Հայ անզէն զինծառայողը դիմագրաւել է թշնամուն եւ ստիպել վերջիններիս փախուստի դիմել

By Asbarez | Friday, 01 August 2014

 

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի զինծառայող Նորայր Քամալեանը անզէն դիմագրաւել է ադրբեջանական յատուկ նշանակութեան ստորաբաժանումների ուժերին եւ ստիպել վերջիններիս փախուստի դիմել: «Արմէնփրէս»ն այս մասին տեղեկացաւ ԼՂՀ Պաշտպանութեան նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:


Արցախեան հերոսամարտների հերոսներին արժանի լինելու փաստը հայկական բանակի զինծառայաողներն ապացուցում են իրենց իսկ սխրանքներով: Յուլիսի 31ին հիւսիսային ուղղութեամբ մարտական հերթական հերթապահութեան իրականացնող զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտի ուղղութեամբ հակառակորդի ձեռնարկած յարձակման ժամանակ շարքային Նորայր Միքայէլի Քամալեանը ամբողջովին անզէն վիճակում կարողացել է խուճապի մատնել հակառակորդին եւ յետ մղել միջեւ ատամները զինուած ադրբեջանական խմբին: Յայտնուելով հակառակորդի անմիջական խոցման կրակային գօտում՝ Քամալեանը յարձակւում է նրանց վրայ եւ բռնւում ձեռնամարտի: Այդ ընթացքում հակառակորդի թշնամու կրակից վիրաւորւում է, բայց շարունակում ձեռնամարտը: Թշնամուց խլում մեծ քանակի զէնք-զինամթերք եւ մատնում փախուստի:

«Երբ տեսայ նրանց, ձեռքիս զէնք չկար: Յարձակուեցի եւ փորձեցի ինչքան հնարաւոր է վնաս հասցնել: Միաժամանակ գոռում եւ փորձում էի օգնութեան կանչել ընկերներիս: Բռնեցի մէկի կոկորդից եւ փորձում էի խեղդել: Այդ պահին նա հանեց դանակը եւ դէմքիս հասցրեց խաչաձեւ հարուածներ: Ես ինձ չկորցրի, չնայած, դրանից յետոյ երկաթէ «կաստետով» (կռփազէնքով-Խմբ.) ուժեղ հարուած ստացայ ծնօտիս շրջանում: Կոտրուած ծնօտով նրան կարողացայ փռել գետնին», ասել է Քամալեանը:

Ապա, հակառակորդն սկսել է կրակել եւ դիմել է փախուստի: «Ափսոս, որ ձեռքիս անգամ մի դանակ չկար… Եթէ ձեռքիս որեւէ զէնք լինէր, աւելի շատ վնաս կը հասցնէի», յաւելում է խիզախ զինուորը: Շարքային Քամալեանն այժմ գտնւում է բժիշկների վերահսկողութեան տակ: Նրա վիճակը գնահատւում է միջին կայուն: Բժիշկները վստահեցնում են, որ կարճ ժամանակահատուածում նա կ՛ապաքինուի եւ կը կարողանայ վերադառնալ շարք:

 


comments

Advertisement