83 տարեկան հասակում, մահացել է Աշոտ Թադեւոսեանը, ում մօտ էր գտնւում հայ մեծ բանաստեղծ Պարոյր Սեւակի սիրտը:
Yerkir.am-ի հետ զրոյցում Աշոտ Թադեւոսեանի աղջիկը՝ Նունէ Թադեւոսեանը, ներկայացրեց Սեւակի սրտի իր հօր մօտ յայտնուելու նախապատմութիւնը, որը ներկայացնում ենք ստորեւ.
«… 1971 թուականին, երբ Պարոյր Սեւակի սիրտը գտնւում էր դիահերձարանում, այդ ժամանակ մտաւորականները հերթապահում էին եւ թոյլ չէին տալիս ներս մտնելու, բայց քանի որ իմ հայրը երկար մտերիմ յարաբերութիւնների մէջ էր Պարոյր Սեւակի հետ եւ լսելով նրա մահը շատ խորը ցնցում էր ապրել, խնդրել էր բժշկին, որ սիրտը իրեն տայ:
Պարոյրի հետ զրոյցներից մէկի ժամանակ բանաստեղծը իր ցանկութիւնն է յայտնում իմ հօրը, որ ինքը կ՛ուզենար թաղուել Կոմիտասի կողքին:
Այս երազանքը իմ հօր համար դարձել էր կեանքի դաւանանք, որպէսզի իր ընկերոջ ցանկութիւնը կարողանայ իրագործել: Քանի որ այդ տարիներին Սեւակը մեր երկրի կառավարութեան դէմ ըմբոստացողներից մէկն էր, կառչում են Սեւակի մի փոքր մտքից, թէ նա իր բանաստեղծութիւններից մէկում ասել է, որ կ՛ուզենար թաղուել ծիրանիների ներքոյ: Սա շատ յարմար առիթ էր Պարոյրին հեռացնելու համար քաղաքից: Վախենալով տարբեր ընդվզումներից՝ նրան հեռացրին եւ թաղեցին Չանախչի գիւղում:
43 տարիների ընթացքում իմ հօր մօտ այդ մտայղացումն է առաջացել, որ կարելի է իրականցնել Սեւակի սրտի ամփոփումը հայոց մեծերի կողքին, որպէս հաւատարիմ ընկեր, ում պօէզիան իմ հօր համար դարձել էր պաշտամունքի առարկայ: Բայց 43 տարի պայքարելուց, գրելուց, խօսելուց յետոյ, յամենայն դէպս, չեկաւ ընդհանուր յայտարարի Պարոյրի ընտանիքի հետ։ Տղաները չէին ընդունում այդ փաստը. նրանք կարծում էին, որ դա մէկ ուրիշի սիրտն է, բայց իմ հայրը այն ժամանակ դատական ատեաններում աշխատող մարդ էր, եւ չէր կարող այսքան երկար տարի խաբուած լինել: Ես կարծում եմ, որ նրանք, որպէս իրենց հօրը արժանի զաւակներ, պէտք է օգտագործեն այս առիթը, որպէսզի իրականանայ նրանց հօր երազանքը:
Այս երկու օրում իմ հօրը կը յանձնենք հողին, իսկ Պարոյրի սիրտը կը հանգրուանի նրա կողքին, ու դրանով կը սրբագործուի մեր ընտանեկան գերեզմանը: Մարմինը կը լինի Չանախչիում, իսկ սիրտը՝ մեր ընտանեկան գերեզմանում», ասաց Նունէ Թադեւոսեանը։
Yerkir.am