Բանակցութիւններ՝ աթոմակայանի նոր պլոքի կառուցման վերաբերող ներդրողներու ապահովման առնչութեամբ

By Asbarez | Thursday, 23 July 2015

0723hovig

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - 22 Յուլիսին <<Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկէտ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիները>> խորագիրը կրող ծրագիրի շնորհահանդէսին ընթացքին Հայաստանի վարչապետ Յովիկ Աբրահամեան յայտարարած է, որ Հայաստանի ներկայի ուժանիւթի անվտանգութեան մակարդակը պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետութիւնը պիտի շարունակէ զարգացնել աթոմական ուժանիւթը։


<<Այդ նպատակով մենք ՀԱԷԿի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկէտը 10 տարով երկարաձգելու մասին որոշում ենք կայացրել: Այժմ այդ ուղղութեամբ իրականացւում են համապատասխան աշխատանքներ, ստորագրուել է անհրաժեշտ ֆինանսական համաձայնագիրը, որը վաւերացուել է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի կողմից: Միեւնոյն ժամանակ, շարունակւում են բանակցութիւնները հնարաւոր ներդրողների հետ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման համար>>, յայտնած է ան։

Վարչապետին համաձայն՝ այդ պլոքին աշխատունակութիւնը պահպանելու համար ֆինանսական համաձայնագիր կնքուած է Ռուսիոյ հետ (270 միլիոն տոլարի վարկ եւ 30 միլիոն տոլարի դրամաշնորհ): Համաձայնագիրը արդէն վաւերացուած է Հայաստանի Ազգային ժողովին կողմէ։

<<Հայկական ԱԷԿի վերանորոգումը կը սկսուի 2017ին, որը կարող է երկարաձգել նրա գործողութեան ժամկէտը մինչեւ 2026 թուականը: Մինչ այդ շահագործման կը յանձնուի նոր էներգաբլոկը, որի շինարարութիւնը կը սկսուի 2018ին>>, վերահաստատած է վարչապետը։

 


comments