Որեւէ մէկը իրաւունք չունի թերահաւատօրէն մօտենալու Հայոց բանակի մարտունակութեանը

By Asbarez | Wednesday, 13 August 2014

 

ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ապառաժ».- Օգոստոսի 5ին ՀՅԴ Արցախի ԿԿ եւ ՀՕՄի Արցախի մեկուսի միաւորի նախաձեռնութեամբ Արցախեան ազատամարտի 4 նահատակ հերոսների կանայք այցելեցին առաջնագիծ. Մերուժան Մոսիեանի այրի Գենիա Մոսիեանը, Աշոտ Ղուլեանի (Բեկորի) այրի Նելլի Ղուլեանը, Արգամ Յարութիւնեանի (Շօշի Ագոյի) այրի Արմինէ Յարութիւնեանը եւ Գագիկ Գրիգորեանի այրի Իրինա Գրիգորեանը:


Նախքան առաջնագիծ հասնելը նրանք այցելեցին N զօրամաս: Առաջին իսկ րոպէից ականատես եղան զօրամասում տիրող բարձր մարտական ոգուն: Առաջնագիծ մեկնած նախկին ազատամարտիկների հերթափոխի պահն էր: Նրանց ոգեւորութիւնն աննկարագրելի էր. կատակում էին, գրկախառնւում, խօսում ապագայ պլանների մասին, եւ՝ որ դեռ անպայման կը տեսնուեն առաջնագծում:

Նախկին ազատամարտիկ, ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկայի Ազատամարտիկների միութեան նախագահ Նորիկ Աւագիմեանը, արդէն մի քանի օր է, երիտասարդ զինուորների հետ սահմանն է պահում: Նրա խօսքերով՝ նախկին ազատամարտիկների ներկայութիւնն աւելի է ոգեւորում զինուորներին: «Տղերքն առանց մեզ էլ պինդ են, բայց ժամանակին այս սահմանը մենք ենք պահել, այսօր ինչպէս կարող ենք տանը նստել», նշեց նա:

Անձնակազմի հետ տարուող աշխատանքների գծով զօրամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արսէն Աղաբեկեանը ՀՕՄուհիներին ուղեկցեց առաջնագիծ: Նրա խօսքերով՝ հայ զինուորի մարտական ոգին հիմա, առաւել քան երբեւէ, անկոտրում է: «Մենք վստահ ենք, որ մեր տղաներն ամէն րոպէ պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրուած ցանկացած մարտական առաջադրանք: Որեւէ մէկը իրաւունք չունի թերահաւատօրէն մօտենալու Հայոց բանակի մարտունակութեանը. յանգի՛ստ եղէք, թիկունքը ապահով ձեռքերում է», նշեց փոխգնդապետ Արսէն Աղաբեկեանը:

Առաջնագծում զինուորները զբաղուած էին իրենց առօրեայ աշխատանքներով: Նրանց խօսքերով՝ վերջին երկու օրն աւելի հանգիստ է սահմանում:
Կրտսեր սերժանտ Դաւիթ Պետրոսեանը՝ այն հարցին, թէ ինչ կը ցանկանար փոխանցել հարազատներին, պատասխանեց. «Բոլոր հայ ծնողներին, որոնց տղաները ծառայում են, կ՛ուզէի ասել, որ մենք ամէն ինչ անում ենք, որպէսզի ապահովենք մեր եւ բոլորի անվտանգութիւնը: Անշուշտ, կարօտում ենք նրանց, սակայն սա մեր պարտքն է, որ պէտք է կատարենք: Ոչ մի լուրջ բան չկայ. թող չհաւատան տարբեր լրատուամիջոցների տարածած սուտ տեղեկութիւններին, այլ հաւատան միայն փաստերով հիմնաւորուած լուրերին»:

Դաւիթ Պետրոսեանի խօսքերով՝ զինուորը սահման պահելիս ամենաշատը մտածում է իր ընտանիքի մասին: «Այն մի քանի մետրը, որ ես պահում եմ, պահում եմ իմ ընտանիքի անվտանգութիւնն ապահովելու համար, իսկ մեր բոլորի ընտանիքների ամբողջութիւնը՝ դա մեր Հայրենիքն է: Հետեւաբար, ամէն մէկս մի քանի մետր պահելով՝ մեր լուման ենք ունենում հայրենիքի պաշտպանութեան գործում: Եթէ հայրենիք չկայ՝ չի կարող եւ ընտանիք լինել, եւ հակառակը», ասաց նա:
ՀՕՄ Արցախի մեկուսի միաւորի ատենապետուհի, Արգամ Յարութիւնեանի այրի Արմինէ Յարութիւնեանը, դիմելով սահմանապահ զինուորներին, նշեց, որ իրենք այցելել են առաջնագիծ՝ ոչ թէ համոզուելու, որ մեր թիկունքը եւ երկիրը վստահելի ձեռքերում են, դրանում կասկած անգամ չկայ, այլեւ առաջնագծում կանգնածին ասելու, որ նրանց սիրում ու սպասում են, նրանց միշտ հաւատացել են, հաւատում են եւ հաւատալու են: «Ինչպէս պատերազմի տարիներին էինք մեր ամուսինների եւ եղբայրների թիկունքում կանգնած, այդպէս էլ հիմա ենք պատրաստ՝ ամէն վայրկեան կանգնած լինել ձեր թիկունքում», նշեց նա:


comments

Advertisement