Միասնական՝ Հայոց Բանակի Կողքին

By Asbarez | Tuesday, 05 August 2014




ԱԺ խմբակցութիւնները՝ ՀՀԿն, ԲՀԿն, ՀԱԿը, ՀՅԴն, Ժառանգութիւնը եւ ՕԵԿը համատեղ յայտարարութիւն մը հրապարակած են: Ստորեւ՝ սոյն յայտարարութեան բնագիրը.

Հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարուած մնալ: Վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր եւ դիւերսիոն գործողութիւններ իրականացնել, տարբեր տրամաչափի զէնքերից պարբերաբար գնդակոծւում են հայկական խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը ձգտում է օգտուել աշխարհաքաղաքական նոր իրողութիւններից եւ նման արկածախնդիր յարձակումներով ձախողել ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգաւորման հնարաւորութիւնը: Ադրբեջանի ղեկավարութեան՝ իրավիճակին ոչ համարժէք եւ անպատասխանատու կեցուածքը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրութեան՝ հակամարտութիւնը խաղաղ բանակցութիւնների միջոցով լուծելու սկզբունքին: Հերթական անգամ հայկական ուժերի հարկադրուած պատասխան գործողութիւնների շնորհիւ հակառակորդը յետ է շպրտուել՝ տալով զոհեր եւ վիրաւորներ: Մեր հայրենիքի սահմաններին կանգնած զինուորներն ապացուցեցին, որ մշտապէս համարժէք պատասխանով Ադրբեջանին թոյլ չեն տալու ռազմական գերակշռութեան հասնելու: Այդ սադրանքների ընթացքում հայ զինուորը ցոյց տուեց իր մարտական բարձր պատրաստականութիւնն ու անմնացորդ նուիրուածութիւնը հայրենիքի պաշտպանութեան գործին: Մեր ժողովրդի հետ սգում ենք զոհուած հերոսների կորուստը եւ ցաւակցում նրանց հարազատներին ու մտերիմներին: Նրանց անունն ու սխրանքը վառ պահելը ամէնքիս խնդիրն է: Ստեղծուած իրավիճակում բացառիկ կարեւորելով հայ հանրութեան համախմբուածութիւնը Հայաստանի զինուած ուժերի շուրջ՝ ՀՀ ԱԺ խմբակցութիւնները կոչ են անում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետութեան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան սահմանագծից դիպուկահարների յետ քաշման, միջադէպերի քննութեան եւ ժողովուրդների միջեւ ատելութիւն սերմանող յայտարարութիւնների եւ գործողութիւնների բացառման ուղղութեամբ: Միջազգային կազմակերպութիւններին եւ պետութիւններին՝ հրաժարուել ընդհանուր գնահատականներից, կողմերի միջեւ հաւասարութիւն դնող մօտեցումից եւ դատապարտել Ադրբեջանի՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտուած նախայարձակ ու սադրիչ գործողութիւնները: Դադարեցնել ռազմական արկածախնդրութեան հակուած Ադրբեջանին մեծաքանակ սպառազինութեան վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղութիւն հաստատելու ջանքերին: Միաժամանակ յայտարարում ենք, որ եթէ Ադրբեջանի ղեկավարութիւնը շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձութիւնների անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատուութիւնը կրելու է միայն ինքը: Հայ ժողովուրդն ու հայ զինուորը ապացուցել եւ ապացուցելու են, որ պատրաստ են ապահովելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգութիւնը: ՀՀ ԱԺ խմբակցութիւնները միասնական են Հայոց բանակին եւ մեր զինուորներին սատարելու հարցում»:


comments