«Պէտք չի ժողովրդի անուան տակ թաքնուել». Աղուան Վարդանեան

By Asbarez | Friday, 03 October 2014

 

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– «Ես ոչ մի դէպքում ինձ վրայ պատասխանատուութիւն չեմ վերցնի խօսելու ժողովրդի անունից»: 3 Հոկտեմբերին Ազգային ժողովի ճեպազրոյցներուն ընթացքին այս մասին յայտարարած է ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեանը՝ մեկնաբանելով «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ռուբէն Յակոբեանի այն յայտարարութիւնը, ըստ որուն, եռեակը պիտի ընէ այն, ինչ որ կ՛որոշէ ժողովուրդը:


«Բոլոր նրանք, որոնք ասում են, որ ժողովուրդը կը գայ հանրահաւաքի եւ ինքը կ՛որոշի ինչ անել, իսկ մենք կ՛իրականացնենք, քաղաքական անպատասխանատուութիւն են ցուցաբերում: Դա պարզ մանիպուլեացիա է, պէտք չի ժողովրդի անուան տակ թաքնուել: Ես ինչպէս կարող եմ ասել, թէ ինչ է ուզում ժողովուրդը: Ժողովրդին ուղղորդում են, եւ ժողովրդի մի մասը գնում է նրանց հետեւից», դիտել տուած է ՀՅԴ խմբակցութեան քարտուղարը:

Խօսելով քառեակին կողմէ ամրան առաջադրուած 12 կէտերուն կապուած կառավարութեան պատասխանին մասին՝ Աղուան Վարդանեան յայտնած է, որ դժգոհ է այն ոճէն, որով տրուած է պատասխանը, որմէ կը բխի մէկ բան. «Այդ պահանջները ոչինչ չեն նշանակում իշխանությունների համար»:


comments