«Սահմանի դէպքերը ցոյց տուեցին, որ Արցախն ուժեղ է ու անառիկ». Բակօ Սահակեան

By Asbarez | Tuesday, 02 September 2014

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Նի-ուզ».– Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան Արցախի Հանրապետութեան օրուան առիթով յղած է ուղերձ մը, որուն մէջ նշուած է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,


Իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ բոլորիդ մեր կարեւորագոյն պետական տօնի՝ Արցախի Հանրապետութեան օրուայ առթիւ:
1991 թուականի Սեպտեմբերի 2ը շրջադարձային եղաւ արցախահայութեան կեանքում եւ դարձաւ նրա դարաւոր երազանքների իրականացման սկիզբը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետութեան ծնունդը, որն արդիւնք էր մեր ժողովրդի երկարամեայ մաքառումների ու անկոտրում կամքի: Մենք վերջապէս նուաճեցինք մեր հողի վրայ ազատ ու անկախ ապրելու իրաւունքը, ապրելու համամարդկային ու ազգային արժէքներին, ժողովրդավարական նորմերին ու միջազգային սկզբունքներին համահունչ:

Այդ ճանապարհին մեզ սպասում էին ինչպէս դաժան փորձութիւններ, այնպէս էլ մեծ յաղթանակներ, յաղթանակներ, որոնք ձեռք բերուեցին անասելի կորուստների ու զրկանքների, մեր հերոս քոյրերի ու եղբայրների թափած արեան գնով: Դրանք հնարաւոր դարձան համայն հայութեան միասնականութեան ու համախմբուածութեան, մեր ժողովրդի անսասան ոգու ու անձնուիրութեան շնորհիւ:

Ուղիղ մէկ ամիս առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դէպքերը ցոյց տուեցին, որ Արցախի Հանրապետութիւնն ուժեղ է ու անառիկ, քանի որ նրա սահմանին կանգնած է իր հողն ու տունը պաշտպանող զինուորը, կանգնած է ողջ հայ ժողովուրդը: Այդպէս է եղել այս 23 տարիների ընթացքում, այդպէս կը լինի այսուհետ:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղութիւն, քաջառողջութիւն, երջանկութիւն ու ամենայն բարիք ձեր ընտանիքներին, զօրացում ու բարգաւաճում՝ մեր հարազատ Արցախին»:

 


comments

Advertisement