Զօրավար Գուրգէն Դալիբալթայեանի մարմինը յանձնուած է Եռաբլուրի հողին

By Asbarez | Friday, 04 September 2015

0904dalibaltayan

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> -  Զօրավար-գնդապետ Գուրգէն Դալիբալթայեան 3 Սեպտեմբերին հողին յանձնուած է <<Եռաբլուր>> զինուորական պանթէոնին մէջ՝ ներկայութեամբ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի, բանակի բարձրաստիճան սպաներու, հարազատներու եւ քաղաքացիներու։


<<Գուրգէն Դալիբալթայեանի ամբողջ կեանքը նուիրած է եղել հայ ժողովրդին, հայկական բանակի կազմաւորմանը: Այսօր նա գնում է այնտեղ, որտեղից ծնուել է, պէտք է շաղախուի հայկական հողի հետ, որից ծնունդ է առել: Նա այն բացառիկ անձնաւորութիւններից էր, որ դեռ իր կենդանութեան օրօք ապացուցեց իր ինքնութիւնը, նուիրուածութիւնը հայրենիքին: Նա բացառիկ պետական եւ ռազմական գործիչ էր, լուրջ ճանապարհ էր անցել Խորհրդային Միութիւնում, ստացել բարձր կոչումներ եւ այդ ամէնը շարունակել հայկական բանակում>>, ըսած է նախարար Օհանեան։


Գուրգէն Դալիբալթայեանին յուղարկաւորութիւնը տեղի ունեցած է զինուորական կարգով՝ Անդրանիկ Օզանեանի կողքին:

Գուրգէն Յարութիւնի Դալիբալթայեան ծնած է 5 Յունիս 1926ին, Վրաստան՝ Բոկտանովկայի (այժմ՝ Նինոծմինտա) շրջանի Մեծ Արագեալ գիւղը: 1947-1991 թուականներուն ծառայած է Խորհրդային Միութեան զինուած ուժերուն մէջ:

1993-2006 թուականներուն ան եղած է նախագահի գլխաւոր խորհրդական, իսկ 2000-2006 թուականներուն զինուորական գլխաւոր տեսուչ:
20 Յուլիսի 2001ին Գուրգէն Դալիբալթայեանին շնորհուած է Երեւանի պատուաւոր քաղաքացիի կոչում:

 

comments