Հայաստանի մանուկները սիրոյ եւ հայրենասիրութեան պատգամ են յղում ԼՂՀ զինուորներին

By Asbarez | Tuesday, 02 September 2014

 

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնութեամբ ՀՀ Արմաւիրի մարզը ներկայացնող, 20 անդամից բաղկացած «Իմ թատրոն» ինտերակտիւ թատերախումբը հայրենասիրական ոգեւորիչ բեմադրութիւններով հանդէս եկաւ ԼՂՀ պաշտպանութեան բանակի մի շարք զօրամասերում: Երիտասարդ դերասան-դերասանուհիները մնջախաղի միջոցով ցուցադրեցին, թէ ի՞նչ նշանակալի դեր ունի սիրոյ պատգամը կեանքում, թէ որքա՞ն է այն անհրաժեշտ թէ՛ ծերերին, թէ՛ փոքրերին, թէ՛ յատկապէս հայրենիքի այն արի զաւակներին, ովքեր, զէնքը ձեռքներին, հպարտօրէն պաշտպանում են հայրենի հողը, ապահովում խաղաղութիւնն ու անամպ երկինքը ներկայ եւ ապագայ սերունդների համար:


Միմեանց սատար կանգնելու, ոգեւորելու, ջերմութիւն, սէր եւ փոխըմբռնում հաղորդելու թեման այն հիմնական ուղերձն էր, որն ընկած էր գիւղաբնակ երեխաներից կազմուած թատերախմբի ներկայացումների հիմքում:

ԼՂՀում կայացած հիւրախաղերին յաջորդեցին «Իմ թատրոն» թատերախմբի երիտասարդ անդամների հանդիպումները զինուորների եւ սպայական ղեկավար անձնակազմի հետ՝ նպատակ ունենալով ուսուցողական զրոյցների միջոցով վեր հանելու զինուորական ծառայութեան առաքինի դերն ու դաստիարակչական նշանակութիւնը երկրի պատանի քաղաքացիների շրջանում:

 

 


Նախագիծը կեանքի է կոչուել COAF-ի, ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան եւ ԼՂՀ պաշտպանութեան բանակի համագործակցութեան արդիւնքում: Այն եւս մէկ անգամ վկայակոչում է համախմբուածութեան եւ միասնական ուժի կարեւորութիւնը, մատնանշում, թէ ի՞նչ առաւել դրական արդիւնքների եւ ձեռքբերումների կարելի է հասնել միասնաբար՝ հաւաքական ոգու եւ հայրենիքի հանդէպ նուիրուածութեան շնորհիւ:

«Իմ թատրոն» թատերախումբը գործում է 2013թ. Մարտից: Ինտերակտիւ թատերախմբի շուրջ մէկուկէսամեայ գործունէութիւնը հիանալի հնարաւորութիւն է եղել երեխաների տաղանդն ու հնարաւորութիւնները բացայայտելու, որոշ դէպքերում՝ նրանց խնդիրները յաղթահարելու համար: Թատրոնի շնորհիւ շարունակաբար զարգանում են երեխաների ստեղծագործական ու վերլուծական հմտութիւնները, նրանք իւրովի են արտայայտում սեփական ապրումներն ու յոյզերը, իրենց կեանքում եւ համայնքում տեղի ունեցող իրադարձութիւնները վեր հանում, ներկայացնում են արուեստի միջոցով:

Հոգեբանական թատրոնը COAF-ի կողմից իրականացուող բազմաթիւ ծրագրերից մէկն է, որն իր տեսակի մէջ առանձնանում է նորարարական լուծումներով եւ իւրովի է նպաստում համայնքների մարդկային կապիտալի զարգացմանը: Թատերախումբն այս կարճ ժամանակահատուածում հասցրել է հանդէս գալ տարբեր բեմերում, այդ թւում՝ մասնակցել է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան 13րդ փառատօնին՝ արժանանալով «Թռիչք» մրցանակին, յատուկ բեմադրութեամբ յարգանքի եւ յիշատակի տուրք է մատուցել բարերար æերարդ Գաֆէսճեանի կեանքին ու գործունէութեանը:

***
Հայաստանի մանուկներ հիմնադրամի մասին

 

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպութիւն է, որի նպատակն է բարձրացնել գիւղաբնակների կեանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:

Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսուել է 2004թ., եւ այդ ժամանակից ի վեր իրականացւում են կրթական, առողջապահական, սոցիալական եւ տնտեսական ծրագրեր, ինչպէս նաեւ հիմնանորոգւում են համայնքների համար կենսական նշանակութիւն ունեցող ենթակառուցուածքները:
Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր եւ Արագածոտն մարզերի Բաղրամեանի եւ Թալինի տարածաշրջանների 22 գիւղական համայնքի աւելի քան 30,000 բնակիչ: Զարգացման համալիր միջամտութիւններ են իրականացուել ութ եւ ընտրովի ծրագրեր՝ վերոնշեալ մարզերի այլ համայնքներում:
Առաւել մանրամասն տեղեկութիւնների համար խնդրում ենք այցելել am.coafkids.org եւ www.coafkids.org:

 


comments

Advertisement