ՀԱՐՑԱԶՐՈՅՑ- Ռոբերտ Քոչարեանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին

By Asbarez | Tuesday, 17 February 2015

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հարցազրոյց է տուել 2rd.am-ին: Նա անդրադարձել է ներքաղքական իրավիճակին.

 

ՀԱՐՑ.- Պարոն նախագահ, բնականաբար, այսօր պէտք է խնդրենք անդրադառնալ վերջին ներքաղաքական իրադարձութիւններին: Մասնաւորապէս՝ ՀՀԿ Խորհրդի յայտնի նիստին, որի թիրախը ԲՀԿն էր, ընդդիմադիր դաշտի ամենախոշոր, ազդեցիկ եւ դրա հետ մէկտեղ, մինչեւ Փետրուարի 12ը՝ ոչ արմատական կուսակցութիւնը: Կուսակցութիւն, որն իշխանութիւնների հետ մշտական շփումների մէջ էր ու, ինչպէս պարզուեց, միմեանց ղեկավարներին քննադատելու մասով նոյնիսկ զսպուածութեան փոխադարձ պայմանաւորուածութիւն ունէր: Ի՞նչ էք կարծում, ինչո՞վ կարելի է բացատրել տեղի ունեցածը:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Չեմ կարող բացատրել, թէ ինչի համար էր դա պէտք նախագահին: Եթէ հաշուարկն այն էր, թէ Գագիկ Ծառուկեանի վրայ ճնշում գործադրելով ԲՀԿն կը կազմալուծուի, ապա համապատասխան էֆեկտը (արդիւնքը-Խմբ.) չստաց-ուեց: Ընդհակառակը. ընդդիմադիր դաշտում ակնառու են համախմբման յստակ նշաններ՝ բառապաշարի եւ նպատակների կտրուկ ռադիկալացմամբ (արմատ-ականացումով-Խմբ.): ԲՀԿի վարկաբեկում նոյնպէս տեղի չունեցաւ՝ չափազանց անհամոզիչ փաստարկների պատճառով: Ցան-կացած գործողութիւն ԲՀԿ ղեկավարի դէմ բոլորի կողմից հիմա կը գնահատուի որպէս քաղաքական հետապնդում, որը զուրկ է որեւէ լեգիտիմութիւնից (օրինականացումէ-Խմբ.): Իսկ հաշուի առնելով երկրում սոցիալական լարուածութեան եւ դժգոհութեան աստիճանը, ինչպէս նաեւ ԲՀԿի եւ նրա ղեկավարի լայն ժողովրդականութիւնը՝ որքան աւելի եռանդուն իշխանութիւնը փորձի <<մաքրել>> քաղաքական դաշտը, այնքան աւելի ուժեղ է լինելու համախմբումն իշխանութեան դէմ եւ այնքան աւելի իրական կը լինի քաղաքական ցնցումների հեռանկարը: Դժուար չէ կանխատեսել, թէ ինչպէս այս ամէնը կ՛անդրադառնայ տնտեսութեան, Ղարաբաղում շփման գծի իրավիճակի եւ Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած միջոցառումների անցկացման վրայ:

 

ՀԱՐՑ.- Թւում է, որ այս ամէնն իսկապէս կարող է պայթեցնել ներքաղաքական իրավիճակը: Այդպիսին են մեր բազմաթիւ քաղաքացիների սպասումները եւ մտավախութիւնները: Արդեօք իշխանութիւնները ելք ունե՞ն այս իրավիճակից:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Կարծում եմ՝ դեռեւս ունեն: Կանգ առնել եւ չդիմել ոչ մի ակտիւ վարչական գործողութեան ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապէս բանաւոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախօսների հետ հակադրման քաղաքական հարթութիւն: Իշխող կուսակցութեան կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնուած մտադրութիւնները չեն տեղաւորւում ՀՀ Սահմանադրութեան շրջանակներում եւ ԲՀԿին ու ընդհանրապէս՝ ընդդիմութեանը բառացիօրէն մղում են կազմակերպելու մասսայական փողոցային գործողութիւններ, որոնց հետեւանքներն անկանխատեսելի են: Ձերբակալութիւններն ու ռեպրեսիւ (պատժիչ-Խմբ.) գործողութիւնները կը տանեն երկիրը դէպի խորը ու երկարատեւ ճգնաժամ: Մեր երկիրը առանց այդ էլ գերծանրաբեռնուած է լրջագոյն խնդիրներով, եւ դրանց լուծումը հնարաւոր է միայն հասարակութեան առաւելագոյնս լայն համախմբման, երկրի ապագայի հանդէպ մարդկանց հաւատի վերականգնման հիման վրայ: Տեղի ունեցածը, ցաւօք, հակառակ ուղղութեամբ ուժեղ ազդակ դարձաւ:

comments