Դաշնակցութիւնը կը պահանջէ բեկանել Միկոյեանի արձանին վերաբերող որոշումը

By Asbarez | Wednesday, 21 May 2014

 

ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».– Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Երեւանի քաղաքային կոմիտէն մայրաքաղաքի աւագանիէն կը պահանջէ բեկանել Անաստաս Միկոյեանի արձանը տեղադրելու որոշումը եւ հետագային խուսափիլ առանց հանրութիւնը մասնակից դարձնելու մայրաքաղաքին վերաբերող կարեւոր որոշումներ կայացնելու գործելակերպէն:


«Ապրիլի 30ին Երեւանի քաղաքապետարանը, առանց հանրային քննարկման, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյեանի արձանը: Որոշումը կայացուել է ոչ միայն առանց հասարակութեան տեղեկացման, այլեւ վերոյիշեալ գործչի գործունէութեան, Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ նրա ծառայութիւնների արժեւորման շուրջ մասնագիտական քննարկումների: Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետութեան կործանման, հետագայում ստալինեան մարդատեաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման մէջ գործուն դերակատարութիւն ունեցած այս անձի արձանի տեղադրումը սրբապղծութիւն է այդ անմեղ զոհերի յիշատակի եւ նրանց ժառանգների զգացմունքների առջեւ», նշուած է Դաշնակցութեան քաղաքային կոմիտէին հրապարակած յայտարարութեան մէջ։

Նշուած է, որ արձանները ոչ միայն գեղագիտական ճաշակի դաստիարակութեան համար ստեղծուած արուեստի գործեր են, այլեւ՝ ազգային ու բարոյական արժէքներու քարոզչութեան միջոցներ:

«Ամենամակերեսային ուսումնասիրութիւնն անգամ ակնյայտ է դարձնում, որ արձանի տեղադրումը վնասելու է մեր պետութեան միջազգային վարկը, նրան դնելով այն երկրների շարքում, որտեղ գովազդւում ու քարոզւում են բռնապետական վարչակարգերն ու նրանց գործիչները», ըսուած է յայտարարութեան մէջ:


comments