Նախագահ Սերժ Սարգսեան պատերազմ կը յայտարարէ Ծառուկեանին դէմ

By Asbarez | Thursday, 12 February 2015

 

 

 

ԵՐԵՒԱՆ.- Հինգշաբթի, 12 Փետրուարի երեկոյեան, Երեւանի մէջ իշխող Հանրապետական կուսակցութեան խորհուրդը գումարեց նիստ, որուն ընթացքին ելոյթ ունենալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան հրապարակային պատերազմ յայտարարեց <<Բարգաւաճ Հայաստան>>ի առաջնորդ Գագիկ Ծառուկեանին դէմ:
Նախագահը նաեւ յայտարարեց, որ Գագիկ Ծառուկեանը արդէն իր հրամանագիրով ազատուած է Անվտանգութեան խորհուրդի անդամի պարտականութիւններէն: Նախագահ Սարգսեան կասկածի տակ դրաւ Գագիկ Ծառուկեանի պատգամաւորութիւնը, քանի որ ան գրեթէ միշտ բացակայած է Ազգային ժողովի նիստերէն:
Ստորեւ՝ նախագահի ելոյթը.


Խորհրդի այսօրուայ նիստն ամբողջութեամբ նուիրուելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկայ զարգացումներին եւ այդ դաշտում մեր կուսակցութեան յետագայ քայլերին: Ասեմ, որ մենք բաւականին լայն քննարկում ենք ունեցել նշուած խնդիրների շուրջ գործադիր մարմնի նիստում, արտայայտուել են գործադիր մարմնի անխտիր բոլոր անդամները: Դեռ Երկուշաբթի, ես երկու-երեք օր ժամանակ էի խնդրել իմ գործընկերներից հնչեցուած բոլոր տեսակէտներն ամփոփելու համար: Այդ ամփոփումները ներկայացրել եմ արդէն այսօր՝ քիչ առաջ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, որտեղ էլ որոշում է կայացուել դրանք հնչեցնել խորհրդի նիստում եւ լսել նաեւ խորհրդի անդամների կարծիքները: Սա չի նշանակում, որ գործադիր մարմնի անդամներն այսօր այստեղ ելոյթ չեն ունենալու:

Ասեմ, որ մեր վերջին քննարկումներն էապէս տարբերուել են բոլոր նախորդներից: Հանրապետական կուսակցութիւնը քաղաքական ինստիտուտ է, եւ մեր քննութեան դիտակէտում միշտ եղել են քաղաքական հարցեր, մեր կողմից շրջանառութեան մէջ դրուող բոլոր նախաձեռնութիւններին, յայտարարութիւններին կամ ելոյթներին մենք վերաբերուել ենք որպէս քաղաքական երեւոյթների, հետեւաբար եւ քննարկել ու քաղաքական արձագանգներ ենք տուել դրանց: Այդպէս եղել է միշտ:
Ժամանակի ընթացքում, սակայն, մենք նկատեցինք, որ այն, ինչ մենք անում ենք, միշտ չէ կամ քաղաքական դաշտում գործող բոլոր սուբյեկտների (անձերու-Խմբ.) հետ կապուած չէ, որ իմաստ ունի: Մենք հասկացանք, որ քաղաքական իւրաքանչիւր գործընթաց, աւելին, տրամաբանութեան հետ կապ ունեցող ցանկացած երեւոյթ միանգամից աղճատւում եւ խեղկատակութեան է վերածւում, երբ գործընթացի միւս ծայրում կրկին յայտնւում է տարրական տրամաբանութեան եւ իրականութեան զգացողութեան բացակայութեան գործելաոճը:

Մենք անկեղծօրէն տրամադրուել էինք գործադիր մարմնի նիստում քննարկել Գագիկ Ծառուկեանի վերջին ելոյթը եւ պաշտօնապէս արձագանգել դրան. ճիշդ այնպէս, ինչպէս մշտապէս արձագանգում ենք քաղաքական դաշտի բոլոր յայտնի դերակատարների հրապարակային խօսքերին ու յայտարարութիւններին, որոնք առնչւում են մեզ: Ցաւով պիտի արձանագրեմ, որ քննարկման ընթացքում, սակայն, գրեթէ անդրադարձ չեղաւ այդ ելոյթին: Առաջին հայեացքից սա տարակուսանք կարող է առաջացնել, մինչդեռ բացատրութիւնն իրականում շատ պարզ է. քննարկելու իմաստը ո՞րն է: Ի՞նչը քննարկենք. քննարկենք ի՞նչ է ասուել, թէ քննարկենք՝ արդեօք հասկացե՞լ է, թէ ինչ է ընթերցում:

Ու նոյնը՝ տարիներ շարունակ: Թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թէ որն է <<այբը>>, որը՝<<բենը>>: Ոմանք սեփական օրակարգն են գրում, դէմ տալիս՝ մտքում համոզուած լինելով, որ <<միեւնոյն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում>>: Գործընկեր կուսակցութիւններն էլ օր ու գիշեր քննարկում են՝ հասկացա՞ւ արդեօք ինչ է անում, թէ՝ ինչպէս միշտ: Մարդ չգիտի՝ նախ բացատրի, թէ ինչ դեր է ինքը վերցրել եւ ինչ է ասել հրապարակաւ, յետո՞յ պատասխանի դրանց, թէ միանգամից ասի՝ ախր էս ամէնը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր: Ախր քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերացիա չէ՝ այստեղ այլ յատկանիշներ են հարկաւոր:

Լաւ, բա մինչեւ ե՞րբ պէտք է շարունակենք այսպէս: Պարզ է չէ՞, որ այս ամէնը հասկանում են բոլորը, պարզ է չէ՞, որ այս ամէնը հասկացողները ժամանակի ընթացքում սկսում են անիմաստ համարել քննութեան առնել հնչեցուած մտքերը, որոնք գիտակցուած չեն արտասանւում: Ամէն ինչ աւելի քան պարզ է: Ահա թէ ինչու չհնչեցին եւ չեն հնչում դիտարկումներ ելոյթի վերաբերեալ, որի մասին խոստացել էինք քաղաքական կարծիք ձեւաւորել:

Ստեղծուած իրավիճակը հաշուի առնելով՝ մենք ուղղակի պարտաւոր ենք մի պահ կանգ առնել ու հասկանալ, թէ ինչպէս ենք քաղաքական դաշտը կրկին դարձնում զուտ քաղաքական գործիչների հարթակ, ինչպէս ենք քաղաքականութիւնը մաքրում տգիտութիւնից ու գործընթացները վերադարձնում մտաւոր դաշտ: Առանց դրա շատ դժուար կը լինի կանգնել զարգացման բոլոր այն մարտահրաւէրներին դէմ յանդիման, որոնք այսօր գոյութիւն ունեն:

Անշուշտ, շատերի սպասելիքների տիրոյթում էր, որ այսօրուայ խորհրդի նիստում մենք ազդարարելու ենք Սահմանադրական բարեփոխումների յաջորդ փուլի մեկնարկը: Բայց մէկ անգամ եւս պիտի անդրադառնամ, թէ ինչի համար ենք մենք այդ ամէնը նախաձեռնել: Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ եւ իմ սեղանին է: Դուք բոլորդ դրա մասին գիտէք: Ոչինչ ինձ չի խանգարել եւ չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը եւ սկսել նոր Սահմանադրութեան նախագծի մշակման փուլը, աւելին՝ հաշուի առնելով, որ դրա համար առկայ է սատարման աւելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար: Բայց ես կայացրել եմ կառուցողական որոշում եւ մինչ օրս առկախել եմ գործընթացը՝ յայտարարելով, որ սահմանդրական բարեփոխումներն ամենեւին էլ ինքնանպատակ չեն, եւ ինձ համար բաւականին մեծ նշանակութիւն ունի հնարաւոր լայն քաղաքական կոնսոլիդացիա՝ համախմբում, ունենալու եւ դրանով առաջ գնալու հարցը: Ես դա արել եմ նաեւ անձամբ Գագիկ Ծառուկեանի խնդրանքով, ինչը սակայն յետագայում նրան սպասարկողները սկսեցին կոչել յետքայլ:

Սահմանադրական բարեփոխումները մարդկանց եւ քաղաքական գործիչների ու նրանց ամբիցիաների (փառասիրութիւններու-Խմբ.) մասին չեն ամենեւին, դրանք մեր երկրի, մեր զաւակների աւելի ապահով ու զարգացման աւելի ամուր նախադրեալներով ապագայի համար են: Նոր Սահմանադրութիւնը կոչուած պիտի լինի երկիրն առաւելապէս հեռու պահելու ցնցումներից, ամրացնելու եւ բալանսաւորելու՝ հաւասարակշռելու պետական համակարգը, բարձրացնելու Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու իրաւունքների պաշտ-պանութեան մակարդակը, աւելացնելու կայացուող որոշումների վրայ հասարակութեան ազդեցութեան հնարաւորութիւնները, աւելի արդիւնաւէտ դարձնելու իշխանութիւն-ընդդիմութիւն փոխգործակցութիւնը եւ այլն: Սահմանադրական բարեփոխումներն ի վերջոյ կոչուած են յստակեցնելու պետական իշխանութեան մարմինների, բարձրաստիճան պաշտօնեաների լիազօրութիւնների շրջանակը եւ, դրանով պայմանաւորուած, նրանց պատասխանատուութեան սահմանները:

Կարեւորագոյն այսպիսի խնդիրների մասին են բարեփոխումները, ոչ թէ անձերի կամ, ինչպէս մատի փաթաթան են դարձրել՝ իշխանութեան վերարտադրութեան համար: Դա աբսուրդ է, ուղղակի աբսուրդ՝ անհեթեթութիւն:

Եթէ իշխանութեան վերարտադրութիւն ասելով հասկանում են, որ յաջորդ համապետական ընտրութիւններում ժողովրդի մեծամասնութեան քուէն ստացած ուժը կամ ուժերը կը ձեւաւորեն իշխանութիւնը եւ կը նշանակեն երկրի բարձրագոյն պաշտօնեաներին, ապա անհասկանալի է, թէ ինչն է դրանում վատ եւ ինչու են այդպէս շեշտուած բացասական երանգ հաղորդում այդ տարողունակ բառին: Իսկ եթէ դեռ կայ մէկը, ով ուզում է, որ ամէն ինչ մնայ նոյնը՝ կարծելով, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները կը գնան ընտրութեան եւ, հաշուի առնելով իրենց, իրենց երեխաների ապագան եւ անվտանգութիւնը, Հայաստանի տեղը արդի աշխարհում եւ մեր առջեւ ծառացած մարտահրաւէրները, սոցիալ-տնտեսական առանց այն էլ բարդ խնդիրների վրայ արտաքին միջավայրից եկող ահագնացող ճնշումները, անպայման կ՛ընտրեն մէկին, ով տարիներ ի վեր իշխանութեան մէջ լինելով յանկարծ սկսել է իրեն այլընտրանք յորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, ապա նա ոչ միայն ոչինչ չի հասկանում պետութիւնից, հասարակութիւնից, սոցիոլոգիայից ու քաղաքականութիւնից, այլեւ լրջօրէն շփոթում է կեանքը կրկէսի հետ:

Մենք կրկէսի վերածելու հայրենիք չունենք:

Մինչդեռ իրականում սահմանադրական բարեփոխումներն ուղիղ հակառակի մասին են: Դրանք են, որ ի տարբերութիւն ներկայ իրականութեան, պէտք է ամրագրեն երկրում իշխանութեան անցնցում փոփոխութեան իրաւական նախադրեալները: Դրանք են, որ կարող են հնարաւորութիւն ստեղծել բոլոր առողջ քաղաքական ուժերի համար մշտապէս ուղղակի մասնակիցը լինել իշխանութեան ձեւաւորման գործընթացներին: Նոյն <<Բարգաւաճ Հայաստան>> կուսակցութիւնում կան հայրենասէր, գրագէտ ու աշխատող մարդիկ, մարդիկ, ում հետ կարող ենք ճանապարհ անցնել, ովքեր իսկապէս կարող են խնդիրներ լուծել, ոլորտներ առաջ տանել եւ մէջք մէջքի կանգնել մեր երկրի դէմ ծառացած մարտահրաւէրներին դիմակայելիս: Ահա այսպիսի կոնսոլիդացիա, այսպիսի համախմբում է հարկաւոր մեր երկրին, որ խնդիրները լուծենք, ոչ թէ նոր խնդիրներ յարուցենք:

Բայց ունենք այն, ինչ ունենք: Քաղաքական լուրջ գործընթացների, քաղաքական լայն կոնսոլիդացիայի՝ համախմբման մասին դժուար է խօսել, երբ կարեւորում ես քաղաքական ուժը, որտեղ կան լուրջ մարդիկ, բայց որը ղեկավարում է քաղաքականութեան եւ տարրական տրամաբանութեան հետ կապ չունեցող մարդ: Նման իրավիճակում իսկապէս դժուար է խօսել ու որոշումներ ընդունել քաղաքական հիմնարար գործընթացների մասին: Այս պահին, շատ աւելի կարեւոր է հէնց հիմա զբաղուել քաղաքական դաշտի մաքրմամբ, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարաւոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել:

Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆէոդալական տրամաբանութիւնից: Կիսաքայլերով կամ մանկամտութիւնն ու անընկալունակութիւնն անվերջ ներելով ժամանակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կը հասցնենք մեր երկրին, մեր տնտեսութեանը եւ մեր ժողովրդին: Ժամանակն է ամբարտաւանին ցոյց տալու իր տեղը, տգէտին՝ իր տեղը, իսկ մոլորեալին՝ իրենը: Եւ ժամանակն է յստակութիւն մտցնելու դաշտում: Կուտակուած քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, եւ այդ գործընթացը մենք կը սկսենք հէնց այսօրուանից:

Գագիկ Ծառուկեան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտաւոր ցածր ունակութիւններով անհատն ինքնաբերաբար դառնում է որեւէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնյայտօրէն երեւում է արդէն վաղուց: Ցանկացած լուսաւոր անհատ կամ ցանկացած լուսաւոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խաւարի ուժը. աղաղակ, պիտակաւորում, անուանարկում, >>ես այսօր այստեղ եմ եւ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ<< մակարդակից վեր իւրաքանչիւր մտքի բռնաբարում: Ծանօթ պատկերներ են, չէ՞: Ի հարկէ ծանօթ են: Ու չասէք, թէ սա միայն իշխանական գործիչների դէմ է օգտագործւում: Բոլորն ամէն ինչ շատ լաւ հասկանում են:

Այո, ողբերգութիւն է, ինչ որ տեղ նաեւ զաւեշտ է, որ Գագիկ Ծառուկեանը քաղաքական մեծ յաւակնութիւններ ունի: Վստահաբար նրա շրջապատի գրագէտ մարդիկ նոյնպէս հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է: Պատկերացնո՞ւմ էք մի իրավիճակ, երբ Ծառուկեանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին յաջորդում են պատգամաւորների, այդ թւում նաեւ թուրք եւ ադրբեջանցի պատգամաւորների, հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է եւ սոսկալի, ի հարկէ: Նրա արտերկրեայ մի քանի յայտնի այցերի ընթացքում թողած ամօթալի տպաւորութեան մասին մեր գործընկերների սարկազմային (հեգնական- Խմբ.) պատմութիւնները դեռ մինչ օրս մենք չենք մարսել:

Ու կրկի՛ն պէտք է ասեմ, որ մենք կրկէսի վերածելու հայրենիք չունենք:

Սիրելի՛ հանրապետականներ,

Ստեղծուած իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիօրէն արգելել ձեզ հրապարակաւ հանդէս գալու Ծառուկեան Գագիկի բոլոր անհեթեթութիւնների դէմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որեւէ մէկին հոլովել ժողովրդի կողմից դաջուած <<Դոդի Գագօ>> կնիքը, ե՛ս եմ բոլորիդ յորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգաւոր նախադասութիւնից յետոյ՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնյայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ եւ առաջ արել եմ որպէս երկրի նախագահ, որպէս իշխող քաղաքական ուժի ղեկավար: Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարեւոր չլինել ինձ համար՝ յատկապէս երկրում քաղաքական կայունութիւնը պահպանելու եւ մեր հասարակութեանը ամենատարբեր արկածախնդրութիւնների մէջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համբերատար լինել, ներողամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղութիւն ցոյց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարաւոր չի եղել իրողութիւնները պարզունակութեան աստիճանի հասցրած ներկայացնել, եւ ինչ-որ բան չի ստացուել: Սխալուել եմ: Փորձել եմ պաշտպանել շատերին, բայց չեմ նկատել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղաքական երեւոյթի առկայութիւնն ինքնին աղճատում է ողջ դաշտը:
Յարգելի ներկանե՛ր, բոլորդ իմ հաւատարիմ թիմակիցներն էք: Մենք երկար ճանապարհ ենք անցել: Բայց ես շատ լաւ գիտեմ, թէ դուք մտովի որքան ժամանակ է ինձ մեղադրում էք նման քաղաքական կամ աւելի շուտ վայ-քաղաքական սուբյեկտ հովանաւորելու, աւելին՝ աճեցնելու համար: Այո՛, դա սխալ էր, դա իմ սխալն է եղել, իմ ու մի քանի այլոց, ովքեր թէեւ դա անում էին ոչ թէ <<յանուն>>, այլ <<ընդդէմ>> նպատակներով, բայց նրանց մեղքն էլ ես իմն եմ համարում:
Սխալը պէտք է ուղղել: Արագ, մինչեւ վերջ եւ յստակ: Այլեւս որեւէ մէկը կանգնելու կամ յապաղելու իրաւունք չունի:

Իսկ հիմա, յարգելի ներկաներ, մեր քայլերի մասին:

1. Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկեանը կ՛ազատուի Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգութեան բարձրագոյն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանայ գայ, երբ չցանկանայ՝ չգայ:

2. 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկեանը մասնակցել է միայն 4ին: Եթէ նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրաւունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ իւրաքանչիւր քաղաքացու իրաւունքների համար: Մեր պատգամաւորները վաղուանից կը նախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:

3. Տարիներ ի վեր շարունակում են օդում կախուած մնալ չստուգուած լուրերը չմուծուած միլիարդաւոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթուելու իրաւունքից գողացուած միլիարդները չնչին, այսպէս ասած, <<բարեգործութեան>> անուան տակ քօղարկելու մասին: Ես յորդորում եմ Հայաստանի Հանրապետութեան վարչապետին՝ յանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկութիւնը եւ բաց ներկայացնել բոլորին:

4. Շարունակում են նաեւ օդում կախուած մնալ բազմաթիւ քրէական յանցագործութիւններ պրոֆեսիոնալ կերպով քօղարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգուած լուրերը: Վաղը ես հրաւիրելու եմ Անվտանգութեան խորհրդի նիստ, որտեղ մեր իրաւապահների հետ համապատասխան անդրադարձ կը լինի, թէ ինչպէս վարուել նման լուրերի հետ:

Վերջում ասեմ, որ խօսքս ամբողջութեամբ Գագիկ Ծառուկեան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երեւոյթի մասին էր: Որպէս Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եւ գործարար, ես նրա հետ կապուած որեւէ խնդիր չեմ տեսնում, եթէ, ի հարկէ, հիմնաւորապէս հերքուեն օրէնքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը:

 

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement