By Asbarez | Tuesday, 19 August 2014
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի զօրամասերից մէկի զինծառայողները հակառակորդի դիւերսիոն ներթափանցման փորձը կարողացել են յետ մղել կազմակերպուած եւ համակարգուած գործողութիւնների արդիւնքում: ԼՂՀ ՊԲ N զօրամասի հրամանատար Էդուարդ Ասրեանը լրագրողներին պատմել է, թէ ինչպէս են գործել իր զինուորները՝ հակառակորդին դիմակայելիս:
Նա նշել է, որ հակառակորդի դիւերսիոն ուժերին արդէն յաջողուել էր անցնել հայկական կողմի դիրքերը, ինչից յետոյ միայն նկատուել է հակառակորդի շարժը, սակայն հայ զինծառայողները խուճապի չեն մատնուել եւ անմիջապէս պաշտպանողական քայլեր են ձեռնարկել:
«Դէպքը եղել է գիշերը, եւ նման դէպքում, ի հարկէ, դժուար է նկատել հակառակորդի շարժը, մանաւանդ, որ նրանք եկել են շատ զգոյշ, սակայն նկատելով, որ նրանք արդէն անցել են մեր դիրքերը, մենք անմիջապէս անցանք հակառակորդին հակահարուած հասցնելու գործողութեանը», ասաց նա:
Հայ զինծառայողները անմիջապէս ճիշդ դիրքում տեղաւորուել են եւ պատրաստուել հակառակորդին դիմակայելուն:
Գիշերային տեսանելիութեան սարքի միջոցով վաշտի հրամանատարը նկատել է իրենց մօտեցող երկու հակառակորդի, որոնք անմիջապս նրա կողմից խոցուել են: «Նրանց արեան հետքերը մնացել են դիրքերում առկայ անուադողերի եւ հողի վրայ: Այստեղ մնացել էին նաեւ ամբողջովին արեան մէջ թաթախուած վերնազգեստ եւ գլխաշոր, ինչը վկայում է այն մասին, որ նրանք սպանուել են հէնց առաջին կրակոցից: Վստահաբար կարող եմ ասել, որ հէնց առաջին երկու եկողներին մերոնք անմիջապէս սպանել եւ չէզոքացրել են», «Արմէնփրէս»ի հաղորդմամբ՝ ասել է Ասրեանը:
Այնուհետեւ հակառակորդն սկսել է գնդացիներից կրակոցներ արձակել հայ զինծառայողների ուղղութեամբ, եւ կողմերի միջեւ թէժ մարտ է սկսուել: Մարտի ընթացքում հակառակորդի կողմից խոցուել է նաեւ վաշտի հրամանատար, աւագ լէյտենանտ Զօրիկ Գէորգեանը, ով այնուհետեւ հիւանդանոցում մահացել է: Ծանր վիրաւորուել է նաեւ կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսեանը, ով եւս յետոյ մահացել է:
Էդուարդ Ասրեանը նշեց, որ հակառակորդի կրակոցներից յետոյ տարածքում հրդեհ է բռնկուել, որի արդիւնքում հակառակորդի թիկունքում դարանակալած հայկական ուժերը նկատել են հակառակորդին եւ անմիջապէս կրակ բացել նրա ուղղութեամբ:
«Այնտեղ եղել է աւագ լէյտենանտ Հայկ Խալաթեանը՝ երկու ժամկետային զինծառայողների հետ: Նրանք այդ կրակի հետեւանքով կարողացել են տեսնել, թէ որտեղ է գտնւում հակառակորդը եւ տարբեր տեսակի զէնքերից կրակել են նրանց ուղղութեամբ, որից յետոյ հակառակորդը խուճապի է մատնուել եւ դիմել է փախուստի», պատմել է նա:
Զօրամասի հրամանատարն ընդգծել է, որ հակառակորդին թուացել է, թէ իրենց համար թակարդ է պատրաստուած եւ խուճապահար դիմել է փախուստի՝ մարտի դաշտում թողնելով իրենց զէնքերը:
Ասրեանը նաեւ տեղեկացրել է, որ հակառակորդը յարձակուել էր 40-50 հոգանոց ջոկատով: «Թէեւ մենք ունեցանք կորուստներ, եւ մեզ համար չափազանց ծանր էր, սակայն կարողացանք յետ շպրտել հակառակորդին՝ նրանց պատճառելով մարդկային զգալի կորուստներ: Այդ օրը հակառակորդը տուել է 7 զոհ եւ 6ից աւելի վիրաւոր եւ դիմել է փախուստի: Նրանք թողել են իրենց զինատեսակները եւ վերցրել են միայն իրենց զինուորների դիակները եւ վիրաւորներին ու հեռացել», շեշտել է նա:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ