Սահմանային միջադէպերու իբրեւ հետեւանք երկու Հայ զինուոր զոհուած է

By Asbarez | Friday, 20 June 2014

 

ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».– 20 Յունիսին սահմանային երկու դէպքի իբրեւ հետեւանք զոհուած են երկու հայ զինուորներ։ Պաշտպանութեան նախարարութեան լրատուական ծառայութիւնը հրապարակած է հաղորդագրութիւն մը, որուն մէջ փոխանցած է դէպքերուն մանրամասնութիւնները։ «Յունիսի 20ին, հայ-ադրբեջանական սահմանագօտու հարաւարեւմտեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտում, զէնքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով մահացու հրազէնային գնդակային վիրաւորում է ստացել ժամկէտային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրեանը: Իսկ Արցախում, Մարտունու տարածաշրջանում մարտական յենակէտում Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի պայմանագրային զինծառայող, աւագ սերժանտ 26ամեայ Նարեկ Պօղոսեանը զոհուել է թշնամու դիպուկահարի կրակոցից: Նա ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Բերդաշէն գիւղից է», նշուած է հաղորդագրութեան մէջ:


Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան՝ այս մասին խօսելով ըսած է. «Մենք ունենք հակառակորդ, որը հրաժարւում է վստահութեան մթնոլորտ ստեղծելուց եւ անընդհատ լարուածութիւն է ստեղծում: Այդ պայմաններում մենք անընդհատ նրա հետ շփւում ենք, անընդհատ փոխադարձ կրակոցներ են հնչում: Անկասկած մենք ձգտում ենք պահել հրադադարի իրավիճակը եւ ձգտում ենք միայն կամ կանխարգելել, կամ պատասխանել: Այսօր միջադէպ է տեղի ունեցել պաշտպանութեան բանակում՝ հակառակորդի կողմից զինծառայող է զոհուել եւ նաեւ այլ միջադէպ ունենք այլ սահմանային զօրամասում՝ զէնքի օգտագործման հետ կապուած: Հիմա յարուցուած է քրէական գործ, հետաքննութիւնը տարւում է, եւ կարծում եմ, որ հանգամանքները կը պարզուեն եւ կ՛իմանանք՝ ինչն է պատճառը: Նախնական տուեալներով՝ զէնքի օգտագործման կանոնների խախտում է եղել: Ցաւակցում եմ բոլոր հարազատներին»։

 


comments

Advertisement