Թշնամիի փամփուշտով սահմանի վրայ երկու Հայ զինուոր զոհուած է

By Asbarez | Thursday, 05 June 2014

 

 

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– 5 Յունիսին հայաստանեան ատրպէյճանական (Նախիջեւանի կողմէ) սահմանին վրայ երկու զինուոր նահատակուած է՝ հակառակորդին կրակոցներէն։ Այս առիթով Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը.

«Ստացուած օպերատիւ տեղեկութեան համաձայն՝ Յունիսի 5ին, հայ-ադրբեջանական սահմանագօտու հարաւարեւելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտում հակառակորդի կողմից արձակուած կրակոցից մահացու հրազէնային գնդակային վիրաւորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամուէլի Եղոյեանը (ծնուած 1988թ., Արարատի զ/կ) եւ Բորիս Բենիկի Գասպարեանը (ծնուած 1992թ., Արարատի զ/կ):
Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է ծանր կորստեան վիշտը եւ իր զօրակցութիւնն է յայտնում Հայաստանի սահմանների անվտանգութիւնն ապահովելու ընթացքում զոհուած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Միջադէպի մանրամասները ճշտւում են: Հայաստանի զինուած ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում՝ իրականացնելով իրավիճակին համարժէք գործողութիւններ:

Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինուած ուժերի վերջին օրերի գործողութիւնների տրամաբանական շարունակութիւնն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարեւան պետութեան իշխանութիւններն արհամարհում են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորմանն ուղղուած ցանկացած նախաձեռնութիւն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողութիւնների՝ արհեստականօրէն ապակայունացնելով իրավիճակը սահմանագօտում եւ վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանութիւնները ցուցադրում են իրենց արհամարհանքը եւ ԵԱՀԿ ՄԽ գործունէութեան, եւ միջնորդ պետութիւնների ղեկավարների գործադրած ջանքերի, եւ միջազգային հանրութեան նկատմամբ», նշուած է յայտարարութեան մէջ:

Նշենք, որ այս միջադէպի կապակցութեամբ Պաշտպանութեան նախարարութիւն հրաւիրուած է ԵԱՀԿԻ նախագահի ներկայացուցիչ Անջէյ Գասփրչիկը:

 


comments

Advertisement