Ըստ Արծուիկ Մինասեանի՝ նախագահ Սարգսեան ընդունած է ՀՅԴի առաջարկած գրեթէ բոլոր կէտերը

By Asbarez | Thursday, 12 March 2015

 

 

ԵՐԵՒԱՆ, <<Առաւօտ>> - 12 Մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան Սահմանադրական փոփոխութիւններուն առնչուած հանդիպումներ ունեցած է քաղաքական տարբեր ուժերու, որոնց կարգին՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ։


12 Մարտին կայացած մամլոյ ասուլիսին ընթացքին լրագրողները ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանին հարցուցած են, թէ ի՞նչ քննարկուած է նախագահին հետ կայացած այդ հանդիպումին ընթացքին։

Ան պատասխանած է. <<Մենք հրապարակել ենք հայեցակարգի վերաբերեալ մեր առաջարկութիւնները: Մինչեւ նախագահի կողմից հայեցակարգին հաւանութիւն տալը անհրաժեշտ էր, որպէսզի մեր տեսակէտները քննարկուէին նախագահի հետ: Այս պահի դրութեամբ արձանագրենք, որ գրեթէ բոլոր կէտերում կայ փոխադարձ ընկալում, եւ մեր աաջարկութիւնները գրեթէ ամբողջութեամբ իրացման ենթակայ են: Ճանապարհային քարտէզը եւ ժամկէտները բոլոր կէտերով դեռեւս քննարկման փուլում են: Այն մասով, որ այստեղ սահմանադական բարեփոխումների անհրաժեշտութիւն կայ, լիակատար համաձայնութիւն է, երկրորդ՝ շեշտադրումները տնտեսական, քաղաքական, մարդու իրաւունքների, ՏԻՄ համակարգում, դատական համակարգում, իշխանութիւնների թեւերի հաւասաակշռման եւ փոխադարձ զսպումների ոլորտներում, իշխանութիւն-ընդդիմութիւն միասնական քաղաքական համակարգ ունենալու հարցում մեծամասամբ համընկնում են մեր մօտեցումները:

Կոնկրետ տեքստերը մասնագիտական յանձնաժողովը պէտք է անի: Կախուած նրանից, թէ միւս քաղաքական ուժերի տեսակէտներն ինչպիսի՞ն կը լինեն, եւ Հայաստանի նախագահի արձագանգը ինչպէս կը լինի, արդէն դրանից յետոյ պարզ կը լինեն թէ՛ ժամկէտները, թէ՛ սահմանադրական փոփոխութիւնների բուն տեքստի մշակման փուլայնութիւնը>>:

Ըստ Արծուիկ Մինասեանի՝ յաճախ Սահմանադրական փոփոխութիւնները կը ներկայացնեն ամբողջութիւն մը, առանց մանրամասնութիւններու. <<Այն, որ Հայաստանի պառլամենտի ընտրութիւնների հիմքը 100 տոկոս համամասնական ընտրակարգն է, այստեղ տարաձայնութիւն չկայ: Ժամկէտների առումով կան քննարկումներ, թէ քանի փուլերով եւ ինչ ժամկէտներում պէտք է լինի: Դեռեւս վերջնականացուած չեն: Սահմանադրական փոփոխութիւնների յստակ ազդակը վերաբերում է քաղաքական համակարգի առողջացմանը: Ցաւում եմ, որ յաճախ շատ պրիմիտիւ մակարդակի վրայ է դրւում սահմանադրական փոփոխութիւնների հարցը՝ կառավարման փոփոխութիւնների հարց: Դա մեր առօրեան է, մեր կեանքն է: Մարդիկ չեն պատկերացնում սահմանադրական փոփոխութիւնների դրական ազդեցութիւնը մեր կեանքի վրայ: Մենք չենք պնդում, որ հանրաքուէի յաջորդ օրը քաղաքացին սկսելու է լաւ, հարուստ ապրել, չէ: Բայց սկսւում է պրոցես, գործընթաց, որտեղ քաղաքացին ինքն իրեն իրացուած է զգալու: Դրա երաշխաւորը հէնց կառավարման խորհրդարանական համակարգն է լինելու>>:

<<Առաւօտ>>ի թղթակիցը հարցուցած է. <<Ասացիք, որ գրեթէ բոլոր կէտերի շուրջ նախագահի հետ համաձայնութեան էք եկել, կոնկրէտ ո՞ր կէտի շուրջ համաձայնութեան չէք եկել>>։ Արծուիկ Մինասեան պատասխանած է. <<Չեմ ասի, որովհետեւ քննարկումները դեռեւս շարունակւում են: ժամանակից շուտ հրապարակել այդ ամէնը, չեմ կարծում, որ ճիշդ է, արդիւնաւէտ է: Մենք շարունակում ենք քաղաքական քննարկումները, նախագահը շարունակում է կոնսուլտացիաները այլ քաղաքական ուժերի հետ: Մենք կ՛ունենանք լիարժէք պատկեր, դրա մասին յստակ կը խօսենք բոլոր կէտերի մասին>>:

 

 


comments