«Ազգային-պետական արժանապատուութիւնից վեր բան չկայ». Արմէն Ռուստամեան

By Asbarez | Friday, 16 January 2015

 

 

ԵՐԵՒԱՆ, <<Երկիր>>.– ՀՅԴ Գերագոյն Մարմինի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը <<Երկիր>>ի հետ ունեցած զրոյցին ընթացքին խօսած է Գիւմրիի մէջ տեղի ունեցած վերջին զարգացումներուն մասին՝ դատապարտելով ոճիրը եւ պահանջելով խստօրէն պատժել յանցագործը։ <<Մենք արդէն դատապարտել ենք Գիւմրիում կատարուած ոճրագործութիւնը եւ մեր վշտակցութիւնը յայտնել զոհուածների հարազատներին, մեր ժողովրդին: Կատարուած յանցագործութիւնը ոչ միայն ազգային, այլեւ մարդկային պատկանելութիւն չունի:

Այն, ինչ կատարուեց դրանից յետոյ Գիւմրիում, մեր քաղաքացիների բնական արձագանգն էր՝ արդարութիւն գտնելու, վստահ լինելու, որ ոճրագործը Հայաստանի օրենսդրութեամբ խստագոյն պատժի կ՛արժանանայ:

Գիւմրեցիների եւ Հայաստանի միւս քաղաքացիների համար կարեւորագոյնը սեփական պետութեան արժանապատուութիւնն էր: Այն, որ այդ ոճրագործը Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացի է, իսկ զոհերը՝ Հայաստանի Հանրապետութեան, չի կարող որեւէ կերպ մեծ կամ փոքր պետութեան յարաբերութիւնների խնդիր լինել:
Մեր իրաւապահներն ամէն ինչ պէտք է անեն, որ ոճրագործը դատապարտուի Հայաստանի իրաւական տիրոյթում: Սա լիովին համահունչ է ընդունուած միջազգային պրակտիկային եւ երկու երկրների պարտաւորութիւններին:

Ցաւօք, յուզումները Գիւմրիում յանգեցրեցին ոստիկանների հետ բախումների, ունեցանք վիրաւորներ: Եւ այստեղ մէկ անգամ խնդիր է առաջացնում մեր իրաւապահ համակարգի պրոֆեսիոնալիզմը, նման դէպքերում բախումներից խուսափելու կարողականութիւնը:

Յատուկ ուզում եմ ընդգծել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ եպս. Աջապահեանը հայ հոգեորականին վայել կեցուածքով մինչեւ վերջ իր ժողովրդի կողքին կանգնեց եւ փորձեց հանդարտեցնել կրքերը:

Կրկնում եմ՝ աւելի մեծ բան չի կարող լինել, քան մեր ազգային-պետական արժանապատուութիւնն է: Եւ մեր իշխանութիւնները պէտք է ամէն ինչ անեն, որ մեր ժողովուրդը, գիւմրեցիները վստահ լինեն, որ ոճրագործը դատապարտուելու է Հայաստանի իրաւական տիրոյթում, որ գործի ամբողջական բացայայտումը եւ օրէնքի ողջ խստութեամբ պատժի անխուսափելիութիւնը որեւէ մէկի մօտ կասկած չյարուցի>>:


 


comments