«Նման հզօր բանակ մենք վաղուց չենք ունեցել». Սերժ Սարգսեան

By Asbarez | Wednesday, 28 January 2015

ԵՐԵՒԱՆ, <<Ազատութիւն>>.– <<Մեր երկրի եւ ժողովրդի համար բանակն աւելին է, քան պարզապէս պետական կառոյցը>>, հաստատած է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան 28 Յունուարին Բանակի օրուան առթիւ իր յղած շնորհաւորական ուղերձին մէջ։


<<Հայոց բանակը բառացիօրէն ամէն օր եւ ամէն գիշեր պաշտպանում է մեր կեանքը՝ շատ յաճախ մարտի բռնուելով մեր հայրենիքի հանդէպ ոտնձգութիւններ կատարող ելուզակների դէմ: Այսօր մեր վզին փորձում են փաթաթել նոր տիպի պատերազմ, որովհետեւ բոլոր նախորդ տիպերի պատերազմներում նրանք տանուլ են տուել: Այսպէս կոչուած <<դիվերսիաների պատերազմը>> նոյնպէս տանուլ են տալու: Դրա անհեռանկարայնութիւնն արդէն ակնյայտ է նոյնիսկ նրանց համար, ովքեր մեզ անուանում են <<թշնամի>>, նշած է նախագահը։

<<Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարում մեզ՝ հայերիս, ոմանք որոշել են վախեցնել մարդասպանութեամբ՝ հայասպանութեամբ, 100 տարի առաջ կատարուածը պետականօրէն մշակուած եւ յաջող իրականացուած ցեղասպանութիւն էր, որը կարող էր իրականացուել միայն հայկական պետականութեան բացակայութեան պայմաններում>>:

<<Այսօր՝ այս տօնական օրը, դժուար հասկացողների համար ես մէկ անգամ եւս յայտարարում եմ. հայ ժողովուրդը վերադարձել է կեանք, վերադարձել է ժողովուրդների միջազգային ընտանիք իր պետականութեամբ եւ բանակով: Նա վերադարձել է դժոխքից: Դժոխքը վերապրածներին ահաբեկելու փորձերը լուրջ չեն: Նման փորձերը ուշացած են առնուազն 100 տարով։

<<Հարց է ծագում. ի՞նչ կապ ունեն 100 տարի առաջ կատարուած դէպքերը մեր այսօրուայ բանակի հետ: Արդեօ՞ք, որեւէ մէկի հիւանդ ուղեղում կայ Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլեւ հարեւան երկրի բարձրաստիճան պաշտօնեաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարաւոր բարձրախօսներից: Ըստ նրանց՝ ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի ողջ տարածքը <<պատմական ադրբեջանական>> հողեր են, եւ այդ հողերը ենթակայ են այսպէս ասած՝ <<ազատագրման>>: Մենք շատ լաւ գիտակցում ենք նման <<ծրագրային>> հռետորաբանութեան թիրախները: Իսկ ի՞նչ ենք ասում մենք: Ասում ենք՝ Արցախի ազատ ապրելու իրաւունքը չի քննարկւում: Վերջակէտ:

<<Մեր բանակը ձեւաւորման օրուանից, երբ դեռեւս պաշտօնական անուանում էլ չունէր, թրծուել է պատերազմի կրակների մէջ: Նա ծնուել է որպէս մեր ժողովրդի ապրելու եւ ազատագրուելու կամք, որպէս նրա յոյսերի, իղձերի եւ անմահութեան առհաւատչեայ: Նման հզօր բանակ մենք վաղուց չենք ունեցել: Շնորհաւորում եմ բոլորիս այս մեծ տօնի առթիւ: Մեր զինուորականներին մաղթում եմ անփորձանք ծառայութիւն, իսկ մեզ բոլորիս՝ խաղաղութիւն>>, հաստատած է նախագահը:

 

comments