Արցախը Կը Պատասխանէ Ատրպէյճանին

By Լրագիր | Monday, 03 October 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Լրագիր».-  Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան մէջ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններու վերաբերեալ Ատրպէյճանի կողմէ վերջին նախաձեռնութիւններու եւ Պաքուի արձագանգի կապակցութեամբ, Արցախի արտաքին գործոց նախարարութիւնը Հոկտեմբեր 1ին հանդէս եկած է հետեւեալ պաշտօնական յայտարարութեամբ.

«2011թ. Սեպտեմբերի 18ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում անց կացուած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնները հանդիսացել են ժողովրդավարական գործընթացի հերթական յաջող դրսեւորումը: Իշխանութեան մարմինները, որոնք ձեւաւորուել են, բազմաթիւ միջազգային դիտորդների գնահատման համաձայն, ազատ քուէարկութեան միջոցով, կոչուած են շարունակելու մեր հանրապետութիւնում ղարաբաղի ժողովրդի ինքնակազմակերպուածութեան բարձրացման, ինչպէս նաեւ բաց եւ ժողովրդավարական հասարակութեան հիմքերի յետագայ ամրապնդման մշտական գործընթացը:

ԼՂՀ քաղաքացիները օգտուել են ազատ ընտրութեան՝ աշխարհի բոլոր ժողովրդների անօտարելի իրաւունքից: Այս համատեքստում մենք դիտարկում ենք ԼՂՀում ժողովրդավարական գործընթացների ցանկացած քննադատութիւն՝ չհիմնաւորուած եւ միջազգային յարաբերութիւնների զարգացման ժամանակակից միտումներին չհամապատասխանող:

Բացի դրանից, ԼՂՀ ԱԳՆն տեղին է համարում Ադրբեջանին յիշեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ժողովրդավարական զարգացման եւ քաղաքացիական հասարակութեան ամրապնդման իրաւունքից զրկելու փորձերի դատապարտուածութեան մասին եւ միաժամանակ մտահոգութիւն է յայտնում հարեւան հանրապետութիւնում նոյնատիպ գործընթացների բացակայութեամբ:

Նախարարութիւնը նաեւ դիմում է միջազգային հանրութեանը կառուցողական եւ հետեւողական վերաբերմունք դերսեւորել ԼՂՀում բոլոր գործընթացների նկատմամբ, որոնք նպաստում են Հիւսիսային Կովկասում բաց եւ ժողովրդավարական հասարակութեան ձեւաւորմանը»:

comments