«Ադրբեջանական Սադրանքներն Ուղղուած Են Խոչընդոտելու Բանակցային Գործընթացը». Էդուարդ Նալբանդեան

By Asbarez | Friday, 06 November 2015

1106edwardnalbandian
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան «Ազատութիւն» ձայնասփիւռի կայանին հետ ունեցած զրոյցին ընթացքին խօսած է Մինսկի խումբի համանախագահներուն՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ատրպէյճանի միջեւ շփման գիծը հատելու պահուն ատրպէյճանական կողմէ զինադադարի խախտումին։ Ան հաստատած է, որ նման այցելութիւններու եւ դիտարկման նախօրեակին Ատրպէյճան միշտ կը լարէ կացութիւնը սահմանին վրայ՝ աւելցնելով, որ այսպիսով ատրպէյճանական կողմէ արգելք կը հանդիսանայ բանակցային գործընթացին։

Ան հետեւեալ պատասխանը տուած է թղթակիցին. «Այդ միջադէպը տեղի ունեցաւ հրադադարի խախտումների հետաքննութեան մեխանիզմի ստեղծման վերաբերեալ եռանախագահների կողմից Ադրբեջանին ուղղուած հասցէական կոչերից օրեր անց: Բաքուն ամէն անգամ սրում է իրավիճակը Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի ժամանակ:

Ադրբեջանական սադրանքներն ուղղուած են խոչընդոտելու բանակցային գործընթացը, կասկածի տակ դնելու միջնորդական ջանքերի նպատակայարմարութիւնը: Յատկանշական է, որ տարածաշրջանային այցի արդիւնքներով իրենց կատարած յայտարարութեան մէջ Մինսկի խմբի համանախագահները այդ միջադէպը նոյնպէս կարգաւորմանն ուղղուած ջանքերը խաթարելու փորձ են որակել: Պատահական չէ նաեւ, որ սադրանքի յաջորդ օրն իսկ Ադրբեջանի նախագահը հանդէս է եկել նոր սպառնալիքներով եւ միջնորդներին ուղղուած քննադատութեամբ:

Յիշեցնեմ, որ Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ նոյն յանձնաժողովի անդամ Էլիոթ Էնգելը բաց նամակ են յղել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ æեյմս Ուորլիկին, որին միացել են 83 կոնգրէսականներ: Նամակում նրանք իրաւացիօրէն ընդգծում են, որ արհեստական հաւասարութիւն դնելը, երբ հրադադարի իւրաքանչիւր նոր խախտումից յետոյ հակամարտութեան բոլոր կողմերին ուղղւում են ուժի կիրառումից զերծ մնալու մասին ընդհանրական յայտարարութիւններ, չի կարող յանգեցնել լարուածութեան նուազեցմանը, այլ հակառակը՝ մինչ այսօր վտանգաւոր կերպով նպաստել է իրավիճակի սրմանը:

Լիայոյս ենք, որ ամերիկացի համանախագահը ոչ միայն կը հետեւի Միացեալ Նահանգների կոնգրեսականների արդարացի յորդորներին, այլեւ Մինսկի խմբի միւս համանախագահների հետ միասին գործնական քայլեր կը ձեռնարկեն կեանքի կոչելու հրադադարի խախտումների հետաքննութեան մեխանիզմի ստեղծման վերաբերեալ հէնց իրենց՝ եռանախագահների նախաձեռնութիւնը, ինչն անիմաստ կը դարձնի անհասցէ կոչերը:

Բաքուն մշտապէս մերժում է հրադադարի խախտումների հետաքննութեան մեխանիզմ ստեղծելու եռանախագահների առաջարկը, ուստի դրանց հետեւանքների ամբողջ պատասխանատուութիւնն ակնյայտօրէն ընկնում է Ադրբեջանի վրայ»:

comments