Արմէն Ռուստամեան մանրամասնեց Սարգսեան–Ծառուկեանի հաշտութեան լուրը

By Asbarez | Wednesday, 18 February 2015

ԵՐԵՒԱՆ, <<Առաւօտ>>.– <<Առաւօտ>>ի լրագրող Հռիփսիմէ Ջեբեջեան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանի միջեւ կայացած հաշտեցման մասին աւելի մանրամասն տեղեկութիւններ ունենալու նպատակով զրուցած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի հետ։


Ան հաստատած է, որ հաշտեցումը կայացած է. <<Մենք ինչ ասել ենք, հրապարակաւ ենք ասել: Այս երկու-երեք օրը, իսկապէս մեր բոլոր ջանքերը, հնարաւորութիւնները դրել ենք, որ հանգուցալուծում լինի, բոլորին բաւարարող պայմաններ ստեղծուեն: Մեր տեղեկութիւններով՝ այդ հանդիպումը կայացել է: Եղել է, որ այսպիսի շրջադարձային փոփոխութիւններ է եղել: Ինչ կատարւում է այս ընթացքում՝ շատ ողջունելի է: Շատ ուրախ ենք, որ առողջ տրամաբանութիւնը յաղթանակել է: Ունենք մի վիճակ, որ լաւ նախադրեալներ են ստեղծուած, որ հետագայ քայլերն ուղղուեն խնդիրների լուծմանը, որոնք ժողովուրդն ունէր: Այս տրամաբանութեամբ, եթէ կողմերն առաջնորդուեն, մենք ամբողջութեամբ կ՛աջակցենք զարգացումներին եւ մեր ամբողջ կարողութիւնը կը ներդնենք, որ կարողանանք բարենպաստ նախադրեալներն արժեւորել: Չենք համարում, որ սրանով խնդիրները լուծուեցին: Զոհերի, արիւնահեղութեան ճանապարհը պէտք է բացառուի մեր երկրում: Ունքը սարքելու փոխարէն աչքը չհանենք: Սա ողջունելի է, մնում է միւս քայլերը կատարենք: Առջեւում սպասւում են լրջագոյն քննարկումներ: Սա պէտք է բոլորին սթափութեան համար լուրջ ահազանգ լինի, յատկապէս իշխանութիւններին: Պէտք է ըստ արժանւոյնս գնահատուեն այն յայտարարութիւնները, որ կատարւում է ԲՀԿ առաջնորդի կողմից: Սա չպէտք է դիտուի որպէսկողմերից մէկի համար յաղթանակ, միւսի համար պարտութիւն: Կա՛մ բոլորս յաղթում ենք, կա՛մ բոլորս պարտւում ենք: Բոլոր նրանք, ովքեր սպասում էին, որ երկուկողմերի բախումից ձեռքերը տաքացնեն, նրանք հիասթափուելու են, չի լինելու դա>>:

Լրագրողը հարցուցած է, որ արդեօք եռեակի ուժե՞րը նկատի ունի. Ռուստամեան պատասխանած է, որ անոնք, որոնք իւղ կը թափէին կրակին վրայ եւ կ՛ուզէին իրենց ձեռքերը տաքցնել, անոնք պիտի հիասթափին. <<Երկու օր էր անցել յայտարարութիւնից, եթերը սկսել էր լցուել ատելութեամբ: Սա էր մեզ մտահոգում, այս կրքերի բորբոքումը աւելացնում էր արիւնահեղութեան հնարաւորութիւնը եւ զոհերի քանակը>>:

<<Դուք ի՞նչ գիտէք, որ սառոյցը հալուել է, դուք ներկա՞յ էք եղել հաշտեցման գործընթացին>> հարցումին ի պատասխան Արմէն Ռուստամեան հաստատած է. <<Ի տարբերութիւն երկու կողմերի, որ կամուրջներն այրում են, մենք պահպանել ենք այդ կամուրջները բոլոր կողմերի հետ: Լաւ է, որ պահպանուել էին, կարողացանք: Մանրամասները չեմ ուզում պատմել, կարեւորում եմ արդիւնքը, հաշտեցման ուղղուած քայլեր կատարել ենք՝ այո՛, կատարել ենք: Թէ կոնկրետ ինչ ենք խօսել, ինչ հարցերի շուրջ են պայմանաւորուել՝ էական չի: Կարեւորն այն է, որ իրավիճակի փոփոխութիւն է տեղի ունեցել, սա ակնյայտ է: Էսկալացիան կանգ է առել եւ նախադրեալներ են ստեղծուել շատ տրամաբանական, հանգիստ պայմաններում խօսել, լուծումներ առաջարկել խնդիրների մասին>>:

Ռուստամեան յստակ պատասխան չէ տուած լրագրողին այն հարցումին, որ ներկայիս Սահմանադրական փոփոխութիւններու ուղիո՞վ պիտի ընթանայ ԲՀԿը. <<Այս պայմաններում շատ հեշտ կարելի է դուրս գալ էմոցիոնալ դաշտից եւ նստել ռացիոնալ քննարկել: Ո՞վ է խանգարում ընդդիմութեան մասին օրէնքի վրայ աշխատենք, որը մեր 12 կէտերից է եղել: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկեանը, Սերժ Սարգսեանը այս երկիրը սիրում են>>:

Լրագրողը հարցուցած է, թէ ինչո՞ւ չեն հաստատած, որ հաշտեցումը եղած է. Ռուստամեան նշած է, որ ատիկա հաւանաբար ԲՀԿի մարտավարական հարցն է:

<<Արմէն Ռուստամեան նաեւ ասաց, որ ասած ամէն ինչ կամ ոչինչ սկզբունքը մաքսիմալիստական է եւ ոչինչ չէր տալու>>, եզրափակած է լրագրողը։

 

 


comments