«Հայոց ցեղասպանութեան 100րդ տարելիցի յիշատակման առանցքային ուղերձներից մէկը վերածնունդն է». Է. Նալբանդեան

By Asbarez | Friday, 06 March 2015

 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, <<Արցախփրէս>> - Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան 5 Մարտին ներկայ գտնուած է Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած Երուսաղէմի սիմֆոնիք նուագախումբի համերգին, որ կը կրէ <<Քեզ հետ, Հայաստան>> խորագիրը:


Համերգէն առաջ խօսք առած է նախարար Նալբանդեան, որ ըսած է, թէ տուեալ նախաձեռնութիւնը տարբեր խորհուրդ կը կրէ, որովհետեւ անիկա նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին եւ տեղի կ՛ունենայ Երուսաղէմի մէջ։

<<Քիչ ազգեր ունեն նոյնքան ընդհանրութիւններ, որքան հայերը եւ հրեաները: Մի քանի դար պետականութեան բացակայութեան եւ զրկանքներից յետոյ, անցնելով ցեղասպանութեան արհաւիրքների միջով, սփռուած ամբողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ 20րդ դարում վերականգնեցինք պետականութիւնը:

Ես կը ցանկանայի կրկին մէջբերել Հայոց Ցեղասպանութեան հրեայ ականատեսներից մէկի խօսքերը. <<Ես սարսուռով մտածում եմ՝ ով է լինելու յաջորդը: Երբ ես քայլում եմ Երուսաղէմ տանող օրհնուած եւ սուրբ հողով, ես հարցնում եմ ինքս ինձ՝ արդեօք հիմա 1915 թուականն է, թէ մենք գտնւում ենք Տիտոսի կամ Նաբուքոդոնոսորի ժամանակներում: Արդեօք ես, հրեայ լինելով, մոռացել եմ, որ հրեայ եմ: Նաեւ հարցնում էի ինքս ինձ, թէ արդեօք ես իրաւունք ունեմ սգալու միայն իմ ժողովրդի ողբերգութեան համար, եւ արդեօք Երեմիա մարգարէն արեան արցունքներ չի թափել նաեւ հայերի համար>>:

Շատերն են համարում, որ հնարաւոր կը լինէր կանխել Երկրորդ աշխարհամարտի քօղի ներքոյ իրականացուած ոճրագործութիւնները, եթէ Առաջին աշխարհամարտի քօղի տակ մարդկութեան դէմ իրականացուած յանցանքները ստանային միանշանակ միջազգային դատապարտում, եւ պատասխանատուները արժանի պատիժ կրէին: 1939 թուականի Ադոլֆ Հիտլերի խօսքերը՝ <<ով է այսօր խօսում հայերի կոտորածների մասին>> յստակ յիշեցում են, որ իրագործուած ցեղասպանութիւնների անպատիժ մնալը եւ ժխտումը նրանց կրկնութեան համար պարարտ հող են ստեղծում: Իրականացուած ցեղասպանութիւնների լիակատար ճանաչումը ապագայում դրանց կրկնութիւնը կանխելու ամենաարդիւնաւէտ միջոցներից մէկն է: Յիշելու իրաւունքը, յիշողութեան միջոցով անցեալի ողբերգութիւնները ճանաչելը կարեւոր են նոր ցեղասպանութիւնների կանխարգելման գործում:

Այս առումով Հայաստանի եւ Իսրայէլի ժողովուրդները քաջատեղեակ են եւ կիսում են անցեալում կրած միմեանց ցաւը: Հոլոքոստի վերաբերեալ իրազեկուածութեան առումով հայերն առաջիններից մէկն են աշխարհում: ԵՈՒՆԵՍՔՕի զեկոյցի համաձայն՝ Հայաստանը տարածաշրջանում միակ երկրին է, որտեղ դպրոցական ծրագրերը Հոլոքոստի վերաբերեալ ուղղակի անդրադարձ են պարունակում: Նրանք, ովքեր այցելել են Եադ Վաշեմ, հաւանաբար կարդացել են հայերի անունները, ովքեր հրեաների են փրկել Հոլոքոստի ընթացքում եւ ստացել են <<առաքինիների>> վեհ տիտղոսը: Շօայի յիշատակի հիմնադրամի վերջին հարցումը ցոյց տուեց, որ Իսրայէլում հրեաների 88 տոկոսը ընդունում է Հայոց Ցեղասպանութիւնը>>:

Հայաստանի արտաքին գործոց նախարարը անդրադարձած է նաեւ Իսրայէլի նախագահին հետ հանդիպումին, ինչպէս նաեւ յատուկ շնորհակալութիւն յայտնած է Ողջակիզումէն վերապրած ականաւոր փրոֆեսէօրներուն, որոնց աշխատանքները նուիրուած են Հայոց Ցեղասպանութեան եւ Հրէական Ողջակիզումին։

<<Մեր ժողովուրդների միջեւ կայ եւս մի կարեւոր ընդհանրութիւն. չնայած մեր ժողովուրդներին բնաջնջելու փորձերին՝ մենք վերածնուեցինք: Դժուար կը լինի նրանց համար, ովքեր կը փորձեն հաշուել տաղանդաւոր արուեստագէտներին, երաժիշտներին, գիտնականներին, յաջողակ գործարարներին, ովքեր էական ներդրում են ունեցել իրենց ոլորտների զարգացման մէջ 20րդ եւ 21րդ դարերում: Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի յիշատակման առանցքային ուղերձներից մէկն, ըստ էութեան, վերածնունդն է:

Այն փաստը, որ Երուսաղէմի սիմֆոնիկ նուագախումբն իր համերգային ծրագրերի մէջ ներառում է 20րդ եւ 21րդ դարերի հայ եւ հրեայ կոմպոզիտորների գործերը, այդ վերածննդի պարզ վկայութիւնն է>>, եզրափակած է Նալբանդեան:

Երուսաղէմի հեղինակաւոր համերգասրահի ծայրէ ծայր լեցուն դահլիճին մէջ կայացած համերգին հնչած են Կոմիտասի, Արամ Խաչատրեանի, Պեթհովէնի եւ Ստեփան Ռոստոմեանի ստեղծագործութիւնները:

 


comments

Advertisement