Աշխարհը գալիս է Դիլիջան. Քոլեջն իր դռներն է բացել 96 ուսանողների առաջ

By Asbarez | Tuesday, 07 October 2014

ԳԱՅԻԱՆԷ ՄԿՐՏՉԵԱՆ
«ԱրմինիաՆաու»ի Թղթակից

 

Ժուան Ֆրէյդըշը՝ Պորտուգալիայից, Ելենա Վասիլեւան՝ Մուրմանսկից, Վերոնիկա Ֆուգըլը՝ Գերմանիայից, Լինա Սիմը՝ Մալազիայից, Ալինա Խաչատրեանը՝ Մասիսից այն 96 աշակերտներից են, ովքեր սովորում են Հայաստանի UWC («Աշխարհի միացեալ քոլեջներ») կրթական ցանցի հերթական նոր՝ UWC Դիլիջան քոլեջում, որն այս տարուայ Օգոստոսից իր դռներն է բացել աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչների առաջ:


Պորտուգալացի Ժուանն ասում է, որ լսել էր Հայաստանի մասին, գիտէր, թէ որտեղ է գտնւում քարտէսի վրայ, բայց ոչ աւելին:

«Հնարաւորութիւն ունէի Կանադա կամ Գերմանիա գնալու, բայց ընտրեցի Հայաստանը, քանի որ այն շատ տարբեր է իմ երկրից՝ մշակոյթով, աւանդոյթներով ու կենցաղով: Ինձ հետաքրքրում են աշխարհի տարբեր մշակոյթները, այդ թւում եւ Հայաստանը: Շատ օգտակար է, երբ սկսում են ճանաչել այլ մշակոյթներ: Մէկ ամսից աւելի է, ինչ այստեղ եմ, բայց յստակ կարող եմ ասել՝ ճիշդ որոշում եմ կայացրել: Սիրում եմ Դիլիջանը», ասում է նա:

Օգոստոսի 16-18ը UWC Դիլիջան են ժամանել 96 սան՝ աշխարհի 48 երկրներից, ովքեր, ըստ ծրագրի, այստեղ են անցկացնելու ուսումնառութեան երկու տարիները: UWC Դիլիջան քոլեջը միջազգային համատեղ ուսուցման համալիր է՝ նախատեսուած աւելի քան 50 երկրներից աշակերտների համար: Այն անդամակցում է «Աշխարհի միացեալ քոլեջներ» կրթական ցանցին եւ 14 քոլեջներից ու դպրոցներից մէկն է, որ երիտասարդների համար ճանապարհ է հարթում աշխարհի լաւագոյն համալսարաններ:

«UWC քոլեջները, միջազգային բակալաւրիատը (IB) թոյլ են տալիս ուսանել աշխարհի լաւագոյն համալսարաններում, որոնք ճանաչում են այս դիպլոմը: Ռուս աշակերտներին յատկացրել էին 10 կրթաթոշակ, մտածեցի՝ կարող եմ յայտնուել այդ ցուցակում, փորձեցի եւ ահա ես UWC Դիլիջանում եմ», ասում է Ելենա Վասիլեւան:

Ընդունելութեան գործընթացն իրականացւում է անկախ ծնողների ֆինանսական կարողութիւնից եւ ուղեկցւում է կրթաթոշակային լայնածաւալ ծրագրով: Դպրոցում մէկ տարուայ ուսման վարձը կազմում է 35 հազար ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների մեծ մասը հնարաւորութիւն կ՛ունենայ ուսանելու մինչեւ 100 տոկոս կրթաթոշակով: Դպրոցում ընդունելութիւնը կատարւում է UWC-ի սահմանած կարգին համապատասխան՝ UWC ազգային կոմիտէների համակարգի միջոցով:

Ծրագրային առարկաները դասաւանդւում են անգլերէն՝ անգլիախօս ուսուցիչների կողմից, սակայն ծրագիրն ընդգրկում է ոչ միայն օտար լեզուների, այլեւ մայրենի լեզուի, գրականութեան ու պատմութեան խորացուած ուսուցում:

«Քոլեջը գտնւում է բացառիկ գեղեցիկ բնութեամբ հարուստ եւ հիւրընկալ բնակչութեամբ աչքի ընկնող երկրում: Այն կարող է մրցել աշխարհի ցանկացած երկրի հետ: Որպէս հիմնադիր տնօրէն՝ ես ոգեւորուած եմ նոր քոլեջի ստեղծմամբ, որն այս տարի հիւրընկալել է 55 երկրից ժամանած աշակերտների», ասում է UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր տնօրէն æոն Փադըֆութը, ով նախկինում եղել է Հնդկաստանի Աղախան ակադեմիայի հիմնադիր տնօրէնը, Շրի Լանկայի Ս. Թովմաս քոլեջի ռեկտորը, Միացեալ Թագաւորութեան Իթոն քոլեջի ակադեմիական գծով փոխտնօրէնը: Ըստ Փադըֆութի՝ բացառիկ դպրոցների հիմքում ընկած է բացառիկ դասաւանդումը, որը ներարկում է ողջ կեանքի ընթացքում ուսանելու ունակութիւն եւ ուսման ծարաւ:

«UWC Դիլիջանում ուսուցումը միաձուլելու է ժամանակակից տեխնոլոգիաների եւ աւանդական կրթական արժէքների ստեղծած բոլոր հնարաւորութիւնները: Ինչպէս ես, այնպէս էլ մեր բոլոր հիմնադիրներն ու հոգաբարձուները մտադիր ենք UWC Դիլիջանը դարձնել համաշխարհային կրթութեան առաջատար, բացայայտել անհատի իրական ներուժը», ասում է նա:

Քոլեջում մտադիր են մինչեւ 2020թ. սաների թիւը հասցնել 650ի: UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 17 քաղաքացիներ՝ 10ը UWC Դիլիջան միջազգային դպրոցում, 7ը՝ UWC-ի այլ երկրների քոլեջներում: Քոլեջում դասաւանդող 20 ուսուցիչներից 4ը հայ են:

Կրթահամալիրը զբաղեցնում է 88 հա. տարածք՝ Դիլիջանի ազգային զբոսայգու (պարկի) հարեւանութեամբ: Համալիրի ինքնատիպ ճարտարապետական կառոյցը ներդաշնակ է շրջապատող բնութեանը՝ յագեցած գերժամանակակից լուծումներով:

Բաղկացած է ուսումնական եւ վարչական գլխաւոր մասնաշէնքից, հանրակացարաններից, բժշկական կենտրոնից, բացօթեայ մարզահրապարակներից, խաղահրապարակներից ու այգիներից, փակ մարզահամալիրից, աշխատակիցների բնակարաններից, բեմարուեստի կենտրոնից եւ ճաշարանից, բացօթեայ ուսումնական տարածքներից:

UWC Դիլիջան միջազգային դպրոցի փոխտնօրէն Սալի Նորիսն ասում է, որ բացի հիմնական առարկաներից, աշակերտները նաեւ հայերէն են սովորում, որը ուսումնական ծրագրի պարտադիր մաս է կազմում:

«Արտասահմանից եկած երեխաներն առաջին երկու շաբաթուայ ընթացքում ծանօթացել են հայկական մշակոյթին, հայկական պարեր են սովորել եւ հայերէն մի քանի բառեր: Մենք կարեւորում ենք տարբեր մշակոյթների փոխշփումը, ուզում ենք, որ այդ մշակոյթները կրող մարդիկ ապրեն միասին, իսկ արդիւնքը կ՛երեւայ յետոյ, երբ այստեղ սովորելուց յետոյ նրանք կը վերադառնան իրենց երկիր՝ միշտ յիշելով, որ այս կամ այն երկրում հարազատ ու սիրելի ընկերներ ունեն», ասում է Սալի Նորիսը:

Փոխտնօրէնի խօսքով՝ բիզնեսում եւ քաղաքականութիւնում յաջողութեան հասած շատ մարդիկ ժամանակին հէնց իրեց քոլեջների շրջանաւարտներ են եղել:
æոն Փադըֆութն էլ նշում է, որ Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնական նպատակը Հայաստանը համաշխարհային կրթական կենտրոնի վերածելն է, որտեղ հնարաւորութիւն կը ստանան ուսանելու հարիւրաւոր երեխաներ աշխարհի տարբեր երկրներից եւ դառնալ Հայաստանի դեսպանները ամբողջ աշխարհում:

«Բացի կրթական նպատակներից, այս նախագիծը միտուած է նաեւ բարելաւելու Դիլիջանի սոցիալ-տնտեսական վիճակը՝ աւելացնելով տեղական բիւջէի մուտքերը, նպաստելով գործազրկութեան կրճատմանը, զբօսաշրջութեան եւ տրանսպորտային ենթակառուցուածքների զարգացմանը», ասում է նա:

UWC-ի առաքելութիւնն է՝ կրթութիւնը դարձնել մարդկանց, ազգեր եւ մշակոյթներ համախմբող ուժ՝ խաղաղ եւ կայուն ապագայ կերտելու նպատակով: Առաջին՝ Ատլանտիկ քոլեջը հիմնադրուել է Ուելսում՝ 1962 թուականին: Այն 14 դպրոցների եւ քոլեջների ցանց է աշխարհի 5 մայրցամաքներում: Տարեկան աւելի քան 7500 սան եւ 50,000 շրջանաւարտ: Կամաւորական հիմունքներով ձեւաւորուած աւելի քանի 140 երկրներում գործող ազգային կոմիտէների ցանց, որոնք եւ կատարում են դիմորդների ընտրութիւնը:

UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր դոնոր, յայտնի ռուս գործարար Ռուբէն Վարդանեանի եւ նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի մօտ դպրոցի ստեղծման գաղափարը ծագել էր դեռեւս 2006 թուականին: Տարածաշրջանի տնտեսութեան, զբօսաշրջութեան, ենթակառուցուածքների զարգացման համար նրանք հիմնադրել են IDeA կոչուող հիմնադրամը:

Իր հայաստանեան հարցազրոյցներից մէկում Ռուբէն Վարդանեանը նշել է, որ IDeA հիմնադրամը կ՛իրականացնի բարեգործական ծրագրեր, որոնք ազդեցութիւն կը գործեն Հայաստանի ապագայի վրայ եւ կ՛օգնեն Հայաստանին ներկայումս գերիշխող գոյատեւման մոդելից անցնելու բարգաւաճման մոդելի:

 


comments

Advertisement