«ԹՈՒՄՕ»ի գլխաւոր ձեռքբերումը կենտրոնում հիմնադրուող ստարտափերն ու դրանք ստեղծողներն են

By Asbarez | Saturday, 05 September 2015

ՄԱՆԷ ԵՓՐԵՄԵԱՆ

0902tumo

 

Սեպտեմբերի 2ին Արցախում կը բացուի 4րդ <<ԹՈՒՄՕ>> կենտրոնը, որը հասանելի կը լինի 500ից 1000 ուսանողի համար: Նրանցից իւրաքանչիւրը <<ԹՈՒՄՕ>> կը յաճախի շաբաթական 2 օր եւ կը սովորի կենտրոնի 4 հիմնական ոլորտի՝ անիմացիայի (շարժանկարի-Խմբ.), ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման եւ խաղերի ստեղծման հիմունքները: Ի դէպ, դեռ Մայիսի վերջին Գիւմրիում բացուած 3րդ կենտրոնում արդէն 1000ից աւելի գրանցուած ուսանող կայ, չնայած ակնկալուող թիւը 500-600 էր: Թէ՛ Գիւմրիի, թէ՛ Ստեփանակերտի կենտրոնները բացուել են Սիմոնեան կրթական հիմնադրամի եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան գործակցութեամբ: 4րդ <<ԹՈՒՄՕ>>ի պաշտօնական բացմանն ընդառաջ PanARMENIAN.Net-ը զրուցել է Սիմոնեան կրթական հիմնադրամի եւ կենտրոնի գործադիր տնօրէն Մարի Լու Փափազեանի հետ, ով պատմել է ծրագրերի, նորութիւնների ու շրջանաւարտների յաջողութիւնների մասին:

ԱՐՑԱԽՈՒՄ <<ԹՈՒՄՕ>> ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստեփանակերտում <<ԹՈՒՄՕ>> հիմնելու գաղափարը ԼՂՀ կառավարութեանն էր, որը 2014ին հանդիպում նախաձեռնեց <<ԹՈՒ-ՄՕ>>ի ղեկավարութեան եւ հիմնադիր Սեմ Սիմոնեանի հետ: Այնուհետեւ կենտրոնը դիմեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեանը, որի ղեկավարութիւնն էլ համաձայնուեց գործակցել ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ Գիւմրիում կենտրոններ բացելով: Նշեմ, որ կան բոլոր նախադրեալները, որպէսզի այս գործակցութիւնը չեզրափակուի նշուած երկու քաղաքով, այլեւ տարածուի այլ քաղաքներում՝ թէ՛ Հայաստանում եւ ԼՂՀում, թէ՛ դրանցից դուրս: Ինչպէս եւ այլ կենտրոնները բացելու դէպքում, սա ժամանակ, ջանք ու եռանդ պահանջող գործընթաց էր՝ պայմանաւորուածութիւնների ձեռքբերման, կազմակերպչական մանրամասն աշխատանքի եւ մարդկային ռեսուրսների ներդրման իր փուլերով: Նախագիծն իրականացուեց բոլոր ներգրաւուած կողմերի նուիրուած աշխատանքի շնորհիւ եւ ԼՂՀ կառավարութեան աջակցութեամբ: Գլխաւոր դժուարութիւնը, ի հարկէ, հեռաւորութիւնն է, սակայն դա էլ յաղթահարելի է, յատկապէս բոլոր կողմերից ստացուող աջակցութեան պարագայում:

<<ԹՈՒՄՕ>>ՈՒՄ ԴԱՍԱՒԱՆԴՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Թէ՛ Գիւմրիում, թէ՛ Ստեփանակերտում առայժմ դասաւանդելու են նոյն մասնագէտները, ովքեր աշխատում են պատանիների հետ Երեւանի եւ Դիլիջանի կենտրոններում: Դասընթացավարների շրջանառութեան ճկուն համակարգ ենք մշակել, որը թոյլ կը տայ հաւասար բաշխել ուժերը չորս կենտրոնում: Անշուշտ, նաեւ Գիւմրիում եւ Ստեփանակերտում ենք մասնագէտներ փնտռելու, ովքեր թիմին միանալով նոյն շրջանառութեան սկզբունքով աշխատելու են կենտրոններում: Ուսուցանող մարզիչներին, ովքեր կոորդինացնում (կը համակար-գեն-Խմբ.) են ուսանողներին եւ աջակցում նրանց յատկապէս ինքնուսուցման ընթացքում, փնտռում ենք տեղում: Օրինակ, Գիւմրիում նրանք արդէն ընտրուած են եւ աշխատանքային թրէյնինգ (պատրաստութիւն-Խմբ.) կը ստանան Երեւանի կենտրոնի մասնագէտների օգնութեամբ: Արդիւնքում կ՛ունենանք պատրաստուած թիմ, որը կը շրջի բոլոր կենտրոններով: Մեր հիւր մասնագէտների հետ նոյնպէս պայմանաւորուածութիւններ են ձեռք բերւում Դիլիջանում, Գիւմրիում եւ արդէն Ստեփանակերտում էլ դասընթացներ անցկացնելու համար: Աւելին, Ստեփանակերտում անցկացուելիք առաջին՝ լուսանկարչական դասընթացը, որը կը վարի իտալացի Պիեռ Պաոլօ Չիտօն, արդէն պլանաւորուած է եւ հաստատուած:

<<ԹՈՒՄՕ>>Ի ՀԻՒՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամբողջ աշխարհով փորձում ենք գտնել ոլորտի առաջատար մասնագէտներին, նրանց, ովքեր հետաքրքիր նախագծեր են հեղինակում եւ իրականացնում, որոնք համապատասխանում են մեր ուսումնական ծրագրին եւ ուսումնասիրութեան ոլորտներին՝ որպէս կայուն հիմք ունենալով կենտրոնի հիմնական դասընթացների արդիւնքում ստեղծուող կրթական բազան: Ի հարկէ, կարեւոր նախապայման է նաեւ մասնագէտի պատրաստակամութիւնը եւ ցանկութիւնը պատանիների հետ իր փորձով կիսուելու՝ կամաւորութեան սկզբունքով: Մօտակայ ամիսներին սպասում ենք հիւր մասնագէտների Իտալիայից, Սերբիայից, ԱՄՆից, որոնք կը դասաւանդեն լուսանկարչութիւն, անիմացիա եւ ծրագրաւորում: Հիւրերի ցանկում իրենց տեղն են զբաղեցնում նաեւ տեղացի մասնագէտները, ովքեր նոյնպէս պատրաստակամ են պատանիներին դասաւանդելու: Օրինակ, կենտրոնում ընթանում է Ռուբէն Մեսչեանի դասընթացը, որը համատեղում է ծրագրաւորումն ու ռազմական արուեստը, Սեպտեմբերին էլ կը մեկնարկի The Beautified Project-ի Անդրէ Սիմոնեանի երաժշտական գովազդի դասընթացը:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

<<ԹՈՒՄՕ>>ի կրթական համակարգն անընդհատ զարգացման մէջ է, առնուազն այն պատճառով, որ վերաբերւում է արագ զարգացող ոլորտների, որոնք անընդմէջ բովանդակային փոփոխութիւններ են ունենում: Նորամուծութիւնները հիմնականում նուիրուած են մեր համակարգի արդիւնաւէտութիւնը բարձրացնելուն եւ այն էլ աւելի ինդիվիդուալ (անհատական-Խմբ.) դարձնելուն իւրաքանչիւր ուսանողի համար: Ինդիվիդուալութիւնը, որը համատեղւում է մեծ թուով ուսանողների համակարգելու հնարաւորութեան հետ, <<ԹՈՒՄՕ>>ի կրթական ծրագրի ամենակարեւոր կէտերից է, որի արդիւնաւէտութեան եւ զարգացման վրայ մեր մասնագէտներն անընդմէջ աշխատում են:

<<ԹՈՒՄՕ>>ՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Չորս կենտրոնում ծրագրերը չեն տարբերւում, <<ԹՈՒՄՕ>>ի ինդիւիդուալացուած ուսումնական ծրագիրն ընդհանուր է բոլորի համար: Թէ՛ Երեւանում, թէ՛ Դիլիջանում եւ թէ նորաբաց Գիւմրիում եւ Ստեփանակերտում ուսման հիմնական ոլորտները կը լինեն անիմացիան, վեբ ծրագրաւորումը, խաղերի ստեղծումը եւ ֆիլմերի ստեղծումը, ինչպէս նաեւ 3D մոդելաւորումը, գրաֆիկ դիզայնը, լուսանկարչութիւնը, երաժշտութիւնը, ռոբոտիքսը եւ այլ հմտութիւնները, որոնք կը դասաւանդեն <<ԹՈՒՄՕ>>ի հիմնական եւ հիւր դասընթացավարները:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՍՊԱՍՈՒՈՂ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նոր նախագծեր են լինելու խաղերի եւ անիմացիայի ոլորտում, ինչպէս նաեւ ծրագրային հաւելուածներ, երաժշտական հոլովակներ, որոնք, ի դէպ, կը տեսնէք արդէն շատ շուտով: Հետաքրքիր եւ արդիական դասընթացներ են սպասւում, օրինակ, պատրաստւում ենք Google Cardboard-ի կիրառմամբ վիրտուալ իրականութիւն ստեղծելուն: Ուսանողների աշխատանքները կը տեղադրուեն մեր կայքէջում, ինչպէս նաեւ կենտրոնում կազմակերպուող դասընթացների արդիւնքների պրեզենտացիաների (ներկայացումներու-Խմբ.) ժամանակ:

ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

Միշտ փորձում ենք հետեւել մեր շրջանաւարտներին, տեսնում ենք նրանց յաջողութիւնները, եւ այդ ուղղութեամբ անում հիմնային քայլեր, օրինակ, այժմ աշխատում ենք մոնիտորինգի ծրագրի ներդրման վրայ, որը թոյլ կը տայ համակարգուած կերպով հետեւել <<ԹՈՒՄՕ>>ից դուրս եկող կադրերի յետագայ մասնագիտական աճին: Չնայած մեր շրջանաւարտների երիտասարդ տարիքին, արդէն իսկ նրանց թւում շատերը աշխատանքի են անցել առաջատար կազմակերպութիւններում, ինչը չի կարող չուրախացնել: Նաեւ շատ ոգեշնչող է, որ հէնց <<ԹՈՒՄՕ>>ի թիմում ունենք աշխատակիցներ, ովքեր կենտրոնի նախկին սաներն են:

ԵՒՍ ՄԷԿ <<ԹՈՒՄՕ>> ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բազմաթիւ առաջարկներ ենք ստանում, թէ՛ Հայաստանում, թէ՛ երկրից դուրս <<ԹՈՒՄՕ>> կենտրոնների թիւն աւելացնելու որոշակի պլաններ ունենք: Դրանք այժմ աշխատանքային փուլում են, բայց արդէն վստահ կարող ենք ասել, որ այս չորսով չենք եզրափակուելու:
<<ԹՈՒՄՕ>>Ի ԱՄԵՆԱՄԵԾ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ

Մեր չորսամեայ գործունէութեան ամենակարեւոր ձեռքբերումներից են կենտրոնում հիմնադրուող ստարտափերը՝ այժմ ունենք արդէն երեք սկսնակ ընկերութիւն, որոնց ամբողջութեամբ կազմուած են <<ԹՈՒՄՕ>>ի ուսանողներից: Կենտրոնը նրանց աջակցում է՝ տրամադրելով անվճար գրասենեակային տարածք, փորձելով օգնել պատուէրներ գտնելու գործում: Ձեռքբերում է նաեւ հիւրերի կողմից վարուող դասընթացների արագ աճող թիւը: Միւս ձեռքբերումը մեր ուսանողներն են, ովքեր չնայած իրենց երիտասարդ տարիքին, կարեւոր տեղ են զբաղեցնում ոլորտում, աշխատանք գտնելով լաւագոյն կազմակերպութիւններում:

PanARMENIAN.Net

 

 


comments

Advertisement