բանակցային գործընթաց. Իրանի մայրաքաղաք Թեհրանում Մայիսի 6ին հանդիպել են ՀՀ նախագահ Լ. Տէր Պետրոսեանը, ԻԻՀ նախագահ Հ. Ռաֆսանջեանին եւ Ադրբեջանի նախագահի պաշտօնակատար Եա. Մամեդովը:
Շուշիի ազատագրման ռազմագործողութեան արդիւնքները եւ պատմական նշանակութիւնը
Շուշիի ռազմական գործողութեան փայլուն աւարտը, մանաւանդ կորուստների եւ տեւողութեան նուազագոյն չափը, որ յարուցել է ռազմարուեստի մասնագէտների հիացումը, առաջին հերթին հայ մարտիկների խիզախութեան, գրոհի լաւ կազմակերպման արդիւնքն էր: Մայիսի 8ի երեկոյեան Վ. Սարգսեանը յայտարարել է. «Այն, ինչ կատարւում է Արցախում, հրաշք է…», իսկ յաղթանակի տարելիցին ԼՂՀ ինքնապաշտպանութեան կոմիտէի հրամանագրում նշուած է. «ԼՂՀ ԻՊՈՒ շտաբի հսկայական աշխատանքի ու մանրակրկիտ նախապատրաստութեան, հմուտ ղեկավարութեան, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամտութեան ու փոխհամագործակցութեան, հայ ազատամարտիկների վճռական գործողութիւնների շնորհիւ յաջողուեց երկու օրում կոտրել հակառակորդի դիմադրութիւնը եւ ազատագրել ռազմավարական առումով կարեւոր Շուշի քաղաքը»:
Շուշիի ազատագրումով վնասազերծուել են Ստեփանակերտի շրջակայ բոլոր թշնամական կրակակէտերն ու ռազմական յենակէտերը: Հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան նշանակալի կորուստներ են կրել: Այդ ռազմագործողութեան մշակումն ու իրագործումն ապացուցել են հայ ժողովրդի ռազմական մտքի մշտարթուն կենսունակութիւնը եւ դարձել ԻՊՈՒի մարտական լուրջ մկրտութիւնը: Շուշիի ազատագրմանը յաջորդել է Լաչինի միջանցքի բացման ռազմագործողութիւնը, որով ճեղքուել է ԼՂՀ շրջափակման օղակը, եւ ժողովրդի արհեստականօրէն մասնատուած երկու մասերը գործնականօրէն վերամիաւորուել են, բացուել է ԼՂՀ ՀՀին միացնող կեանքի ճանապարհը: Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախութիւնը: Շուշիի ազատագրումով վերջնականապէս ամրապնդուել է թուաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով յաղթելու հաւատը: Այն բարոյահոգեբանական խորտակիչ հարուած է հասցրել հակառակորդին, որն այդպէս էլ պատերազմի ողջ ընթացքում չի կարողացել յաղթահարել պարտուածի բարդոյթը:
Այս յաղթանակն ունեցել է նաեւ համահայկական խոշոր նշանակութիւն. ալեկոծել է հողագնդով մէկ ցրուած ողջ հայութեանը, առիթ տուել խորհելու ազգային շահերի միասնականութեան ու ընդհանրութեան մասին, վերադարձրել կամքի ազատ արտայայտման ու ինքնորոշման իր անկապտելի իրաւունքները պաշտպանելու հնարաւորութեան հաւատը: Շուշիի յաղթանակը համաշխարհային հասարակայնութեան համար նոյնպէս բացայայտել է արցախեան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջութիւնը: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ. թշնամին՝ 250-300 սպանուած, 600-700 վիրաւոր, 13 գերի: Շուշիի ազատագրման պատմական կարեւորութիւնից ու Ղարաբաղեան պատերազմում ունեցած շրջադարձային նշանակութիւնից ելնելով՝ ԼՂՀ Աժն 1994ին սահմանել է «Շուշիի ազատագրման համար» մեդալ: ՀՀում եւ ԼՂՀում Մայիսի 9ը պաշտօնապէս յայտարարուած է Շուշիի ազատագրման եւ յաղթանակի օր:

 


comments

Advertisement