Բանակցային Գործընթացում Անհրաժեշտ Են Նոր Մօտեցումներ
ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ
Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին տարածաշրջան, իսկ մինչ հերթական այցը ամերիկացի համանախագահը հանդէս էր եկել ելոյթով, որի ժամանակ խօսել էր բանակցային սեղանին դրուած 6 կէտերի մասին, որոնցից եւ ոչ մէկը արցախեան կողմի համար ընդունելի չէ: Համանախագահներին արցախցի երիտասարդները Քաշաթաղում դիմաւորեցին բողոքի ցոյցով, որի ժամանակ էլ երիտասարդները ներկայացրին արցախցիների տեսակէտը: Համանախագահների համար, որքան էլ տարօրինակ լինի, անակնկալ է եղել արցախցիների նման վերաբերմունքը:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի համոզմամբ՝ զարմանալի է այն հանգամանքը, որ համանախագահների համար անակնկալ է եղել, երբ Ղարաբաղում ժողովրդի կողմից տեսել են պահանջատիրութեան արտայայտում. «Ստացւում է այնպէս, որ համանախագահների համար անակնկալ չէ, երբ իրենց հերթական այցելութիւններից առաջ Ադրբեջանի իշխանութիւններն ամենաբարձր մակարդակով ռազմատենչ յայտարարութիւններ են անում, որոնք յստակ սպառնալինքեր են հայկական կողմի համար, համանախագահների համար անակնկալ չէ, երբ նախքան իրենց այցելութիւնը կամ իրենց այցելութեան օրերին սահմանին ադրբեջանական դիպուկահարների կողմից հայ զինծառայող է զոհւում, իրենց համար անակնկալ չէ, երբ Ադրբեջանը բազմիցս փորձում է խառնաշփոթ առաջացնել բանակցային գործընթացում կամ փորձում է ընթացող բանակցային գործընթացին նոր ձեւաչափ պարտադրել: Այդ ամէնը կարծես թէ անակնկալ չէ իրենց համար, բայց մեր կողմից բողոքի փոքր ալիքը համանախագահների համար դառնում է անակնկալ: Համանախագահների վերջին այցից յետոյ մենք հերթական անգամ համոզուեցինք, որ համանախագահների այցելութիւնը տարածաշրջան պարզապէս հերթական այցելութիւն է այցելութեան համար»:
Ըստ Դ. Իշխանեանի՝ համանախագահների այցելութիւնը իւրայատուկ է եղել այցի աշխարհագրութեամբ. «Նրանք Արցախի Հանրապետութիւն են մտել Քարվաճառով, նաեւ այցելել են Քաշաթաղի շրջան: Եթէ փորձենք մտովի պատկերացնել բանակցային սեղանին դրուած մեզ համար գոնէ «գաղտնազերծուած» փաստաթղթի որոշակի կէտերը, որտեղ խօսւում են երկու շրջանների մասին, ստացւում է, որ բոլորովին պատահական չէ իրենց այցելութիւնն այդ երկու շրջաններ: Համանախագահներն իրենց յայտարարութեան մէջ անդրադարձ են արել այդ երկու շրջաններին՝ կապուած զարգացման մակարդակին եւ ընդհանուր կացութեանը, ինչպէս նաեւ ժողովրդագրական իրավիճակին: Սակայն այս ամէնը սառցաբեկորի միայն երեւացող կողմն է: Ես համոզուած եմ, որ կայ նաեւ չերեւացող կողմ, որը թերեւս հրապարակային ներկայացուած չէ»:
Հետաքրքրականն այն է, որ համանախագահների այցելութիւնը պէտք է աւարտուէր Բաքւում Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հանդիպումից յետոյ: Սակայն ծրագրուած հանդիպումն այդպէս էլ չի կայանում, քանզի այդ երկրի արտաքին քաղաքականութեան պատասխանատուները, արհամարհելով համանախագահներին, նոյն օրը մեկնում են այլ հանրապետութիւն:
Դաւիթ Իշխանեանի համոզմամբ՝ տարօրինակ չէր Ադրբեջանի արտաքին քաղաքականութեան պատասխանատուների նման վերաբերմունը. «Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի պահուածքը մի կողմից տարօրինակ է, միւս կողմից՝ ոչ: Եթէ յիշենք ամերիկացի համանախագահի վերջին ելոյթը, որտեղ նա թոյլ է տալիս «համաշխարհային խաղացող Ադրբեջան» արտայայտութիւնը, բնականաբար պէտք է այցելութեան ընթացքում ակնկալել «համաշխարհային մակարդակով խաղացողի» հերթական քայլ, որը եւ ցոյց տուեց Ադրբեջանը: Եւ տուեալ պարագայում Ադրբեջանը փորձեց ոչ թէ մանկամտօրէն, այլ մէկ այլ ձեւաչափով մօտենալ հարցին: Տարօրինակ է այն առումով, որ այդպիսի պահուածքը մտահոգութիւնների տեղիք է տալիս: Ադրբեջանն իրեն թոյլ տալով այդպիսի վարքագիծ՝ ձեւախեղում է ընդհանուր բանակցային գործընթացը, իսկ հայկական կողմը պէտք է օգտուի այդ ամէնից: Այսինքն, եթէ հաւասարը հաւասարին սկզբունքով բանակցային գործընթացին մօտեցում չի ցուցաբերւում, ապա հայաստանեան կողմն այստեղ ունի իր յաւելեալ խաղաթուղթը, որն, ըստ իս, Արցախն է, իսկ Արցախն իր տեսակէտն արդէն հրապարակով ներկայացրել է»:
ՄԽ համանախագահները, Ադրբեջանում հանդիպելով միայն պաշտպանութեան նախարարի հետ, տարածեցին իրենց հերթական յայտարարութիւնը, որտեղ նշուած է, որ հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ միտումնաւոր կերպով հաւասարութեան նշան դնելով երկու կողմերի միջեւ. «Ադրբեջանի արտաքին քաղաքականութեան պատասխանատուների կողմից դրսեւորած արհամարանքը համանախագահները փորձել են շատ հպանցիկ մատուցել համաշխարհային հանրութեանը», նշեց Դ. Իշխանեանը եւ յաւելեց. «մի կողմից հաւասարութեան նշան դնելով Հայաստանի Հանրապետութեան նախագահի եւ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի միջեւ, միւս կողմից իրենց նկատմամբ ցոյց տուած արհամարհանքը փորձել են ինչ որ ձեւով պարփակել»:
Համանախագահներն իրենց յայտարարութեան մէջ անդրադարձել են նաեւ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործմանը: Կարելի է եզրակացնել, թէ այդ դրոյթն ում առաջարկով է մտցուել յայտարարութեան մէջ, քանզի ամերիկացի համանախագահ Ուորլիքը մինչ յայտարարութեան հրապարակումը իր «թուիթերեան» էջում արդէն իսկ անդրադարձել էր այդ հարցին:
Դ. Իշխանեանի հաւաստմամբ՝ հնարաւոր է համատեղ օգտագործել Սարսանգի ջրային ռեսուրսները. «Գաղտնիք չէ, որ Սարսանգի ջրամբարի մասին դեռեւս մէկ տարի առաջ բարձրաձայնել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանը: Հարցն այսօր չէ, որ հրապարակի վրայ է, եւ Սարսանգի ջրամբարի ու, ընդհանրապէս, Արցախի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման առաջարկ եւ նման պատրաստակամութիւն հայկական կողմը միշտ էլ ունեցել է: Սակայն այդ ամէնի իրագործման համար Ադրբեջանից համարժէք քայլեր են ակնկալւում: Այդ քայլերը կարող են լինել բազմաբնոյթ եւ բազմաթիւ: Օրինակ, մենք կարող ենք Սարսանգի ջրամբարի ջուրը տրամադրել ադրբեջանական կողմին՝ դրա դիմաց ստանալով Ստեփանակերտի օդանաւակայանի օգտագործման անվտանգութեան երաշխիքներ, կամ ստանալ նաւթային կամ գազային ռեսուրսներ Սարսանգի ջրի դիմաց: Այսինքն, մենք պէտք է համարժէք պատասխան ստանանք ադրբեջանական կողմից, իսկ եթէ ոչ, ապա այդ տնտեսական լծակն ունի իր քաղաքական ազդեցութիւնը եւ, քաղաքական լծակի վերածուելով, հայկական կողմը բնականաբար պէտք է օգտագործի այդ լծակը»:
Արցախի ՀՅԴ ներկայացուցչի հաւաստմամբ՝ Արցախն իր յետագայ քայլերը չպէտք է պայմանաւորի համանախագահների այցերով կամ յայտարարութիւններով. «Համանախագահների հերթական այցից յետոյ չէ, որ մենք պէտք է մեր տակտիկական քայլերը կամ ռազմավարական խնդիրները վերանայենք: Մենք ունենք մեր ռազմավարական խնդիրները: Արցախի միջազգային ճանաչումը կարող է տարբերակներից մէկը լինել բանակցային գործընթացում նոր մօտեցումներ որդեգրելու համար: Պէտք է շարունակուի Արցախի միջազգային ճանաչման գործընթացը: Եւ երկրորդ՝ Արցախի տնտեսական հզօրացումը եւ Արցախի ժողովրդագրական իրավիճակի ուղղութեամբ համապատասխան աշխատանքները, այն, ինչ այսօր որդեգրել է Արցախի Հանրապետութիւնը եւ իր ռազմավարական ու մարտավարական քայլերով աստիճանաբար փորձում է ազդեցութիւն թողել բանակցային գործընթացին: Պատահական չէ, որ համանախագահների կողմից նաեւ շեշտուել է ընդհանուր կացութեան մէջ փոփոխութիւնները, ենթակառուցուածքներում բարւոք իրավիճակը, բայց նաեւ յղում է արուել ժողովրդագրական իրավիճակին: Ի վերջոյ, մենք 5 տարին մէկ ականատես ենք լինում միջազգային ճգնաժամային խմբի այցելութեանն Արցախ եւ համապատասխան ուսումնասիրութիւններին: Մենք պէտք է մեր շեշտադրումը դնենք ոչ թէ բանակցային գործընթացին կամ փակուղային իրավիճակներին, այլ արտաքին ճակատի վրայ՝ Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին եւ դրանց շարունակականութեան ապահովմանը: Միւս կողմից՝ ներքին կեանքում մենք պէտք է ունենանք տնտեսական կայունութիւն, տնտեսական աճ եւ ժողովրդագրական բարւոք իրավիճակ: Այս ամէնը կարող են նոր մօտեցումներ թելադրել բանակցային գործընթացում»: