Արցախում պատրաստւում են վերաբնակեցնել գիւղը՝ վիճակախաղի միջոցով

By Asbarez | Tuesday, 27 October 2015

 

1027lottery
ՀՐԱՆԴ ԳԱԼՍՏԵԱՆ


Արցախի ազգային վիճակախաղի երկու խաղարկութիւնների արդիւնքում 10 առանձնատուն է կառուցուել, որոնք ներքին յարդարումից յետոյ կը տրամադրուեն Արցախում բնակուել ցանկացող ընտանիքներին:

Վիճակախաղի Երեւանի գրասենեակի տնօրէն Ազատուհի Սիմոնեանը <<Հետք>>ին պատմում է, որ վիճակախաղի հիմնական նպատակը վերաբնակեցումն է: Այդ նպատակով ընտրուել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գիւղը, որը բաւականին մեծ գիւղ է եւ մինչեւ վերջերս անբարեկարգ վիճակում է եղել:
<<Այդ գիւղը վերցրել ենք որպէս թիրախ եւ արդէն 3 տարի է՝ այդ գիւղում նպատակադրուած կառուցում ենք 37 առանձնատներ, որոնցից տասը երկու տարիների խաղարկութեան արդիւնքում պատրաստ են եւ օրերս կը յանձնուեն Արցախի կառավարութեանը: Մեր պատկերացմամբ՝ Իշխանաձոր համայնքը պէտք է ունենայ 1000 բնակիչ, իր բոլոր ինֆրաստրուկտուրաներով (ենթակառոյցներով-Խմբ.), իր դպրոցով, մանկապարտէզով եւ կոմունալ բոլոր յարմարութիւններով>>, ասում է Ա. Սիմոնեանը:

Գիւղում վերաբնակեցուած մարդիկ նաեւ 1200 մետր տնամերձ հողատարածք կը ստանան՝ գիւղատնտեսութեամբ զբաղուելու համար:
Բնակարաններ գնելու ֆոնդը գոյանում է տոմսերի վաճառքից: 2000 դրամ արժեցող տոմսերը գնում են Արցախից, Հայաստանից, Սփիւռքից: Վաճառքից գոյացած գումարով կառուցւում են առանձնատները, որոնք այնուհետեւ յանձնւում են Արցախի կառավարութեանը՝ վերաբնակեցման ծրագրում ներառելու համար: Վիճակախաղը կառավարութեան նախաձեռնութիւնն է:

2013թ.ին ծրագրի մեկնարկից ի վեր 30 երկրներից գնել են 400 հազար տոմսեր: Արդիւնքում՝ ընդհանուր ֆոնդը կազմել է 350 մլն. դրամ:
Արցախի վիճակախաղի հիմնական շահումը տեղում արտադրուած գորգերն են: Ազատւհի Սիմոնեանը ասում է, որ ընկերութեան պատուէրի շնորհիւ տեղի գորգագործարաններից մէկը մշտապէս զբաղուած է: Այդ գործարանի տարբեր մասնաճիւղերում աշխատում են շուրջ 200 տեղացի կանայք: Միւս ապրանքատեսակները արցախեան թթի օղին եւ մեղրն են, որոնք, ընկերութեան ներկայացուցչի խօսքով, հաւաքագրւում են բնակիչներից, փաթեթաւորւում եւ տրամադրւում որպէս շահում:

<<Այդ առումով մենք նաեւ համարւում ենք Արցախում գործատու>>, ասում է Ազատուհի Սիմոնեանը՝ յաւելելով, որ ընկերութիւնը նաեւ Արցախի խոշոր հարկատուներից է եւ մէկ տարում Արցախի պետական բիւջէ է վճարել 80 մլն. դրամ հարկ:

Պետական վիճակախաղի երրորդ փուլը կ՛անցկացուի այս տարի՝ Դեկտեմբերի 28ին՝ ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին ընտրութիւնների օրը: Ընկերութեան ներկայացուցիչը յոյս ունի, որ այս տարուայ արդիւնքներով հնարաւոր կը լինի կառուցել եւս 10 առանձնատուն:


<<Մենք ունենք էսպիսի մի կարգախօս՝ ամէն մի 20 հազար տոմսը մէկ առանձնատուն է: Այսինքն երբ գնում են 20 հազար տոմս, մենք հասկանում ենք, որ արդէն ունենք մէկ առանձնատուն Իշխանաձորում>>, ասում է Ա. Սիմոնեանը:

<<ՀԵՏՔ>>

 


comments