Նախագահն ընդունել Է ԱՄՆից ժամանած բժիշկների պատուիրակութեանը

By Asbarez | Saturday, 10 October 2015

1009fresnodoctors1 1009fresnodoctors2

Նախագահ Սերժ Սարգսեանն ընդունել է Ֆրեզնոյում ՀՀ պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանի նախաձեռնութեամբ Հոկտեմբերի 5ից 15ը Հայաստանում գտուող ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատուիրակութեանը, ովքեր մեր երկիր են ժամանել ՀՀ նախագահի եւ առողջապահութեան նախարարի հրաւէրով՝ նպատակ ունենալով կապեր հաստատել հայ գործընկերների հետ, նրանց փոխանցել ոլորտի լաւագոյն եւ առաջադէմ փորձը, կիսուել իրենց մասնագիտական կարողութիւններով ու հմտութիւններով, ինչպէս նաեւ այցի օրերին տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնել>>. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի բաժինը:


Նախագահը ողջունել է հիւրերին եւ շնորհակալութիւն յայտնել այն առաքելութեան համար, որով ամերիկացի բժիշկները ժամանել են մեր երկիր՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելուց բացի, նպաստելով նաեւ հայ-ամերիկեան յարաբերութիւնների առաւել ամրապնդմանն ու խորացմանը:
Հանրապետութեան նախագահն ընդգծել է, որ ՀՀ մարզերի համաչափ զարգացման տեսանկիւնից մեծապէս գնահատելի է ամերիկացի բժիշկների գործունէութիւնը մարզերում՝ ինչպէս տեղի բնակչութեանն օգտակար լինելու, այնպէս էլ մարզերի բուժաշխատողներին իրենց հմտութիւնները փոխանցելու տեսանկիւնից:


Սերժ Սարգսեանը ողջունել է, որ Միացեալ Նահանգներում զգալի յաջողութիւնների հասած մեր հայրենակիցներից բացի, պատուիրակութեան մէջ ընդգրկուել են նաեւ ամերիկացի բժիշկներ, ովքեր հայ գործընկերների կողքին իրենց մեծագոյն ջանքն են ներդնում Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում բնակչութեան առողջութեան պահպանման ու բուժօգնութեան որակի բարելաւման ուղղութեամբ:


Նախագահը կարեւորել է այս օրերին ձեւաւորուած կապերի պահպանումը նաեւ առաքելութեան աւարտից յետոյ եւ նման այցելութիւններին պարբերական բնոյթ հաղորդելը:

ԱՄՆից ժամանած բժիշկները շնորհակալութիւն են յայտնել նախագահ Սերժ Սարգսեանին հրաւէրի եւ ջերմ հիւրընկալութեան համար՝ ընդգծելով, որ մեծագոյն հպարտութեամբ ու սիրով են իրականացնում իրենց աշխատանքը եւ ուրախ կը լինեն ապագայում եւս իրենց մասնագիտական կարողութիւններն ի սպաս դնել Հայաստանին ու հայ ժողովրդին օգտակար լինելու գործին՝ օգտագործելով նաեւ աշխարհագրական հեռաւորութիւններն անտեսող տեղեկատուական տեխնոլոգիաների ընձեռած հնարաւորութիւնները:

Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խումբը ՀՀ առողջապահութեան նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանեանի ուղեկցութեամբ այցելել են Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ յարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Նրանք եղել են նաեւ Մատենադարանում:

Տարբեր մասնագէտների 3 խումբ արդէն եղել է Արագածոտնի, Կոտայքի եւ Արմաւիրի մարզերի բժշկական կենտրոններում, ծանօթացել տեղի բուժաշխատողներին, հիւանդանոցների ապահովուածութեանը, զննել բուժում ստացողներին, ինչպէս նաեւ բժշկական օգնութիւն եւ խորհրդատուութիւններ տրամադրել նախապէս հաւաքագրուած հիւանդներին: Մշակուել է կատարուելիք վիրահատութիւնների պլան: Մասնագէտներն արդէն իսկ բժշկական օգնութիւն են ցուցաբերել 64 քաղաքացու: Յաջորդ այցերի ընթացքում ԱՄՆից ժամանած հայ եւ այլազգի բժիշկներն անհատոյց վիրահատութիւններ կը կատարեն, կը կազմակերպեն դասընթացներ:

Պերճ Աբգարեանի գլխաւորած պատուիրակութեան խմբերն առաջիկայ օրերին համանման գործունէութիւն կը ծաւալեն Շիրակի, Լոռու եւ Արարատի մարզերում:


comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement