«Գրիգոր Լուսաւորչի ու Տրդատի պատմութիւնն այնքան բովանդակալից է, որ դրա հիման վրայ կարելի Է հեռուստասերիալ նկարահանել»

By Asbarez | Wednesday, 01 October 2014

«ՄԵԴԻԱՄԱՔՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԲԵՄԱԴՐԻՉ ՌՈՋԵՐ ԿՈՒՊԵԼԵԱՆԻ ՀԵՏ

 

Զրուցեց՝ ՆԱՐԻՆԷ ԴԱՆԵՂԵԱՆ

Ռեժիսոր, անիմատոր, տեսողական էֆեկտների մասնագէտ Ռոջեր Կուպելեանը համաշխարհային կինօարտադրութիւնում յայտնի է «Տիեզերական æեմը», «Մատանիների Տիրակալը», «Ալիսան Հրաշքների Աշխարհում», «Բեթմենը Եւ Ռոբինը», «Դա Վինչիի Հրէշները», «Կարիբեան Ծովի Ծովահէնները» եւ բազմաթիւ այլ ֆիլմերում ու հեռուստասերիալներում ստեղծած հեքիաթային աշխարհներով:
Կուպելեանն ու նրա թիմն այժմ աշխատում են «Բիւզանդիայից Արեւելք. Պատերազմի Աստուածները Եւ Պատերազմող Սրբերը» վաւերագրական էպիկական ֆիլմաշարի ստեղծման վրայ, որն էկրաններին կը յայտնուի յաջորդ տարի եւ նուիրուած կը լինի Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին:
Ֆիլմի նկարահանումներն իրականացւում են մի շարք երկրներում: Այս օրերին Ռոջեր Կուպելեանն ու իր նկարահանող թիմը Հայաստանում են՝ շարունակելով Յունիսին այստեղ մեկնարկած նկարահանումները: Հայաստանեան այցի շրջանակում Կուպելեանը նաեւ դասախօսութիւն կարդաց «Թումօ» կենտրոնում՝ «Ուղեւորութիւն դէպի Բիւզանդիա. իւրօրինակ ստեղծագործ ընթացք» թեմայով:
Դրա աւարտին Ռոջեր Կուպելեանը պատասխանեց «Մեդիամաքս»ի հարցերին:

 


ՆԱՐԻՆԷ ԴԱՆԵՂԵԱՆ.- Պարոն Կուպելեան, որքանով տեղեակ եմ, «Բիւզանդիայից Արեւելք» վաւերագրական էպիկական ֆիլմաշար ստեղծելու գաղափարն ունի աւելի քան 12 տարուայ պատմութիւն: Մօտ մէկ տասնամեակ առաջ սկսելով աշխատելու գաղափարի վրայ՝ ի՞նչը ստիպեց տարիներ անց վերջապէս սկսել հիմնական նկարահանումները:
ՌՈæԵՐ ԿՈՒՊԵԼԵԱՆ.- Միգուցէ տարօրինակ է հնչում, բայց դա ինքնըստինքեան եղաւ: Ես չեմ պլանաւորել նման ֆիլմաշար պատրաստել: Հասկացայ, որ ունեմ գաղափար, որի միջոցով կարող եմ ներկայացնել Հայաստանի մշակոյթը եւ պատմութիւնը, եւ այն, թէ ես ինչպէս եմ ինքս ինձ նոյնացնում դրա հետ:
Ես մեծացել եմ Աֆրիկայում՝ Սիերա Լէոնէում եւ, չնայած այն հանգամանքին, որ հայկական մշակոյթն ինձ միշտ ուղեկցել է, դրսի աչքերով եմ դրան նայում: Ես կարող եմ այն դիտարկել թէ՛ դրսից, թէ՛ ներսից: Հայոց պատմութեան հերոսական էջերը մեծ ազդեցութիւն են ունեցել իմ՝ որպէս հայ անհատի ձեւաւորման վրայ, ու եկաւ այն պահը, երբ ես օգտագործեցի այդ պատմութիւններն ինքս ինձ բացայայտելու համար՝ օգնելով հասկանալ իմ ինքնութիւնը:
Երբ դեռ շատ փոքր էի, հայրս պատմում էր ինձ Հայաստանի պատմութեան ու մշակոյթի մասին: Դա շատ կարեւոր էր, քանի որ երբ հայը մեծանում է հեռաւոր Սիերա Լէոնէում, այնքան էլ հեշտ չէ կապ պահպանել ինքնութեանդ ու հայրենիքիդ հետ: Հայաստանի պատմութեանը ծանօթանալու կարիք ես իսկապէս ունէի, ու եկաւ մի պահ, երբ հասկացայ, որ հետաքրքրուած եմ, եւ միգուցէ դա այն պատճառով էր, քանի որ շատ մարդիկ եւս հետաքրքրուած էին դրանով: Ինչքան աւելի շատ էի աճում ֆիլմարտադրութիւնում, այնքան աւելի շատ մարդիկ, որոնց մի մասը նոյնիսկ հայեր էլ չէին, ասում էին, որ նման ֆիլմ պատրաստելը հիանալի գաղափար է:

 


Այնպէս որ, այս ֆիլմի ստեղծման առաջին աշխատանքները սկսուել են Նոր Զելանդիայում՝ այլազգիների կողմից: Յետոյ գաղափարը սկսեց զարգանալ. Լոս Անջելեսում, եւ Հայաստանում եւս մարդիկ սկսեցին հետաքրքրուել ֆիլմի գաղափարով:
Նկարահանումները սկսեցինք 2008թ.ին, բայց ֆիլմի ստեղծման աշխատանքներն իրականացնելուն ուղղուած հիմնական ֆինանսաւորումը ստացանք միայն այս տարի: Ահա թէ ինչու այս պահին ամբողջ ուժով աշխատում ենք, որպէսզի ֆիլմը պատրաստ լինի յաջորդ տարի՝ Ցեղասպանութեան 100ամեակին ընդառաջ: Ունենք անկախ ներդրողներ եւ պատրաստւում ենք ֆիլմն աւարտին հասցնել նախատեսուած ժամանակահատուածում: Սա գրաֆիկ նովել է. այն պէտք է աւարտին հասցնել եւ անցնել միւսին: Գոյութիւն ունեն վերջնաժամկէտներ, որոնց մէջ պէտք է տեղաւորուել:
Երբ ինչ որ ստեղծագործական բան ես անում, քեզ պահում, սնում եւ զարգացնում է այն միտքը, որ սա կարող է հետաքրքրել հասարակութեանը: Եթէ դա ընդամէնը կոմերցիոն (շահութաբեր-Խմբ.) նախագիծ է, ուղղակի գրում ես սցենարը, ստուդիա վարձում, դերասաններ հրաւիրում ու անում դա… Բայց «Բիւզանդիայից Արեւելք»ը կոմերցիոն նախագիծ չէ… Սա մի բան է, որն անելու կարիքը ես շատ ունեմ: Ահա թէ ինչու դա տեւում է այսքան երկար: Գործընթացը կարող էր տեւել 24 տարի կամ աւելի քիչ… դա էական չէ:

 

ՆԱՐԻՆԷ ԴԱՆԵՂԵԱՆ.- Վերջին ամիսներին մի շարք կայքերում դրամահաւաք էր սկսուել՝ ֆիլմի նկարահանման աշխատանքներին ֆինանսական աջակցութիւն տրամադրելու նպատակով: Ֆինանսական խնդիրնե՞ր ունէիք այդ պահին:
ՌՈæԵՐ ԿՈՒՊԵԼԵԱՆ.- Մենք մեծ ակնկալիքներ չունէինք այդ արշաւից, եւ այնպէս էլ չէր, որ ֆինանսական խնդիրներ ունէինք: Ֆիլմի ստեղծման աշխատանքները ֆինանսաւորւում են անկախ ներդրողների կողմից: Ուղղակի նման նախագծերում, երբ կայ հիմնական ֆինանսաւորում, հասարակութեան կողմից յաւելեալ աջակցութիւնն օգնում է մի փոքր աւելին անել: Հիմա Հայաստանում ենք նաեւ ինչ որ չափով այդօրինակ ֆինանսական միջոցների առկայութեան շնորհիւ եւ կը նկարահանենք մի քանի յաւելեալ տեսարաններ: Ցանկանում եմ, որ մարդիկ զգան, որ ուղիղ ազդեցութիւն ունեն այն ամէնի վրայ, ինչ մենք անում ենք, եւ իրենց պատկերացնեն ֆիլմի ստեղծման մասնակից:

ՆԱՐԻՆԷ ԴԱՆԵՂԵԱՆ.- «Բիւզանդիայից Արեւելք» ֆիլմի նախորդ թիզերները դիտելով՝ շատերն այն սկսեցին նմանեցնել «Գահերի Խաղ» («Game of Thrones») ամերիկեան հեռուստասերիալին: «Բիւզանդիայից Արեւելք»ը երբեւէ կարո՞ղ է դառնալ հեռուստասերիալ:
ՌՈæԵՐ ԿՈՒՊԵԼԵԱՆ.- Ի հարկէ, հնարաւոր եմ համարում նման դրամատիկ սերիալ նկարահանելու հնարաւորութիւնը: Օրինակ, Գրիգոր Լուսաւորչի ու Տրդատ թագաւորի պատմութիւնն այնքան բովանդակալից է եւ հետաքրքիր՝ դաւանանք, դաժանութիւն, զգացմունքայնութիւն… ամէն ինչ կայ այնտեղ: Միայն այդ պատմութեան հիման վրայ կարելի է մէկ եթերաշրջան տեւող հեռուստասերիալ նկարահանել:
Եթէ ֆիլմը յաջողակ լինի, աւելի հեշտ կը լինի գնալ ներդրողի մօտ ու ասել՝ տես, մենք արդէն արել ենք այսպիսի գործ եւ հիմա ցանկանում ենք դրամատիկ սերիալ նկարահանել: Ի հարկէ, արտասահմանցիները եւ նոյնիսկ բազմաթիւ հայեր տեղեակ չեն հայոց պատմութեան այդ հերոսական էջերի մասին, եւ կարեւոր է, որ ֆիլմը նաեւ կրթական գործառոյթ կատարի:
«Բիւզանդիայից Արեւելք»ը սիրում եմ կոչել «դոքիւթէյնմընթ» (docu-tainment) (վավերագրական ժամանց-Խմբ.): Այնտեղ ընդգրկուած են առանձին էպիզոդներ, որոնք մէկ ցանցի մէջ դնելու դէպքում հնարաւոր է անընդհատ նորերն աւելացնել: Այս պատմութիւնները կարող են բաւականացնել անգամ երկու եթերաշրջան նկարահանելու համար:

ՆԱՐԻՆԷ ԴԱՆԵՂԵԱՆ.- «Բիւզանդիայից Արեւելք»ի նկարահանումները քանի՞ երկիր են ընդգրկել:
ՌՈæԵՐ ԿՈՒՊԵԼԵԱՆ.- Նկարահանումներ ենք իրականացրել Հայաստանում, ԱՄՆում եւ Նոր Զելանդիայում: Ի դէպ, Նոր Զելանդիան առաջին վայրն էր, որտեղ նկարահանումներ իրականացրինք:
Այժմ նորից Հայաստանում ենք: Կը վերսկսենք Յունիսին մեկնարկած նկարահանումները, որոնց նորից մասնակցելու են «Թումօ» կենտրոնի սաները: Նկարահանումները տեղի են ունենում Իջեւանում եւ Աշտարակում: Որոշ պատերազմական տեսարաններ են նկարահանուելու:
ՆԱՐԻՆԷ ԴԱՆԵՂԵԱՆ.- «Բիւզանդիայից Արեւելք»ի երաժշտութիւնը գրել է Սերժ Թանկեանը: Ե՞րբ պատրաստ կը լինի ֆիլմի պաշտօնական սաունդթրեքը (ընկերակցող երաժշտութիւնը-Խմբ.):
ՌՈæԵՐ ԿՈՒՊԵԼԵԱՆ.- Նոր թիզեր ենք պատրաստել, որի վրայ վերջնական շտկումներն ենք իրականացնում: Այն շուտով պատրաստ կը լինի: Այնտեղ ընդգրկել ենք նաեւ հատուածներ նկարահանած վերջին տեսարաններից: Կարծում եմ, նոր թիզերը կը հրապարակուեն մինչեւ տարեվերջ՝ ընդգրկելով նաեւ երաժշտական հատուածներ:


comments