ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի պատասխան ելոյթը

By Asbarez | Friday, 13 February 2015

 

ԵՐԵՒԱՆ.- Ուրբաթ, Փետրուար 13ին, Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան (ԲՀԿ) Քաղաքական խորհուրդը նիստ գումարած է, որուն ընթացքին հրապարակուած է կուսակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանի յայտարարութիւնը՝ ի պատասխան մէկ օր առաջ, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան ղեկավար, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի յարձակումներուն:


Ստորեւ կը ներկայացնենք Ծառուկեանի պատասխանը նախագահ Սարգսեանին.

Այստեղ են ԲՀԿ խմբակցութեան անդամները, քաղխորհրդի անդամները, տարածքային կառոյցների պատասխանատուները:

Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես այսօր հանդիպելու եմ Լեւոն Տէր Պետրոսեանի եւ Րաֆֆի Յովհաննիսեանի հետ: Մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը:

Երէկ ուշ երեկոյեան ինձ մօտ են եղել բազմաթիւ գործիչներ, Համաժողովրդական շարժմանը միացած խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, ազատամարտիկներ, հասարակական կառոյցների ներկայացուցիչներ, որոնք սպասում են մեր որոշումներին: Եւ ամենակարեւորը՝ ժողովուրդն է սպասում մեր խօսքին ու մեր քայլերին:

Մինչեւ մեր բուն անելիքները ներկայացնելը, ես ուզում եմ անդրադառնալ երէկ եթերը լցրած յայտնի մարդու ելոյթին: Յատուկ ուզում եմ ընդգծել, որ իմ խօսքը ոչ թէ ուղղուած է նրան, այլ՝ ժողովրդին:

Սիրելի՛ ժողովուրդ,

Բոլորս շատ լաւ գիտենք, թէ ինչ վիճակում է գտնւում մեր երկիրը, Հայաստանի քաղաքացին եւ ով է այդ ամէնի թիւ մէկ պատասխանատուն:

Վերջին տարիներին արուած իմ բոլոր քայլերն ուղղուած են եղել քաղաքական հարթութեան մէջ խնդիրները քննարկելուն եւ լուծումներ գտնելուն: Ես միշտ յայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ, բայց երբ, մեղմ ասած, վատ կառավարում է իրականացւում եւ Հայաստանը յետ շպրտւում, ապա բոլորս էլ պարտաւոր ենք ոտքի կանգնել ու ամէն մէկս իր չափով ելքեր առաջարկել ու գտնել: Ելքը ես տեսել եմ քաղաքական փոփոխութիւնների մէջ:

Ես քաղաքականութիւն եմ մտել բացառապէս մէկ նպատակով՝ օգնել իմ երկրին ու իմ ժողովրդին դուրս գալու այս վիճակից:

Ես ամէն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի, բոլոր հիմնական քաղաքական ուժերի եւ գործիչների համախմբման համար: Ես սահմանել էի խաղի կանոն՝ չվիրաւորել, անձնական թշնամանք չտարածել: Որովհետեւ մեր խնդիրը վիրաւորելն ու յարաբերութիւնները անձնական թշնամանքի դաշտ տեղափոխելը չէ, այլ երկրին ու ժողովրդին օգտակար լինելը:

Հիմա ես ուզում եմ յատուկ շեշտել՝ երէկուանից յետոյ իմ մօտեցումը չի փոխուել: Մենք նախկինի պէս հաւատարիմ ենք մնալու կոռեկտ մեր գործելաոճին եւ գտնուելու ենք բացառապէս քաղաքական հարթութիւնում: Փողոցային բառապաշարն օգտագործելը մերը չէ: Ոչ էլ հիստերիկ (ջղագրգիռ-Խմբ.) եւ էմոցիոնալ (զգացական-Խմբ.) վարքագիծն է մերը:

Ես, ինչպէս եւ դուք, ծանօթացել եմ այդ մարդու ելոյթին:

Պետութեան նախագահի պաշտօնը զբաղեցնող մարդու ծրագրային ելոյթ կոչուածում ես մէկ բառ անգամ չտեսայ մեր պետութեան զարգացման ու ժողովրդի խնդիրների լուծման մասին մտահոգութիւն.

Ոչ մի խօսք այն մասին,


1. թէ ինչու իր պաշտօնավարման տարիներին Հայաստանի տնտեսութիւնը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նուազեցին, աղքատութիւնն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան իր ու իր նեղ շրջապատի յայտարարագրուած ու չյայտարարագրուած բիզնեսները,
2. թէ ինչու է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել,
3.թէ ինչու է երկիրը քամւում սարսափելի չափերի հասնող արտագաղթից,
4. թէ ինչու է ֆինանսական անկայունութիւն ստեղծուել մեզ մօտ,
5. թէ ինչու են բանկերում գրաւադրուել ամբողջական գիւղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցուածքը եւ ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել,
6. թէ ինչու է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարուածութիւնն ու ամէն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին,
7. թէ ինչու են Թուրքիան ու Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարհանքով են խօսում Հայաստանի մասին,
8. թէ ինչու է ԵԽԽՎում հարց հնչում կազինոներում տարուած միլիոնաւոր դոլարների մասին,
9. թէ ինչու Նաիրիտ գործարանի հաշուին դուրս գրուած հարիւր միլիոնաւոր դոլարները թալանուել ու փոշիացուել են, իսկ հազար եօթ հարիւր մարդ յայտնուել է փողոցում:

Այդ մարդը չխօսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաեւը նուաստացնում եւ ստորացնում էր իրեն:

Նա չխօսեց, թէ օգոստոսեան ռազմական լարուածութեան ժամանակ ինչո՞ւ Բադեն Բադենից այդպէս էլ չվերադարձաւ Հայաստան:

Նա լուռ էր, երբ մարդիկ խուճապի էին մատնուել դրամի սրընթաց արժեզրկման պատճառով:

Նա ոչ մի բառ չասեց, թէ ինչու էր լռում, երբ Գիւմրին եւ հայ ժողովուրդը սգում էին դաժան սպանութեան համար եւ ոտքի կանգնում:

Իսկ հիմա ես կը պատասխանեմ այն հարցադրումներին, որոնք անձնապէս ինձ էին ուղղուած.

Անվտանգութեան խորհրդից ինձ իբր հեռացնելու մասին.

Ուզում եմ տեղեկացնել, որ ես փաստացի արդէն վեց ամիս է այդ կառոյցում չեմ աշխատել, իսկ այդ կառոյցից պաշտօնապէս դուրս չեմ եկել միայն իր անձնական մարդկային խնդրանքով:

Այսքանից յետոյ երէկ նման ձեւով հարցը ներկայացնելը՝ դուք ինքներդ գնահատէք՝ թէ ինչ է նշանակում:

Պատգամաւորական մանդատից ինձ զրկելու մասին:

Ինձ համար կարեւորը ՀՀ քաղաքացիների վստահութիւնն է, որն առկայ է: Այնպէս որ՝ ես ունեմ ամենակարեւոր մանդատը:

Շատերին է հետաքրքրում, թէ ինչո՞ւ Սերժ Սարգսեանը գնաց իր զբաղեցրած պաշտօնին անյարիր անձնական վիրաւորանքներ հասցնելու ճանապարհով:

Ուզում եմ բացել բոլոր փակագծերը եւ լինել անկեղծ: Ինձ առաջարկուել են համագործակցութեան բազմաթիւ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թւում՝ նախագահի պաշտօնը, սահմանադրութիւնը փոխելուց յետոյ՝ մէկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանութեան վերարտադրութեանը: Այսինքն՝ աջակցեմ փաստացի երրորդ ժամկէտով եւ ցմահ կառավարելու իր ցանկութեան իրականացմանը՝ սահմանադրական փոփոխութիւնների միջոցով: Ես կտրականապէս մերժեցի այս հակապետական մօտեցումը, քանզի Հայաստանի յետընթացն ապահոված մարդը չի կարող նման յաւակնութիւններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացաւ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական եւ մարդկային յարաբերութիւնների կանոնները: Սա՛ է իրականութիւնը եւ ոչինչ աւելին:
Փաստօրէն, այդ մարդու ծրագրային ելոյթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն՝ նրա ծրագիրն ինձ պատերազմ յայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է: Դա՛ է նրա ծրագիրը: Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրաւէրն ու գնալու եմ մինչեւ յաղթանակ:

Յաջորդը.

Երէկուայ ելոյթում ակնկարկուեց իբր չվճարուած իմ հարկերի մասին.

Ասեմ, որ իր պաշտօնավարման բոլոր տարիներին, ամիսներ շարունակ ստուգուել են իմ եւ իմ մերձաւորներին պատկանող բոլոր հիմնարկները:

Ի տարբերութիւն իրեն, ես չստուգուած լուրերի եւ մերկապարանոց յայտարարութիւնների փոխարէն բերեմ պաշտօնական թուեր եւ խօսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից:

Իր կառավարման ժամանակահատուածում երկրի արտաքին պարտքը աւելացաւ աւելի քան երեք միլիարդ դոլարով: Որտե՞ղ է այդ գումարը, պարո՛ն Սարգսեան:

Դոլար–դրամ խաղերի արդիւնքում միլիոնաւոր դոլարներ գողացուեցին ժողովրդից: Ո՞ւր գնացին այդ գումարները:

Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից: Թէեւ ձեր ասած չստուգուած լուրերի համաձայն՝ ժողովուրդը շատ լաւ գիտի, թէ ուր են գնացել այդ փողերը: Ինչպէս որ գիտի, թէ ովքեր են բիւջէն տարիներով մսխում եւ «ատկատներով» (միջնորդավճար-կաշառք-Խմբ.) զբաղւում:

Ո՞ւր են մեր թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների, գիւղացիների, զինուորականների, ոստիկանութեան եւ անվտանգութեան ծառայութեան, ուսանողների, դասախօսների հասանելիք գումարները: Ասեմ, որ ժողովուրդը հրաշալի գիտի:

Պաշտօնապէս յայտարարում եմ. իշխանափոխութիւնից յետոյ ժողովրդից գողացուած միլիարդաւոր դոլարները երկու-երեք հոգին պէտք է վերադարձնեն բիւջէ, որպէսզի կարողանանք ոտքի հանել Հայաստանը, ուժեղացնել Ղարաբաղը, ազատել մեր ժողովրդին տոկոսների լծից, մեր երեխաներին ու ծնողներին արժանապատիւ կեանք ապահովել: Ուրիշ լուծում չկայ:

Ինչ վերաբերում է իմ հասցէին հնչած անձնական վիրաւորանքներին:

Պատասխանեմ՝ ես չեմ իջնելու նման ցածր մակարդակի:

Ինչ վերաբերում է քաղաքական զաւեշտին, ապա հայ ժողովուրդն իսկապէս զաւեշտ է համարում այս իշխանութեան գոյութիւնը մինչեւ այսօր: Սա մեր բոլորիս ամօթն է, եւ եկել է սխալները ուղղելու ժամանակը:

Հիմա անելիքների մասին:

Երէկուանից ստեղծուել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես համոզուած եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխութիւնն է՝ արտահերթ նախագահական ընտրութիւնների միջոցով:

Սիրելի՛ ժողովուրդ,

Ես գիտեմ, որ սա է եղել ձեր հիմնական պահանջը, եւ ես երկար ժամանակ փորձել եմ անցնցում տարբերակով այդ պահանջի բաւարարման ճանապարհը գտնել:

Բայց փաստօրէն ցնցումների ճանապարհով գնում է իշխանութիւնը: Ինչ ասեմ, մեղքն իր վիզը:

Ի՞նչ ենք անելու մենք: Շատ յստակ ու հաշուարկուած քայլեր:

Սիրելի՛ ժողովուրդ,

Պատրաստուէ՛ք պայքարի: Երեք հազար մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպուած օրէնք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գայ, իշխանութիւնը կը փոխուի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի (զօրաշարժի-Խմբ.), ունենալով մէկ նպատակ՝ քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահաւաքներ, երթեր, ցոյցեր, անհնազանդութիւն եւ այլն) հասնել Սերժ Սարգսեանի պաշտօնանկութեանը՝ ազատուելու համար չարիքի այս իշխանութիւնից:
Այս իշխանութիւնը անյապաղ պէտք է հեռացուի, եւ մենք պէտք է փակենք մեր պատմութեան անփառունակ եւ ամօթալի այս էջը: Հայաստանը պէտք է մաքրել գաղջ մթնոլորտից:

Մեր խօսքը գործ է: Իմ կեանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանութիւնից Հայաստանն ազատելը:

Բոլորիս յաղթանակ եմ մաղթում:


comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement